Կորոնավիրուսով վարակված մարալիկցի տղամարդը մահացել է․ Գյումրու հիվանդանոցի 29 բուժաշխատող երեկվանից մեկուսացած են

Կորոնավիրուսով վարակված մարալիկցի տղամարդը մահացել է․ Գյումրու հիվանդանոցի 29 բուժաշխատող երեկվանից մեկուսացած են

Aravot.am-ը գրում է. Ինչպես տեղեկացրել ենք, Շիրակի մարզի Մարալիկ քաղաքում արձանագրվել էր կորոնավիրուսով վարակման դեպք․ վարակակիրը 1952 թվականին ծնված տղամարդ է, որն ուներ ուղեկցող մի շարք հիվանդություններ՝ շաքարային դիաբետ, գլխուղեղային արյան շրջանառության խանգարում։

Այդպես էլ անհայտ մնաց, թե նա ումից էր վարակվել․ արտերկրում չի եղել, պաշտոնապես հաստատված վիրուսակրի հետ չի շփվել։ Վարչապետն այսօր իր ուղիղ եթերում հայտարարեց մահվան մեկ դեպքի մասին, խոսքը Մարալիկի բնակչի մասին էր։

կորոնավիրուսից մահ

Նրան Մարալիկի հիվանդանոցից երկկողմանի թոքաբորբով տեղափոխել էին Գյումրի բժշկական կենտրոն, որտեղից էլ տեղափոխել էին մայրաքաղաք՝ «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» հիվանդանոց։ Այստեղ թեստավորել ու պարզել էին, որ նա վարակված է կորոնավիրուսով։

Գյումրու բժշկական կենտրոնի աշխատակիցները, որոնք նրան բուժօգնություն էին ցուցաբերել՝ բնականաբար չիմանալով ու նաև չկասկածելով, որ վարակակիր է, քանի որ Գյումրու ինֆեկցիոնում ևս զննել էին նրան, ստիպված ինքնամեկուսացել են Գյումրու հյուրանոցներից մեկում։

Խոսքը թվով 29 աշխատակիցների մասին է, որոնց որևէ մեկը, այս պահին ջերմություն չունի, նրանց մոտ ախտանիշներ ևս չկան։ Այս մասին մեզ տեղեկացրեց Գյումրու բժշկական կենտրոնի տնօրեն Արմեն Իսահակյանը։

Մեկուսացած են նաև տղամարդու հետ շփված անձինք․ Մարալիկում բնակվող երկու ընտանիքներ՝ թվով 8 հոգի։

Առավել մանրամասն՝ սկզբնաղբյուր կայքում