Պարզվել է Ուշիի ոլորաններում ողբերգական ավտովթարի հետևանքով 3 մահացածների և 4 վիրավորների ինքնությունը

Պարզվել է Ուշիի ոլորաններում ողբերգական ավտովթարի հետևանքով 3 մահացածների և 4 վիրավորների ինքնությունը

Shamshyan.com-ը գրում է․ Հայաստանի քննչական կոմիտեի Արագածոտնի մարզային քննչական վարչության հատկապես կարևոր գործերով ավագ քննիչ Ստեփան Սուքիասյանի որոշմամբ հարուցված քրեական գործի շրջանակում պարզվել է օգոստոսի 9-ին Արագածոտնի մարզում տեղի ունեցած խոշոր ավտովթարի հետևանքով վարորդների, մահացածների և վիրավորների ինքնությունը։

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, պարզվել է՝ ռուսական համարանիշներով «Ֆրիգիտլիներ» մակնիշի բեռնատարը, որի վրա եղել է կցորդիչ, վարել է Ռուսաստանի Դաշնության քաղաքացի՝ 38-ամյա Արթուր Ջաբիևը։

Իսկ Opel-ը վարել է Արթիկ քաղաքի բնակիչ՝ 59-ամյա Աշոտ Քոչարյանը։ Վթարի հետևանքով Opel-ի վարորդ Ա. Քոչարյանը, նրա ուղևորներ՝ Արթիկ քաղաքի բնակիչներ, 74-ամյա Սամվել Հաջաթյանն ու 69-ամյա Անիչկա Հաջաթյանը տեղում մահացել են, իսկ ուղևորներ՝ Արթիկ քաղաքի բնակիչ, 26-ամյա Արման Մաթևոսյանը, Երևանի բնակիչ՝ 50-ամյա Արմենուհի Բաղդասարյանը և բեռնատարի վարորդ Ա. Ջաբիևը մարմնական վնասվածքներով տեղափոխվել են «Աշտարակ» ԲԿ, որտեղից էլ՝ Երևանի «Արմենիա» ԲԿ։

Ինչպես ավելի վաղ դեպքի վայրից հայտնել էր ֆոտոլրագրողը, օգոստոսի 9-ին խոշոր ու ողբերգական ավտովթար էր տեղի ունեցել Արագածոտնի մարզում։ Ժամը 08։30-ի սահմաններում Երևան-Աշտարակ ավտոճանապարհի 45 կմ հատվածում՝ Ուշիի ոլորաններում, բախվել էին Opel-ն և ռուսական համարանիշներով բեռնատարը։

Վթարի հետևանքով 3 հոգի տեղում մահացել էր, 3 հոգի էլ տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներով տեղափոխվել էր «Աշտարակ» ԲԿ։ Վիրավորներին առաջինը օգնության էին հասել գյուղացիները, այնուհետև օպերատիվորեն ժամանած Աշտարակի թիվ 19 հրշեջ-փրկարարական ջոկատի հրշեջ փրկարարները։ Մահացածներին ավտոմեքենայից դուրս էին բերել փրկարարները՝ օգտագործելով հատուկ տեխնիկա։

Դեպքի վայր էին ժամանել ոստիկանության Արագածոտնի մարզային վարչության պետ Տիգրան Կարապետյանը, ոստիկանության Աշտարակի բաժնի պետի ժամանակավոր պաշտոնակատար Հուսիկ Հովհաննիսյանն ու քրեական հետախուզության բաժանմունքի ավագ օպերլիազոր Շանթ Գդոյանը։

Ժամանել էին նաև ճանապարհային ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի՝ Արագածոտնի մարզը սպասարկող սպայական դասակի ծառայողները՝ ՀՀ ՃՈ պետի տեղակալ Նորիկ Սարգսյանի, գումարտակի հրամանատար Արսեն Մարդոյանի, գումարտակի հրամանատարի տեղակալ Արամ Ադիբեկյանի գլխավորությամբ։

Վթարի մասին ՃՈ 1-77 օպերատիվ կառավարման կենտրոնի պատասխանատու հերթապահ Դավիթ Գրիգորյանը տեղեկությունը փոխանցել էր Հայաստանի քննչական կոմիտեի Արագածոտնի մարզային քննչական վարչություն, որտեղից ժամանել էր քննչական խումբը՝ վարչության պետ Հովհաննես Խաչատրյանի  և հատկապես կարևոր գործերով ավագ քննիչներ Ստեփան Սուքիասյանի, Հովսեփ Հովհաննիսյանի և Կարեն Համբարձումյանի գլխավորությամբ։

Տեղում քննչական աշխատանքները ղեկավարող Ս. Սուքիասյանի որոշմամբ նախաձեռնվել էր քրեական վարույթ։

Ոստիկանությունն ու քննչական վարչությունը պարզում էին վարորդների, մահացածների և վիրավորների ինքնությունը։  Ֆոտոլրագրողը հայտնել էր, որ բախման հետևանքով 2 ավտոմեքենաները դուրս էին եկել երթևեկելի գոտուց, բախվել երկաթբետոնե արգելապատնեշներին և 200 մետրից ավելի հայտնվել 3 բնակիչների սեփական տան այգիներում։