Արցախում զոհված 20-ամյա Աղասին և 19-ամյա Գևորգը հորեղբոր տղաներ էին
Արցախում զոհված 20-ամյա Աղասին և 19-ամյա Գևորգը հորեղբոր տղաներ էին
168.am-ը գրում է․ Արցախում ադրբեջանական ագրեսիան ետ մղելու ընթացքում զոհվել են հորեղբոր տղաներ՝ Աղասի և Գևորգ (փաստաթղթերով՝ Մերուժան) Սահակյանները:
Եղբայրները Գեղարքունիքի մարզի Գանձակ համայնքից էին: Նրանց հորաքույրը՝ Մանուշ Պետրոսյանը, 168.am-ի հետ զրույցում պատմեց, որ Աղասին և Գևորգը բանակ էին զորակոչվել 6 ամսվա տարբերությամբ, երկուսն էլ ծառայում էին Արցախում:
«Աղասին 19 տարեկան էր, հոկտեմբերի 15-ին՝ իր թաղման օրը, 20-ամյակն էր: 1 տարի 9 ամսվա ծառայող էր, հունվարի 14-ին պետք է տուն գար: Դպրոցն ավարտելուց հետո ավտոդպրոց ընդունվեց, իր ամենասիրած մասնագիտությունը վարորդությունն էր, ավտոյից բացի՝ ուրիշ բան չէր պատկերացնում, բանակում էլ էր վարորդ: Հիշում եմ՝ փոքր երեխա էր, որ իր պապայի մեքենան քշում էր:
Շատ ժպտերես տղա էր Աղասին, մի բան ասում էիր, ծիծաղելով էր պատասխանում, շատ խելացի էր: Աղասիին որ հացի ուղարկեինք, ճանապարհին հարևանը մի տեղ ուղարկեր, էլ չէր ասում, որ ուղարկել են հացի, կգնար հարևանի ասածը կաներ, նոր մեզ հաց կբերեր, այդպիսի տղա էր Աղասին»,- պատմեց հորաքույրը:
Աղասին ոչ մի անգամ չի դժգոհել ծառայությունից, արձակուրդ եկած ժամանակ էլ միայն լավ բաներ է պատմել բանակի մասին.
«Շատ լավ էր տրամադրված ծառայությանը, իր հրամանատարին շատ էր սիրում, անընդհատ նրա անունն էր տալիս, որ լավն է, բոլորը լավն էին իր համար: Արձակուրդ էր եկել, պատմում էր, որ բոլորը լավն են, հարցրեցի՝ Աղասի ջան, վատ մարդ չկա՞, ասում էր՝ չէ, հորքուր, մի ընտանիքի նման ենք, բոլորն ինձ սիրում են, ամեն ինչ լավ է»:
Աղասին շատ նպատակներ ուներ, ավաղ, չկարողացավ դրանք իրագործել:
«Ասում էր՝ հորքուր ջան, գամ, առաջինը տներն եմ սարքելու, գնամ Ռուսաստան աշխատեմ, գամ տները վերանորոգեմ, սիրուն բաղնիք, զուգարան սարքեմ, ինձ լավ մեքենա կառնեմ: Ասում էր՝ առաջինը տունը կսարքեմ, որ ապահովված լինի ամեն ինչով, մամաս դուրսը չկանգնի լվացք անի, դրանից հետո նոր մնացած գործերը կանեմ: Աշխատասեր տղա էր Աղասին, միշտ մտածում էր՝ բանակից գա, գնա աշխատի: Աղասին իրենից փոքր 1 քույր ունի»,- պատմեց նրա հորաքույրը:
Առավել մանրամասն՝ սկզբնաղբյուր կայքում