Մանվել Գրիգորյանի վիճակը այժմ ծայրահեղ ծանրից ծանր է. «Գրիգոր Լուսավորիչ» ԲԿ փոխտնօրենը մանրամասնում է

ԱԺ նախկին պատգամավոր, գեներալ Մանվել Գրիգորյանի վիճակը այժմ ծայրահեղ ծանրից ծանր է: Նրան «Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոն տեղափոխվել է հունիսի 6-ի լույս գիշերը, ժամը մոտ 02.00-ին, ծայրահեղ ծանր վիճակում։ Այս մասին հայտնեց բժշկական կենտրոնի փոխտնօրեն Արտակ Մանուկյանը:

«Դատապարտյալների հիվանդանոց» ՔԿՀ–ում շաքարն այնքան բարձր է եղել, որ այնտեղի բժիշկների խոսքով` չեն կարողացել որոշել, ապարատը ցույց է տվել բարձրագույն թիվ (high), շտապօգնություն է գնացել, շտապօգնության գլյուկոմետրը error է տվել։ Տեղափոխել են մեզ մոտ։ Մեզ մոտ հաստատվել է, որ իր մոտ եղել է հիպերգլիկեմիկ վիճակ, պրեկոմա։ Ստացել է համապատասխան բուժումը, վիճակը այժմ ծայրահեղ ծանրից ծանր է»,–նշեց նա։

Արտակ Մանուկյանի փոխանցմամբ՝ Մանվել Գրիգորյանը միանգամից հոսպիտալացվել է ռեանիմացիոն բաժանմունքում. «Հիմա էլ է այդ բաժանմունքում, իսկ թե ինչքան կգտնվի այնտեղ, չեմ կարող ասել»։

ԲԿ–ի փոխտնօրենի խոսքով՝  «Դատապարտյալների հիվանդանոց» ՔԿՀ–ն չունի բավարար հագեցվածություն այդպիսի հիվանդներին բուժօգնություն ցուցաբերելու համար։

Ավելի վաղ հայտնել էինք, որ Մանվել Գրիգորյանին շտապօգնության մեքենայով տեղափոխել են քաղաքացիական հիվանդանոց։ Հիշեցնենք, որ հունիսի 3–ին Մանվել Գրիգորյանին «Նաիրի» ԲԿ–ից  տեղափոխել են «Երեւան–Կենտրոն» ՔԿՀ, այնուհետեւ՝ «Դատապարտյալների հիվանդանոց» ՔԿՀ։  Պաշտպանների պնդմամբ՝ նրան «Դատապարտյալների հիվանդանոց» են տեղափոխել առանց բժիշկների համաձայնության։

Աղբյուր՝ news.am