Ողբերգական վթարից մահացած Հրանտ Գասպարյանի ծնողները խնդրում են կրտսեր որդուն վաղաժամկետ զորացրել
Նոյեմբերի 7-ին ողբերգական ավտովթարից մահացած զինծառայող Հրանտ Գասպարյանի ծնողները դիմել են ՀՀ պաշտպանության նախարարություն, որպեսզի նրանց կրտսեր որդին՝ Նարեկը, վաղաժամկետ զորացրվի:
Ավագ որդու դեպքից հետո ծնողները չեն ցանկանում որդուն կրկին բանակ ճանապարհել, այն էլ այն զորամասում, որտեղ եղբոր հետ ծառայել է:
20-ամյա Հրանտ Գասպարյանը Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի բնակիչ էր, նա սույն թվականի հունվարին պետք է զորացրվեր: Ողբերգական դեպքը տեղի էր ունեցել Որոտան-Խնձորեսկ ավտոճանապարհին. զինծառայողներին տեղափոխող «Կամազ» մակնիշի ավտոմեքենան դուրս էր եկել երթեւեկելի մասից եւ շրջվել ձորը:
Այդ օրը Հրանտ Գասպարյանի եղբոր՝ Նարեկի ծննդյան օրն էր. նա զորամասում սպասելիս է եղել եղբորը, որպեսզի Հրանտը Կուբաթլուից գա, կարճատեւ արձակուրդ վերցնեն ու նշեն ծննդյան տարեդարձը, սակայն կեսօրին գուժել են եղբոր մահվան մասին: Եղբոր հուղարկավորությանը մասնակցելու համար Նարեկ Գասպարյանին 10-օրյա արձակուրդ են տվել, արձակուրդը նոյեմբերի 16-ին լրացել է եւ հայրը՝ Արայիկ Գասպարյանը, դիմել է, որպեսզի կրկին երկարաձգեն որդու արձակուրդը, ինչն էլ արվել է:
«Խնդիրն այն է, որ նույն զորամասում են եղբայրներով ծառայել, կրտսեր տղայիս մնացել է մեկ տարի գրեթե, իմ խնդրանք է, որպեսզի տղայիս ծառայությունը համարեն ավարտված եւ մեկ տարի շուտ զորացրեն, գոնե միջամտեն՝ այս հարցին լուծում տրվի: Մեր վիճակը հիմա շատ վատ է, երեխան նույնպես սթրես է տանում, մեր հույսը էս որդին է, էս մի որդին մեզ մնաց»,- մեր զրույցում ասաց զինծառայողի հայրը՝ Արայիկ Գասպարյանը:
Վերջինս համաձայն է ողբերգական վթարից մահացած, «Կամազ» մակնիշի մեքենայի վարորդ Էդգար Հունանյանի ծնողների այն հայտարարություններին, որ մեքենան անսարք է եղել: Նրա խոսքով՝ մեքենայի անսարք լինելու մասին վկայում են անգամ Քննչական կոմիտեի տարածած լուսանկարները՝ հատկապես անիվների անսարք լինելու մասին են վկայում:
«Բոլոր պատասխանատու անձինք պետք է քրեական պատասխանատվության ենթարկվեն: 18-20 տարեկան երեխային դնում են մեքենայի ղեկին, հրամայում են, որ մեքենա վարի, էն դեպքում, երբ ինքն ասել է, որ էդ անսարք մեքենան չի վարի, հո պարտադրելով չէ՞ր, բա որ 22 զինծառայողներն էլ տենց լինեին, ո՞նց պետք է լիներ: Դեպքից 2-3 օր առաջ այցելել էինք Հրանտին, ասեց, որ էլի պետք ա գնան Կուբաթլու, բայց երեք-չորս օր առաջ էին նույն տեղից եկել, էլի տանում էին: Սպաների անփութության պատճառով է եղել դեպքը: Ի՞նչ գործ ուներ «Կամազ» մեջ զենքեր, երկաթներ, կոյկաներ. ե՛ւ բեռնատար է եղել ե՛ւ մարդատա՞ր:
Պիտի մարդատարն առանձին լիներ, բեռնատարը՝ առաձնին, զենքերն ու կոյկաները առանձին մեքենայով պիտի բերեին, կարտոշկի պես լցել են մեջն ու տարել: 2 ամսից երեխեքը գալու էին տուն, ախր էդ երեխեքը նոր էին եկել, նորից ինչի՞ էիք ուղարկում, թողեիք էդ երեխեքը հանգիստ իրենց համար էդ երկու ամիսը ծառայեին, հասնեին իրենց ծնողներին»,- մեր զրույցում պատմեց զինծառայողի հայրը:
Դեպքի առթիվ հարուցված քրեական գործի շրջանակում զինծառայողի ծնողներին կանչել են վարույթն իրականացնող մարմնին՝ իրավահաջորդ ճանաչելու համար: Թե ինչ փուլում է նախաքննությունը, նրանք տեղյակ չեն: «Ես գիտեմ, որ էնտեղ լավ ճանապարհ էլ կա, քարտեզով եմ նայել, 10 լիտր սալյարկի խաթր չեն ուզում նորմալ ճանապարհով տանեն երեխեքին, տանում են վատ ճանապարհով՝ ավելի կարճ ու վատ: Գումարները գրպաններն են դնում, ինչ են անում, ամենավատ ճանապարհներով են երեխեքին տանում»,- նկատեց Արայիկ Գասպարյանը:
Այժմ ծնողները սպասում են Պաշտպանության նախարարության պատասխանին: Հրանտ Գասպարյանի մայրը՝ տիկին Քրիստինեն, մեր զրույցում պնդեց, որ թույլ չի տալու, որպեսզի կրտսեր որդուն արձակուրդից հետո տանեն բանակ. «Կարգին երեխա եմ ուղարկել, նկարն են բերել, հիմա էլ շորերը պիտի բերե՞ն, ես թույլ չեմ տալու տանեն»,- ասաց նա: Արայիկ Գասպարյանը հավելեց, որ եթե իմանան՝ պատերազմ է, բոլորով կգնան, կկանգնեն զինծառայողների կողքին: «Մենք Հրանտի հետ կապված շատ նպատակներ ունեինք:
Անգամ առաջարկել էին, որ զորացրվելուց հետո ծառայի պայմանագրային հիմունքներով, բայց Հրանտս ասել էր, որ կգա, ծնողների հետ կխորհդակցի, ըհը խնդրեմ՝ չհասցրեց երեխեն գա: Որդիս շատ լավ, խելոք զինծառայող էր: Լավ, հիմա կրստեր որդիս գնաց ծառայեց, բա հետո վիճակը ո՞նց է լինելու, կարող է սթրեսային վիճակից վիճաբանություն լինի… էլ երեխա չունեմ տալու, թողեք գոնե էդ երեխով ուրախանանք, վայելենք էդ երեխու ներկայությունը»,- նշեց որդեկորույս հայրը:
Ողբերգական վթարից հետո նշանակված ծառայողական քննության արդյունքում աշխատանքից ազատվել եւ խիստ նկատողություն են ստացել մի շարք պատասխանատու հրամանատարներ: Այդ մասին տեղեկացրել էր ՊՆ մամուլի խոսնակ Արծրուն Հովհաննիսյանը: «Նախարարի հրամանով՝ զինվորական ծառայությունից ազատվել են 1-ին տանկային վաշտի տանկային դասակի հրամանատար, ավագ լեյտենանտ Գ.Մ.-ն, ՀՀ ՊՆ N զորամասի ավտոմոբիլային ծառայության պետ մայոր Մ.Ա.-ն, ՀՀ ՊՆ N զորամասի 4-րդ զրահատանկային գումարտակի հրամանատարի սպառազինության գծով տեղակալ կապիտան Շ. Ա.-ն, ՀՀ ՊՆ N զորամասի 4 զրահատանկային գումարտակի նախկին հրամանատար մայոր Ս.Բ.-ն»,- գրել է նա: Հրանտ Գասպարյանի ծնողները, սակայն, ազատվածներին չեն ճանաչում, բայց պնդում են, որ մինչեւ վերջ պահանջելու են, որպեսզի բոլոր պատասխանատուները պատժվեն:
Զինծառայողի ծնողները բնակվում են մեկ սենյականոց կիսանորոգված բնակարանում. Հրանտ Գասպարյանի նպատակներից մեկն այն էր, որպեսզի բանակից վերադառանար ու նորոգեր այն: Այժմ սենյակի մի անկյունում Հրանտ Գասպարյանի լուսանկարն էր դրված, զինվորական գլխարկը, մեդալները, շնորհակալագրերն ու պատվոգրերը:
Վթարի հետեւանքով զոհվել է եւս երեք զինծառայող՝ Դավիթ Մելքոնյանը, Հայրապետ Նարինյանը եւ Էդգար Հունանյանը: 4-ն էլ մի քանի ամսից զորացրվելու էին: Դեպքի առթիվ հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 377-րդ հոդվածի 3-րդ մասով (Մարտական, հատուկ կամ տրանսպորտային մեքենաներ վարելու կամ շահագործելու կանոնները խախտելը, որն անզգուշությամբ առաջացրել է երկու կամ ավելի անձանց մահ): Հարուցված քրեական գործի շրջանակում, ակայն, դեռ ձերբակալված կամ կալանավորված անձինք չկան: ՀՀ քննչական կոմիտեի նախագահի խորհրդական Սոնա Տռուզյանը մեր հարցին ի պատասխան միայն ասաց, որ նախաքննությունը շարունակվում է, քննության արդյունքների մասին կտեղեկացնեն ավելի ուշ:
Աղբյուր Armtimes.com