Հրմշտոց ու հիասթափություն Երևանում. Տիմատիի ռեստորանի բացումը հայտնիների համա՞ր էր

Հրմշտոց ու հիասթափություն Երևանում։ Ռեփեր Տիմատիի և Black Star ապրանքանիշի արագ սննդի ցանցի երևանյան ռեստորանի բացումը նախատեսված էր հունիսի 13-ին, ժամը 21․00–ին, սակայն դռները փակ մնացին այցելուների մեծամասնության համար։

Մինչ բոլորը շտապում էին ներկա գտնվել ռեստորանի բացմանը, տեղում պարզ դարձավ, որ բացումը նախատեսված ժամից շուտ է եղել։ Ներսում աշխույժ եռուզեռ էր, մարդիկ սնվում էին, ուրախանում, իսկ դրսում պատկերն այլ էր։

Հավաքված երիտասարդներն աղմկում էին, իրար հրմշտում ու պահանջում․ «Մեզ էլ ներս թողեք, մենք ճիշտ ժամին ենք եկել»։

Տեսնելով, որ իրենց ներս չեն թողում, երիտասարդները փորձեցին ուժով ներս մտնել, սակայն չհաջողվեց, քանի որ ներսից դուռը փակ էր։ Հավաքվածների մեջ կային նաև կանայք, երեխաներ, տարեցներ, որոնք ոգևորված եկել էին նոր ռեստորանի բացմանը, բայց շուտով սկսեցին դժգոհել։

«Շատ անկազմակերպ են, ու պետք չէր սխալ ժամ ասել, ստացվում է, որ բացումն ավելի շուտ է եղել։ Փաստորեն մեր գալն իրենց պետք չէր, այդ պատճառով էլ ժամանակից շուտ են բացումն արել»,- վրդովված ասաց կանանցից մեկը։

Զարմանալին այն է, որ կազմակերպիչներից ոչ ոք չէր փորձում խնդիրը հարթել։

Փորձեցինք պարզել, թե որտեղ են կազմակերպիչները, և ինչու է բացման արարողությունը ժամանակից շուտ սկսվել։ Դռնապանը ոչ միայն ներս չթողեց, այլև շատ կոպիտ հայտարարեց, որ ինքը շատ զբաղված է ու չի կարող միջոցառման կազմակերպիչներից որևէ մեկին կանչել ։

Շինության ապակեպատ հատվածներից հաջողվեց տեսնել, որ ներսում ճանաչված հայեր կան, օրինակ` երգիչ Մհերն իր քրոջ՝ Ռոզա Ֆիլբերգի հետ, երգչուհի Սոնա Ռուբենյանը, հաղորդավարուհի Արևիկ Ուդումյանը և ուրիշներ։ Ստացվում է, որ «Black Star Burger»–ի բացման արարողությունը ընտրյալների համար էր։

Մարդիկ շարունակում էին խմբերով գալ, իսկ արդեն հիասթափվածները ՝ հեռանալ։ Տեղեկություններ կան, որ սա ռեփերի ու նրա թիմի որոշ անդամների մասնակցությամբ մեծ բացումն ավելի ուշ է նախատեսված։

Աղբյուր՝ armeniasputnik.am