Այդ գիրքը կարդացի, արտառոց ոչինչ չկա․ Փաշինյանը՝ «Իմ մարմինն անձնական է» գրքի մասին

Այդ գիրքը կարդացի, արտառոց ոչինչ չկա։ Ամփոփելով պաշտոնավարման 1 տարին, ասաց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը` անդրադառնալով հարցին, թե ինչ կարծիք ունի վերջերս մեծ աղմուկ բարձրացրած «Իմ մարմինն անձնական է» գրքի մասին։

«Կարդացի, որ հասկանամ՝ սարսափելի բան կա՞, թե՞ չկա։ Գրքում արտառոց ոչինչ չկա։ Գրքում գրված է մայրիկս, հայրիկս, եղբայրս ինձ համբուրում են` նորմալ է ու լինում են դեպքեր, որ քեռին է ինձ համբուրում և դա ինձ այնքան էլ հաճելի չէ։

Ես իմ երեխայի օրինակով գիտեմ, որ երբ ուրիշ մարդիկ նրան համբուրում են, իրեն հաճելի չէ։ Բայց երեխան չգիտի չէ՞, որ երբ քեռու ընկերը կամ քեռու ընկերոջ ընկերը համբուրում է նրան` նորմա՞լ է, թե՞ նորմալ չի»,–ասաց վարչապետը։

Փաշինյանն ասեց, որ պետք է սեռական գրագիտություն ունենան թե՛ մեծահասակները, թե՛ երեխաները։

«Մեր երեխաները որտեղի՞ց են իմանում այդ ամենի մասին` թաքուն պոռնո կայքեր նայելո՞վ, փողոցի՞ց, բիսեդկայի՞ց։ ՀՀ քաղաքացիների քանի՞ տոկոսն է սեռական առումով գրագետ, և սա մեր ընտանիքների վրա ի՞նչ ազդեցություն ունի։ Մենք գիտե՞նք այս հարցերի պատասխանը, թե ուզո՞ւմ ենք Հայաստանը պահել վաղ միջնադարում»,-նման հարցեր բարձրացրեց Փաշինյանը։