Զինվորների համար Երևանի տրանսպորտն անվճար չի լինի
Armlur.am-ը գրում է․ Նիկոլ Փաշինյանը Ազգային ժողովի վերջին հարցուպատասխանի ընթացքում շատ վստահ խորհուրդներ էր տալիս.
«Խորհուրդ եմ տալիս դադարեցնել բանակի սրբագործման մոտեցումը, որովհետև դա երրորդ հանրապետության ընթացքում մեր, բոլորիս գործած մեծագույն սխալն է»։
Այս խոսքերի հեղինակը 44-օրյա պատերազմը տապալած և 5000 զոհ տված վարչապետն է։ Սա հերիք չէ, զինվորների համար այսուհետ Երևանի տրանսպորտում արտոնություններ չեն գործի։
«Քաղաքացիական պայմանագիր» և «Հանրապետություն» խմբակցությունների համատեղ նիստում որոշվել է նոյեմբերի 19-ի ավագանու հերթական նիստում ներկայացնել արտոնությունների փաթեթ ՝ հանրային տրանսպորտից օգտվողների համար։
Հիշեցնենք՝ դեռևս գարնանը հայտարարվել էր, որ արտոնությունների փաթեթը ներկայացվելու է մինչև միասնական տոմսային համակարգի ամբողջական գործարկումը։
Նախկին փաթեթում զինվորների անվճար երթևեկության մասին տողն առանձին տեղ էր զբաղեցնում։
Ահա, թե ինչպես է իշխանությունը շնորհակալություն հայտնում զինվորին հայրենիքին ծառայելու համար։
Հավելում
«Համաձայն ԶԻՆՎՈՐԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ԵՎ ԶԻՆԾԱՌԱՅՈՂԻ ԿԱՐԳԱՎԻՃԱԿԻ ՄԱՍԻՆ օրենքի 66-րդ հոդվածի 1-ին կետի՝
Զինծառայողները Հայաստանի Հանրապետության տարածքում օգտվում են քաղաքային ուղևորատար տրանսպորտի բոլոր տեսակներից, անկախ սեփականության ձևից (բացի տաքսիից), անվճար երթևեկելու իրավունքից:
Տեղեկացնում եմ նաև, որ նոյեմբերի 19-ին ավագանու հերթական նիստին առաջարկվելու է նախագիծ, որով Հայաստանի Հանրապետության կամ Արցախյան պաշտպանության մարտական գործողությունների ընթացքում զոհված կամ ծառայողական պարտականությունները կատարելիս անհայտ կորած կամ անհայտ բացակայող կամ մահացած ճանաչված անձանց ընտանիքի անդամների (այրին, անչափահաս երեխաները, ծնողները) համար Երևան համայնքում 100 տոկոս համայնքային մասնակցությամբ օպերատորի կողմից ներհամայնքային ավտոբուսային կանոնավոր փոխադրումների սպասարկման դեպքում երթուղիների սպասարկման փոխադրավարձը սահմանել անվճար»։