ՄամուլՇոու-բիզնես

«Ուզում եմ` մեր առաջին տղայի անունը Մոնթե դնենք»․ Արցախ այցելելուց հետո Արիանա Կաոիլիի երազանքներից մեկն էր

«Ուզում եմ` մեր առաջին տղայի անունը Մոնթե դնենք»․ Արցախ այցելելուց հետո Արիանա Կաոիլիի երազանքներից մեկն էր

Ձեզ ենք ներկայացնում Արիանա Կաոիլիի՝ 2016 թ․-ին «Ճամփորդ»-ում հրապարակված հոդվածը, որ գրել էր ինքն անձամբ Արցախ այցելելուց հետո․

«Ինչ-որ մի պահի, երբ մեքենան իջնում է լեռնալանջի ասֆալտով կամ կիրճի գլխով անցնող ոլորանով, անսպասելի, անակնկալ, առանց զգուշացնելու Ղարաբաղը ներխուժում է քո տարածք:

Այդ պահը միայն պատահականորեն կարող է համընկնել «Ազատ Արցախը ողջունում է ձեզ» ցուցանակի հայտնվելու հետ: Այն կապ չունի նաև գծված ու չգծված, ճանաչված ու անճանաչ սահմանների հետ:

Ղարաբաղը սկսվում է այնտեղ, ուր կրծքիդ ձեռքի ափը զգուշորեն դնելուն պես հանկարծ զգում ես արցախյան ոգու ծփանքը:

Զարմանալի հանդարտություն ունի իր մեջ այս երկիրը: Այն սկսվում է նրա ժայռոտ գագաթներին ու լեռների անտառածածկ մարմիններում, տարածվում է խոնավ դաշտերի կանաչ բերրիության մեջ, թանձրանում է նրա քաղցր թթաստաններում և ամբարվում է ճյուղերն արմատների պես երկինքները խրած պտղաբեր այգիներում:

Այդ հանդարտության մեջ, երբեք չերևալով ամբողջությամբ, աննկատ, անորսալի շարժումներով, օձի պես հանգիստ ու վտանգավոր, իր լոգանքն է ընդունում պատերազմի մառախուղը: Դու գիտես՝ բավական է մի անզգույշ շարժում, և այդ փափուկ օձը ակնթարթարեն վերածվելու է պողպատե շառաչուն հանդերձանքով վիշապի, և մառախուղը դառնալու է քարեղեն…

Այս պատերազմը, դրան ծնունդ տվող, դրա շուրջ ծավալվող քաղաքական ու տնտեսական իրողությունները վերլուծում են գրեթե բոլորը: Դրանք գործնական ու կարևոր վերլուծություններ են, անշուշտ, սակայն ինձ համար այս ամենի մեջ ամենակարևորը ոգին է:

Նորից ստիպված եմ կրկնել՝ ես ռոմանտիկ «ախցիկ» չեմ, ես խիստ պրագմատիկ մարդ եմ, շախմատիստ, տնտեսագետ-վերլուծաբան և ասում եմ՝ այս պատերազմի մեջ ամենազարմանալին, հաղթանակի ամենալուրջ գրավականը, մեր անխոցելի, չսպառվող առավելությունը ոգին է:

Յուրաքանչյուր արցախցի գիտի, որ պատերազմն արթուն է, անգամ եթե ոչ մի կրակոց չկա, և ինքն էլ է արթուն ու պատրաստ: Իսկ արհավիրքի ամենաթեժ պահին նա ապրում է անբացատրելի, տարօրինակ մի ոգևորություն, որ սահմանակից է, խորթ թող չհնչի, երջանկությանը. ողջ լինելու երջանկությանը, հաղթելու երջանկությանը, իրենց ծնողներին, եղբայրներին, զավակներին, անպարտելի, հզոր տեսնելու երջանկությանը:

Ես լավ հասկանում եմ այս զգացողությունը, որի աղբյուրն, ի դեպ, ճշգրտորեն ու հիանալի ձևակերպել է իմ կուռքերից մեկը՝ Մարտին Լյութեր Քինգը. «Եթե կյանքումդ չես գտել մի բան, որի համար կարելի է մեռնել, ապա ի՜նչ արժեք ունի կյանքդ»»:

… Երկար, հոգնեցուցիչ, բացառիկ լեցուն աշխատանքային օրը ավարտվել էր արդեն, և մենք գնում էինք մարտունեցի Առուստամյան Նաիրիենց տուն՝ խորոված ուտելու: Նաիրին, ժպտերես, ծիծաղկոտ Նաիրին, ում մտերիմները «Նաիրիկ» են ասում, որ դեռևս պատանի, անչափահաս, մասնակցել է ղարաբաղյան առաջին պատերազմին:

Մարտունու հերոսական «Երրորդ պաշտպանականի» հին ու նոր տղաները, որոնք այսօր էլ շարունակում են ապրել իրենց լեգենդար հրամանատար Ավոյի՝ Մոնթե Մելքոնյանի կենդանի գոյության հետ: Մենք՝ Ղարաբաղի ոգով արբած…

Սեղան ենք նստում Նաիրիկենց տանը: Այն նույն տանը, որի նկուղում առաջին պատերազմի օրերին հրետակոծությունից ապաստան էին գտել Նաիրիկի հայրն ու մայրն իրենց հարևանների հետ:

Գրադի արկը մտել էր տան պարսպի դարպասով, ապա մտել էր նկուղու դռնով և սպանել էր այնտեղ պատսպարված 9 հոգուն էլ՝ տանտերերին՝ Նաիրիկի ծնողներին, և նրանց հարևաններին: Տան միակ արու զավակը՝ տակավին անչափահաս Նաիրին, այդ ժամանակ մարտի դաշտում էր, մի քանի կիլոմետր այն կողմ:

Մենք վայելում ենք ուրախ ու աշխույժ խոսքուզրույցը, մենք վայելում ենք ղարաբաղյան հիանալի խորովածը, հեռախոսս զանգում է.

– Հը, ո՞նց է Ղարաբաղը,- հեռուներից գալիս է Լևոնի ձայնը…

– Ուզում եմ մեր առաջին տղայի անունը Մոնթե դնենք, ի՞նչ կասես,- ասում եմ ես:

Սիրով՝ ձեր Արիանա»։

Կիսվեք էջում