Եվրոպական խորհրդարանի անդամներն Ադրբեջանի նկատմամբ պատժամիջոցների մասին հարց են բարձրացրել
Եվրոպական խորհրդարանի անդամներն Ադրբեջանի նկատմամբ պատժամիջոցների մասին հարց են բարձրացրել
Եվրոպական խորհրդարանի պատգամավոր Ստելիոս Կիմպուրոպուլոսի նախաձեռնությամբ խորհրդարանի 24 պատգամավոր գրավոր հարցում է հղել Եվրոպական միության խորհրդի նախագահ Շառլ Միշելին՝ Արցախի դեմ ադրբեջանական ագրեսիայի վերաբերյալ: Այս մասին տեղեկացնում է ՀՅԴ Եվրոպայի Հայ դատի հանձնախումբը։
«Եվրապատգամավորները մասնավորապես հարցնում են, թե արդյոք ԵՄ-ը պատրաստվում է պատճամիջոցներ կիրառել Ադրբեջանի դեմ և թե ինչ քայլեր է պատրաստվում ձեռնարկել ԵՄ խորհուրդն Ադրբեջանի ղեկավարության նկատմամբ ճնշում գործադրելու համար, որպեսզի վերջինս դադարի ռազմական գործողությունները և Արցախից դուրս բերի իր զորքերը:
Մեկնաբանելով Եվրոպատգամավորների գրավոր հարցումը՝ ՀՅԴ Եվրոպայի Հայ դատի գրասենյակի նախագահ Գասպար Կարապետեանն ասել է. «Այս գրավոր հարցումը Եվրոպական խորհրդարանի անդամների բազում նախաձեռնություններից միայն մեկն է:
Եվրախորհրդարանում այլևս գիտակցում են, թե ով է այս պատերազմը սանձազերծել։ Բացի բառացիորեն երկու պատգամավորից, որոնք հարտնի են տարբեր դրդապատճառներով իրենց ադրբեջանամետ դիրքորոշմամբ, Եվրախորհրդարանում Ադրբեջանին սատարող որևէ հայտարարություն չի հնչել»:
Եզրափակելով՝ Կարապետեանը նշել է․ «Եվրոպայի Հայ դատի գրասենյակը և իր հանձնախմբերը թե՛ Բրյուսելում, թե՛ տարբեր Եվրոպական երկրներում շարունակում են քաղաքական գործիչների իրազեկման ակտիվ աշխատանքները»»,- ասվում է հաղորդագրության մեջ։