ՄամուլՏեսանյութ

Ուժեղացված ծառայություն Շիրակում․ բաժիններ է բերվել 129 անձ, այդ թվում՝ «օրենքով գող». Տեսանյութ

Ոստիկանության մամուլի բաժնից տեղեկանում ենք, որ արդեն շուրջ 10-ը օր ոստիկանության մարզերը սպասարկող ստորաբաժանումներն անցել են շուրջօրյա ուժեղացված ծառայության՝ առաջնորդվելով ոստիկանության պետ Վալերիյ Օսիպյանի հանձնարարականի պահանջներով։

Նպատակը նույնն է՝ հասարակական կարգի պահպանություն, երթևեկության անվտանգություն, հանցագործությունների և իրավախախտումների կանխում ու բացահայտում։

Ամփոփ ներկայացնենք Շիրակի ոստիկանների ծառայության արդյունքը։ Ուժեղացված ծառայությունը պատշաճ իրականացնելու նպատակով կազմվել են 70 պարեկախմբեր։ Դրանցից 45-ը շրջել են մեքենաներով, 25-ը՝ հետիոտն։

Ուժեղացված ծառայությանը ներգրավվել է 364 ոստիկան՝ մարզային վարչության տարածքային բաժիններից, մարզը սպասարկող ճանապարհային ոստիկանության ստորաբաժանումից, ինչպես և պետական պահպանության գլխավոր վարչության Շիրակի մարզի բաժիններից։ Ոստիկանները գործել են օրինախախտների նկատմամբ ներողամտություն ու հանդուրժողականություն չցուցաբերելով։

Արդյունքում տարբեր կասկածանքներով, ինչպես և ոստիկանների օրինական պահանջները չկատարելու կամ դիմադրություն ցույց տալու համար Մուշի, Կումայրիի, Ախուրյանի, Ամասիայի, Աշոցքի, Անիի և Արթիկի բաժիններ բերման է ենթարկվել ու բերվել 129 անձ, այդ թվում՝ Գյումրիում ապրող, այսպես կոչված՝ «օրենքով գող», 10-ից ավելի քրեական հեղինակություն, նախկինում առանձնապես ծանր և ծանր հանցագործությունների մեղադրանքով դատապարտված անձինք։

Նրանց հետ տարվել են համապատասխան պրոֆիլակտիկ աշխատանքներ։ Ուժեղացված ծառայության շրջանակներում Շիրակի ոստիկանները ստուգել են 640-ից ավելի ավտոմեքենա և քրեական հեղինակությունների 14 բնակարան։ 
Ճանապարհային ոստիկանության պահպանվող հատուկ տարածքներ է տեղափոխվել 16 տրանսպորտային միջոց, որոնց վարորդներն իրենց գործողություններով վտանգել են երթևեկության մյուս մասնակիցնների կյանքն ու առողջությունը։

Նրանցից 11 վարորդ մեքենա վարելու իրավունք չի ունեցել, 2-ն էլ եղել են ալկոհոլ օգտագործած վիճակում։ ճանապարհային երթևեկության տարբեր կանոնների խախտման փաստերով կազմվել է 106 արձանագրություն։ Հասարակական անվտանգությամբ մտահոգ՝ ոստիկանության Շիրակի մարզային վարչության և ենթակա ստորաբաժանումների ծառայողները, ոստիկանության պետի հանձնարարականի համաձայն, մշտապես իրականացնելու են ուժեղացված նմանօրինակ ծառայություններ՝ հսկողության տակ պահելով բոլոր օրինախախտներին։

Կիսվեք էջում