Մամուլ

ԱԱԾ-ն անհապաղ պետք է դուրս բերվի կառավարության ենթակայությունից. Արթուր Սաքունց

Արթուր Սաքունցն իր ֆեյսբուքյան էջում գրում է. «Տարածված տեղեկության մեջ կա մի քանի “մանր” մեղմ ասած անճշտություն: Նախ մեկ հոգի է ձերբակալված: Երկրորդ, ծառայում են ոչ թե եղբայրներ, այլ հորեղբոր տղաներ: Եվ վերջապես, վերնագիրն ակնհայտ չի համապատասխանում նույնիսկ տեքստի բովանդակությանը:

Բայց, մի քանի հարցեր:

Հարց առաջին, ԱԱԾ-ն պետք է անպայման հրապարակի տեղեկություններ կոնկրետ այս գործի վերաբերյալ, թե ինչու՞մ է մեղադրվում ՊՎԾ-ի վարչության պետը:

Հարց երկրորդ, այդ ինչպե՞ս ստացվեց, որ թավշյա հեղափոխությունից հետո ազգային անվտանգության ծառայության որևէ աշխատակցի կողմից կոռուպցիոն հանցագործության վերաբերյալ բացահայտում չի եղել:

Հանկարծ չասեք, թե հրեշտակներ են ԱԱԾ-ի բոլոր ծառայողները: Հակառակ պարագայում, այնպիսի տպավորություն եք ուզում ստեղծել, թե նախկին կոռուպցիոն համակարգի պայմաններում ԱԱԾ-ն մնացել էր սրբերի դարբնոցը: Նման իրողությունը, կամ ավելի ճիշտ չփոփոխված իրողությունը, մեղմ ասած վիրավորանք է ողջամտության նկատմամբ:

Եվ վերջապես հարց, կամ ավելի ճիշտ պնդում երրորդ, արդյո՞ք ԱԱԾ-ն չի դառնում սուպերվարչապետական կառավարման սուպեր պետական մարմին:

ԱԱԾ-ն անպայման, առանց հապաղման պետք է դուրս բերվի կառավարության ենթակայությունից և ձևակերպվի որպես անկախ պետական մարմին և սահմանվի անմիջական պառլամենտական արդյունավետ վերահսկողություն նրա նկատմամբ:

Այս մասին, բազմիցս ենք պահանջել, հայտարարել, հիմնավորել, առաջարկել:

Անվերահսկելի ու սուպեր պետական ինստիտուտները չեն կարող գոյություն ունենալ ժողովրդավարական և իրավական պետությունում, որտեղ պետք է իրացված լինի իշխանությունների տարանջատման և փոխզսպման սկզբունքը»:

Կիսվել նյութով