Մամուլ

«Պատժե՛լ հայկական բանակի սպայի վրա ձեռք բարձրացնող արտոնյալներին»․ Ժիրայր Սեֆիլյան

Շուշիի առանձնակի գումարտակի հրամանատար, «Սասնա Ծռեր» համահայկական կուսակցության պատվավոր ներկայացուցիչ Ժիրայր Սեֆիլյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Պատժե՛լ հայկական բանակի սպայի վրա ձեռք բարձրացնող արտոնյալներին:

Ս.թ. սեպտեմբերի 17-ին Եղեգնաձորում ՀՀ ԶՈՒ սպա, փոխգնդապետ Արա Մխիթարյանին դաժանաբար ծեծելով մահվան դուռը հասցնելու դեպքն ակամա զուգահեռներ առաջացրեց Հարսնաքար ռեստորանի մոտ 2012 թ. հունիսի 17-ին ռազմական բժիշկ, մայոր Վահե Ավետյանին ծեծելով սպանելու դեպքի հետ:

Զուգահեռի պատճառը ոչ միայն համանման հանգամանքներում սպային խմբով մահու չափ ծեծելու երևույթն էր, այլև ծեծողների առնչությունը իշխանության հետ: Առաջին դեպքում դրանք օդիոզ օլիգարխ, ՀՀԿ-ական բանդայի կարկառուն ներկայացուցիչ Ռուբեն Հայրապետյանի շրջանակից էին, իսկ այս դեպքում՝ իշխանության առաջին էշելոնի անդամ Վայոց Ձորի մարզպետ Տրդատ Սարգսյանի:

Սակայն, նկատի ունենալով երկրում տեղի ունեցած փոփոխությունները՝ որոշեցինք սպասել գործող իշխանության, մասնավորապես՝ իրավապահպան մարմինների քայլերին:

Հետագա օրերի ընթացքը ցույց տվեց, որ սայլը տեղից չի շարժվում և կարծես թե նույն ձեռագիրն է աշխատում:

Վայոց Ձորի մարզպետը, որ շրջանառվող տեղեկությունների համաձայն՝ հիմնավոր կասկածի մակարդակում առնվազն առնչություն ունի դեպքի հետ, ոչ միայն չի դատապարտում տեղի ունեցածը, այլև գրեթե հոխորտաբարո կեցվածքով հարցազրույցներ է տալիս, մինչդեռ վարչապետը դեռևս որևէ հետևություն չի անում և հանդուրժում է նրան իր պաշտոնում:

Իսկ իրավապահպան մարմինները ծեծին մասնակցածներից դեռևս միայն մարզպետի օգնականին են մեղադրանք առաջադրել ու կալանավորել։ Մյուսներին իբրև թե դեռ չեն կարողանում բացահայտել: Ընդ որում՝ ինչպես հուշում են մասնագետները, նրանք կիրառում են Վահե Ավետյանի գործով արդեն փորձարկված տարբերակը և արարքը որպես կանխամտածված, ալտերնատիվ հասարակ դիտավորությամբ ծանրացուցիչ հանգամանքներում կատարված սպանության փորձ (Վահե Ավետյանի դեպքում՝ սպանություն) որակելու փոխարեն Վայոց Ձորի մարզպետի օգնականին ընդամենը ներկայացնում են ծանր մարմնական վնասվածք հասցնելու մեղադրանք:

Եթե համարում ենք, որ անցել են ազգադավ ու հանցավոր ռեժիմի ժամանակները և Նոր Հայաստան ենք կառուցում, ապա մարդու, քաղաքացու, ՀՀ Զինված Ուժերի սպայի նկատմամբ դաժան բռնությունը, հատկապես, եթե դա կատարել են իշխանության կամ մերձիշխանական շրջանակի ներկայացուցիչները, պետք է խստագույնս պատժվի իրավական առումով և մերժվի ու արմատախիլ արվի առաջին հերթին իշխանության դատապարտող վարքագծով և ձեռնարկած արդյունավետ միջոցներով: Արտոնյալությունն ու անպատժելիությունը պետք է բացառվեն:

Շատ եմ ափսոսում, որ իշխանությունը լուռ է և անգործություն է ցուցաբերում, իսկ իրավապահպան մարմինները նախկինի նման ձգտում են արդարացնել ու փրկել նրա ներկայացուցչին: Մենք տեսնում ենք, որ բռնության դեմ առիթ-անառիթ կատարվող հայտարարությունները որևէ արդյունք չեն տալիս, քանի որ կյանքում նախկինի նման հակառակն է կատարվում:

Իշխանությանը չի ցնցում և չի սթափեցնում անգամ այն հանգամանքը, որ ստահակները ձեռք են բարձրացրել Հայկական բանակի սպայի վրա, որ ազգի գոյության ու արժապատվության պահապան-խորհրդանիշն է: Նրա ներկայացուցիչները չեն գիտակցում, որ, այսպես շարունակվելու դեպքում, իրենք էլ կարող են խրվել բռնապետության և ազգուրացության նույն ճահճի մեջ:

Դատապարտելով տեղի ունեցածը՝ ՀՀ իշխանությանը հորդորում ենք անհապաղ ու վճռական քայլերով դուրս գալ այս աղետալի ընթացքից և, մասնավորապես՝
1) հրապարակավ դատապարտել տեղի ունեցածը և զբաղեցրած պաշտոնից հեռացնել Վայոց Ձորի մարզպետին,

2) կատարել ՀՀ ԶՈՒ սպա Արա Մխիթարյանի նկատմամբ մահափորձի լրիվ, բազմակողմանի և օբյեկտիվ քննություն՝ առաջին հերթին քրեական օրենքին համապատասխան որակելով արարքը և բացահայտել ու պատասխանատվության կանչելով բոլոր մեղավորներին,

3) վերանայել Վահե Ավետյանի սպանության գործը և օրենքին համապատասխան չափով ու ձևով պատասխանատվության կանչել բոլոր մեղավորներին, այդ թվում և առաջին հերթին՝ Ռուբեն Հայրապետյանին»:

Կիսվել էջում