ՄամուլՏեսանյութ

Երբ արդեն կարող են քաղաքացիները մեկնել Վրաստան նույնականացման քարտով

Երբ արդեն կարող են քաղաքացիները մեկնել Վրաստան նույնականացման քարտով

Առաջիկայում Հայաստանի քաղաքացիները Վրաստան, իսկ Վրաստանի քաղաքացիները Հայաստան կկարողանան ճամփորդել  նաև նույնականացման քարտերով: Հայաստանի ԱԺ արտաքին հարաբերությունների հանձնաժողովը հավանություն տվեց «Հայաստանի Հանրապետության և Վրաստանի միջև երկու պետությունների քաղաքացիների համար փոխադարձ առանց մուտքի արտոնագրի ճամփորդելու մասին» համաձայնագիրը վավերացնելուն:

Հայաստանի և Վրաստանի միջև գործում է քաղաքացիների համար առանց մուտքի վիզաների այցելության ռեժիմ, որը սահմանվում է 1993 թ մայիսի 19-ին ստորագրված ՀՀ-ի և Վրաստանի քաղաքացիների՝ իրենց տարածքներով առանց վիզաների տեղաշարժման մասին համաձայնագրով:

Ներկայումս ՀՀ քաղաքացիներն անձը հաստատող փաստաթղթով Վրաստանի տարածքում կարող են գտնվել մինչև 1 տարի ժամկետով, Վրաստանի քաղաքացիները՝ ՀՀ տարածքում առավելագույն 180 օր մեկ տարվա ընթացքում:

Նոր համաձայնագրի ուժի մեջ մտնելուց հետո 1993-ի համապատասխան համաձայնագիրն ուժը կորցրած կճանաչվի:

«2020թ. մարտի 3-ին ՀՀ և Վրաստանի վարչապետների կողմից ստորագրվել է ՀՀ կառավարության և Վրաստանի կառավարության միջև քաղաքացիների տեղաշարժի դյուրացման մասին մտադրությունների հուշագիրը:

Կողմերը հայտնել են իրենց մտադրությունը՝ համաձայնագիր կնքելու վերաբերյալ, որն էլ կնքվել է 2023 թ հունվարի 12-ին: Վրացական կողմը փետրվարի 2-ին արդեն ավարտել է ներպետական ընթացակարգերը: ՀՀ-ում նախագիծն անցել է սահմանադրական վերահսկողություն և ներկայացվել ԱԺ»,-ասաց ԱԳ փոխնախարար Վահան Կոստանյանը:

Կիսվեք էջում