ՄամուլՏեսանյութ

ԱԱԾ-ն բերման է ենթարկել Պատրոն Դավիթին (Տեսանյութ)

ԱԱԾ-ն բերման է ենթարկել Պատրոն Դավիթին (Տեսանյութ)

ՀՀ ազգային անվտանգության ծառայության քննչական դեպարտամենտում քննվող քրեական գործի նախաքննության ընթացքում իրականացված արդյունավետ քննչական և այլ դատավարական գործողությունների շրջանակներում պարզվել է, որ արտերկրում գրանցված ընկերության խորհրդի նախագահ Դ.Գ.-ն, նախնական համաձայնության գալով նույն ընկերության տնօրեն Ա.Բ.-ի հետ, ի սկզբանե առանձնապես խոշոր չափերի գումար հափշտակելու դիտավորությամբ, ընկերության անունից ՀՀ պաշտպանության նախարարության հետ կնքել է պայմանագիր, որի համաձայն՝ ընկերությունը պարտավորություն է ստանձնել 2018 թվականի ընթացքում, ՀՀ ԶՈՒ ԳՇ կարիքների համար մատակարարել 1983-1986թթ. արտադրության հրանոթի համապատասխան տրամաչափի տեխնիկա:

Այնուհետև, օգտվելով կնքված պայմանագրի ուժով ընձեռնված հնարավորությունից, Ա. Բ.-ն և Դ. Գ.-ն ձեռնամուխ են եղել  կնքված պայմանագրի առարկային չհամապատասխանող գույքը խաբեությամբ իրացնելու և դրա դիմաց ՀՀ պաշտպանության նախարարությունից առանձնապես խոշոր չափերի գումար հափշտակելու ուղղակի դիտավորության իրագործմանը և այդ նպատակով պայմանագրով նախատեսված հրանոթի համապատասխան տրամաչափի տեխնիկայի փոխարեն, խաբեության եղանակով՝ թաքցնելով մատակարարված գույքի տակտիկատեխնիկական բնութագրին չհամապատասխանելու փաստը, մեկ միասնական դիտավորությամբ, ՊՆ-ին են մատակարարել ընդհանուր՝ 523.089.000 ՀՀ դրամին համարժեք, 1.083.000 ԱՄՆ դոլար արժեքով ավելի հին՝ 1977 թվականի Չեխական արտադրության մեկ այլ տեսակի տեխնիկա, որոնց համար դրանք մատակարարվել են, մասնավորապես՝ չեն ապահովել թիրախի խոցման հեռավորությունը, ձգաբանական բնութագրով չեն համապատասխանել ՊՆ-ի տրամադրության տակ առկա հրանոթների տեխնիկայի ձգաբանական բնութագրին և ՀՀ ԶՈՒ գործող լեռնային հրաձգության աղյուսակի պարամետրերին, հետևաբար անհնար է եղել մատակարարված կրակոցները կիրառելու դեպքում լուծել մարտական խնդիրներ, որի արդյունքում կնքված պայմանագրի հիման վրա ընկերության հաշվին է փոխանցվել առանձնապես խոշոր չափերի՝ 523.089.000 ՀՀ դրամին համարժեք, 1.083.000 ԱՄՆ դոլար՝ այդ կերպ խարդախությամբ հափշտակվել է  առանձնապես խոշոր չափերի հիշյալ գումարը:

patron davo

Առանձնապես խոշոր չափերով գումարներ հափշտակելու կասկածանքով ՀՀ ԱԱԾ քննչական դեպարտամենտ է բերման ենթարկվել մատակարար կազմակերպության խորհրդի նախագահ Դ. Գ.-ն, ով նույն օրը ներգրավվել է մեղադրյալ ՀՀ քրեական օրենսգրքի համապատասխան հոդվածի հատկանիշներով և միջնորդություն է ներկայացվել Դատարան՝ կալանավորումը որպես խափանման միջոց կիրառելու վերաբերյալ:

Նույն գործի շրջանակներում մեղադրանք է առաջադրվել նաև ընկերության տնօրենին և դարձյալ միջնորդություն է ներկայացվել Դատարան՝ խափանման միջոց կալանավորումը կիրառելու վերաբերյալ:

Ձեռնարկվում են անհրաժեշտ քննչական և այլ դատավարական գործողություններ՝ կատարված հանցագործությունների արդյունքում պետությանը պատճառված վնասը վերականգնելու, կոռուպցիոն մեխանիզմում ներգրավված անձանց ամբողջական շրջանակը պարզելու և նրանց արարքներին համապատասխան քրեաիրավական գնահատական տալու ուղղությամբ:

Հարկ է նշել, որ ՀՀ ազգային անվտանգության ծառայության քննչական դեպարտամենտում ներկայումս քննվում են նաև Դ.Գ.-ի կողմից կոռուպցիոն մեխանիզմների գործադրմամբ ՀՀ պաշտպանության նախարարությանը կատարված մատակարարումների ընթացքում թույլ տրված չարաշահումների վերաբերյալ այլ քրեական գործեր, որոնցով այս պահին իրականացվում են ակտիվ քննչական և դատավարական գործողություններ:

Տեսանյութը ստորև

Կիսվել նյութով