Պտղունք գյուղում հրշեջները պայքարում են 13 տներում առաջացած խոշոր հրդեհի դեմ
Պտղունք գյուղում հրշեջները պայքարում են 13 տներում առաջացած խոշոր հրդեհի դեմ
Shamshyan.com-ի փոխանցմամբ՝ արդեն 2 ժամից ավելի է, Արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության 10 մարտական հաշվարկով ժամանած հրշեջ-փրկարարները պայքարում են Արմավիրի մարզի Պտղունք գյուղում բնակելի տներում առաջացած խոշոր հրդեհի տարածման դեմ:
Դեպքի վայր են ժամանել Արտակարգ իրավիճակների նախարար ֆելիքս Ցոլակյանը, Փրկարար ծառայության տնօրեն Վրեժ Գաբրիելյանը, փրկարար ծառայության տնօրենի տեղակալներ Արմեն Գրիգորյանն ու Տիգրան Պետրոսյանը:
Ժամանել է նաև Արմավիրի մարզպետ Համբարձում Մաթևոսյանը: Մինչ հրշեջների ժամանումը, քաղաքացիներին օգնության ձեռք են մեկնել Պտղունք գյուղի բնակիչները, այնուհետև ոստիկանության Վաղարշապատի բաժնի համայնքային ոստիկանության բաժանմունքի ծառայողները:
Դեռ այս պահին հրշեջները պայքարում են կրակի տարածման դեմ, մի քանի հրշեջներ էլ տեղում կատարում են որոնողական աշխատանքներ՝ կրակի օջախները հայտնաբերելու ուղղությամբ: Արմավիրի մարզպետի կարգարդրությամբ օպերատիվորեն ժամանել են նաև Վաղարշապատի հիվանդանոցի բժիշկները: Ըստ նախնական տեղեկությունների, բարեբախտաբար, տուժածներ չկան:
Թե ինչն է եղել հրդեհի պատճառը, պարզ կլինի մի շարք փորձաքննություններ անցկացնելուց հետո, սակայն մեծ թվով բնակիչներ հայտնվել են բաց երկնքի տակ և կրել են նյութական մեծ վնաս: