ՄամուլՏեսանյութ

«Կարող է՝ Ալեն Սիմոնյանը գիշերը վատ էր քնել, առավոտյան վեր էր կացել ու այդպիսի մտքեր հայտնել». Վարուժան Հոկտանյան (Տեսանյութ)

«Կարող է՝ Ալեն Սիմոնյանը գիշերը վատ էր քնել, առավոտյան վեր էր կացել ու այդպիսի մտքեր հայտնել». Վարուժան Հոկտանյան

168․am-ը գրում է․ «Պարգևավճար ստանում են այն դեպքում, երբ աշխատողը, անկախ նրանից՝ նախարար է, թե ինչ-որ մասնագետ է նախարարությունում կամ այլ ոլորտում, երբ իրենք շատ ավելի մեծ ծավալի, շատ ավելի որակյալ և արդյունավետ աշխատանք են անում, քան սահմանված է այն քանակական և որակական ցուցանիշներով, որոնցով սահմանվում են այդ աշխատողի աշխատանքային պարտականությունները»,- 168TV-ի «Ռեվյու» հաղորդման ընթացքում անդրադառնալով բարձրաստիճան պաշտոնյաների պարգևավճարների թեմային՝ ասաց «Թրանսփարենսի Ինթերնեշնլ» հակակոռուպցիոն կենտրոնի ծրագրերի ղեկավար Վարուժան Հոկտանյանը:

«Ելնելով դրանից, ես, բնականաբար, ուզում եմ հասկանալ, թե ինչո՞ւ համար այդ նախարարները, վարչության պետերը, փոխնախարարները պետք է ստանան պարգևավճարներ»,- նկատեց նա:

Պարգևավճարների ոչ բավարար լինելը, անհավասարությունը, ըստ նրա՝ կարող է լուրջ կոռուպցիոն ռիսկ դառնալ, եթե միջին, ստորին օղակներում այդ մոտեցումը չկա:

«Համաձայն չեմ այն կարծիքի հետ, որ պարգևավճարը համակարգային կոռուպցիա է. դա ավելի շատ այլ երևույթի հետ կարող է կապված լինել: Ես քաղաքական կոռուպցիայի ռիսկ եմ տեսնում, այսինքն՝ դու փորձում ես թիմի կոնսոլիդացված լինելը պահել այդ պարգևավճարներով, որպեսզի ներսում խժդժություններ չլինեն, և թիմը գործի՝ որպես մեկ միասնական մարմին: Միգուցե դա, բայց ոչ դա դիտարկել որպես համակարգային կոռուպցիայի ապացույց»,- նկատեց նա:

Անդրադառնալով Ջորջ Սորոսի և Սորոսի գրասենյակի վերաբերյալ ԱԺ փոխնախագահ Ալեն Սիմոնյանի հնչեցրած գնահատականներին, Վարուժան Հոկտանյանը հետևյալն ասաց. «Նոր իշխանությունները, երևի, սիրում են… «կորոնավիրուսն ում շունն է», «Սորոսն ում շունն է» արտահայտությունները, երևի իրենց շատ է դուր եկել…  շների տերերին գտնելու: Չգիտեմ՝ ինչու են այդ արտահայտություններն օգտագործում:

Ճիշտ կլիներ՝ այստեղ Ալեն Սիմոնյանին հրավիրել՝ հասկանալու համար, թե ինչու դա ասաց: Կարող է՝ գիշերը վատ էր քնել, վեր էր կացել առավոտյան ու այդպիսի մտքեր էր հայտնել»:

Առավել մանրամասն՝ 168TV-ի տեսանյութում

Կիսվել