Մամուլ

Ռոստովցի հայ գործարարի սպանությունը պատվիրել է մեկ այլ հայ

5 տարի առաջ կատարված սպանության փորձի նախաքննությունն ավարտվել է։ Քննությամբ հաստատվել է` սպանությունը պատվիրված է եղել։

Հայ քննիչները բացահայտել են Ռոստովցի հայ գործարարի սպանությունը 5 տարի առաջ։

Այս մասին հայտնեցին մեզ ՀՀ քննչական կոմիտեի մամուլի ծառայությունից։ Քննությամբ ապացուցվել է, որ գործարար Արմայիս Ջոմարդյանի սպանությունը պատվիրել է ռոստովցի մեկ այլ հայ։ Ռոստովցի հայ գործարարի սպանությունը պատվիրել է Երևանում բնակվող, 1975թ. ծնված տղամարդու։

Վերջինը 2013 թվականի հունվարին մեկնել է Դոնի Ռոստով։ Պատվիրատուն մշակել է գործարարի սպանության ծրագիրը, և յուրաքանչյուր մասնակցի վերապահվել է կոնկրետ դերակատարում: Մշակված ծրագրի համաձայն՝ Արմայիս Ջոմարդյանի սպանության կատարմանը մասնակցել են 3 անձ՝ պատվիրատուն, անմիջական կատարողը և օժանդակողը, որը պետք է հետևեր Ջոմարդյանի տեղաշարժին և նրա գտնվելու վայրի մասին տեղեկացներ պատվիրատուին և կատարողին։

Սպանությունը կատարողին Դոնի Ռոստովում ապահովել են բնակարանով, բջջային հեռախոսներով, «ՎԱԶ-2109» մակնիշի ավտոմեքենայով, որով նա պետք է հեռանար հանցագործության վայրից, իսկ մինչ այդ կազմակերպված խմբի երրորդ անդամը` օժանդակողը, ավտոմեքենան թաքցրել է Ռոստովի մարզի գյուղերից մեկում:

Քրեական գործով ձեռք բերված տվյալների համաձայն՝ 2013 թվականի փետրվարի 25-ին, օժանդակողը, նկատելով, որ Արմայիս Ջոմարդյանն իր «Լեքսուս 470» մակնիշի ավտոմեքենան կայանել է Դոնի Ռոստով քաղաքի Բուդյոննովսկի պողոտայի 101 շենքի մոտ և միայնակ քայլել դեպի «Խնայբանկ», ժամը 18:40-ի սահմաններում զանգահարել և այդ մասին հայտնել է պատվիրատուին, որը կատարողի հետ անմիջապես ուղևորվել է նշված վայրը։

Վերջինս զինված է եղել Մակարով տեսակի ատրճանակով, իսկ պատվիրատուն՝ 9 մմ տրամաչափի «ՊՄ» փամփուշտներով կրակոցներ արձակելու համար հարմարեցված հրազենով: Կատարողը դարանակալած սպասել է գործարարին և «Մակարով» տեսակի ատրճանակից 7 կրակոց է արձակել «Լեքսուս 470» մակնիշի ավտոմեքենային մոտեցող Արմայիս Ջոմարդյանի ուղղությամբ, որը ինքնապաշտպանության նպատակով «WASP R» տրավմատիկ ատրճանակից պատասխան կրակոցներ է արձակել։ Տղամարդը փախել է և չի կարողացել ավարտին հասցնել սպանության ծրագիրը։

Քննության տվյալներով՝ կատարվող իրադարձություններին հետևել է մոտակայքում գտնվող պատվիրատուն։ Նա տեսել է, որ վիրավորված Արմայիս Ջոմարդյանը ճամփեզրին փորձում է կանգնեցնել պատահական ավտոմեքենաներ, ավտոմեքենայով մոտեցել է և իր մոտ գտնվող հրազենից 3 կրակոց արձակել նրա ուղղությամբ, ապա՝ ավտոմեքենայով դիմել փախուստի: Գործարարը ստացել է կյանքի համար վտանգավոր վիրավորում` ստամոքսի, բարակ և հաստ աղիքների վնասումով, ենթաստամոքսային գեղձի տրավմատիկ կոնտուզիայով:

Դրանից բացի, Արմայիս Ջոմարդյանը հրազենային վնասվածքներ է ստացել նաև ձեռքերին։ Նրա կյանքը հաջողվել է փրկել։ Սպանության փորձի համար մեղադրվող և հետախուզման մեջ գտնվող տղամարդը հայտնաբերվել է Երևանում և կալանավորվել։ Քրեական գործի նախաքննությունն ավարտվել է։ Այն առաջիկայում կներկայացվի դատական քննության։

Կիսվել նյութով