Մամուլ

Շտապօգնությունը նախատեսում է ծառայություն մատուցել նաև մոպեդներով

Շտապօգնությունը նախատեսում է ծառայություն մատուցել նաև մոպեդներով

Այս մասին Երևանի քաղաքապետարանի գործակարգավարական նիստի ընթացքում ասաց առողջապահության վարչության պետի պաշտոնակատար Դավիթ Կարապետյանը:

«Առաջիկայում նախատեսում ենք ծառայություն մատուցել նաև մոպեդներով: Իհարկե, այստեղ աշխատանք ունենք անելու և համապատասխան մասնագետներ գտնելու, որոնք կունենան համապատասխան կրթություն և կարողանան վարել մոպեդ:

Նրանք ծառայություն կմատուցեն ոչ թե հիվանդանոցային պայմաններում բուժման իրականացում պահանջող դեպքերին, այլ միայն առաջին բուժօգնության սահմաններում»,-ասաց նա:

Դավիթ Կարապետյանը նշեց, որ հունվարի առաջին 18 օրվա ընթացքում շտապ բուժօգնության ծառայության կողմից իրականացվել է 19595 կանչ, որը նախորդ տարվա համեմատությամբ 2423 կանչով կամ 14 տոկոսով ավելի է:

Կարապետյանը տեղեկացրեց, որ կանչերը 11 տոկոսով ավելացել էին դեռ 2023 թվականի դեկտեմբերին: Կանչերի ընդհանուր թիվը դեկտեմբերին եղել է 26854:

 Անդրադառնալով շտապօգնության չափորոշիչները հաստատելու մասին հարցին՝ նա ընդգծեց, որ յուրաքանչյուր 20 հազար բնակչին շտապօգնության 1 շարժակազմ է հասնում:

Պաշտոնական տվյալների համաձայն՝ Երևան քաղաքի բնակչության՝ 1 միլիոն 75 հազարի պարագայում արդեն իսկ 53-55 շարժակազմ է պետք, ուստի քաղաքապետարանը դիմել է  ՀՀ առողջապահության նախարարին՝ շարժակազմերի թիվն ավելացնելու ակնկալիքով:

Կիսվեք էջում