Հայկական աշխարհազորի առաջին էֆեկտը. մեծ խաղ Ադրբեջանի տարածքում
Հայկական աշխարհազորի առաջին էֆեկտը. մեծ խաղ Ադրբեջանի տարածքում
Lragir.am-ը գրում է․ Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը հայտարարություն է տարածել, որով հերքել է ռուսական «Նեզավիսիմայա գազետա» պարբերականի հրապարակած Սիրիայից 500 թուրքոմեն վարձկանների Ադրբեջան տեղափոխման մասին, ինչպես նաեւ Նախիջեւանում թուրքական ռազմակայանի առկայության մասին տեղեկությունը, որի մասին գրել է թերթը:
Միաժամանակ, Ադրբեջանի ՊՆ-ն հայտարարել է, թե ավելի լավ է ուշադրություն դարձնել Հայաստանում աշխարհազորի ստեղծման նախաձեռնությանը, որով ըստ ադրբեջանցիների Երեւանը ստանում է բանակը վարձկաններով համալրելու հնարավորություն, այդ թվում մերձավորարեւելյան գոտուց:
Ադրբեջանն անշուշտ փորձում է պարզունակ նենգափոխումով ստանալ բումերանգի էֆեկտ: Բայց, աշխարհազորի հանգամանքը Բաքվին անհանգստացրել է խիստ եւ այստեղ լոկ քարոզչական «վերահասցեագրման» խնդիր չէ, որ լուծում է Ադրբեջանը:
Հայաստանում աշխարհազորի ստեղծման նախաձեռնությունը ազդակ է այն մասին, որ Երեւանը գնում է անվտանգային ինքնաբավության ընդլայնման: Երեւանն էապես նվազեցնում է իր անվտանգության ապահովման հարցում այլ երկրի, մասնավորապես այդ դեպքում Ռուսաստանի աջակցության հրատապությունը:
Դա ամենեւին չի նշանակում, որ աշխարհազորը Հայաստանում հնարավորություն է տալու առանց ռուսական դաշնակցային աջակցության լուծել օրինակ թուրքական ագրեսիայի խնդիր: Աշխարհազորը կարող է լինել միայն առաջին քայլերից մեկը անվտանգային ինքնաբավության երկար ճանապարհին, որ պետք է անցնի Հայաստանը:
Անշուշտ, թուրքական ագրեսիայի հնարավոր զսպող առանցքային գործոններից մեկը, ոչ միակը, բայց առանցքայիններից մեկը շարունակում է լինել Ռուսաստանը: Սակայն, այդ հանգամանքն էլ հասկանալի է դարձնում, որ Թուրքիան հազիվ թե դիտարկի ուղիղ դիմակայություն, առնվազն առաջիկա շրջափուլում, ուժերի հավասարակշռության եւ հարաբերակցության ներկայիս իրավիճակում:
Գլխավոր հարցն այն է, որ Հայաստանում աշխարհազորի նախաձեռնությունը մեծ հաշվով ուղղված է Հայաստանի անվտանգային անմիջական շահերի տիրույթում ռուս-թուրքական միջնորդավորված բախման ռիսկին: Երեւանը հայտարարել է, որ որեւէ բախում արագորեն տեղափոխելու է Ադրբեջանի տարածք: Տավուշյան մարտերը գործնականում վկայեցին, որ դա լոկ խոսք չէ եւ հետհեղափոխական երկամյակում Հայաստանն էական քայլեր է արել այդ ռազմավարության իրագործելիության ուղղությամբ: