Մամուլ

Արտակարգ դեպք Առինջ գյուղում. ըստ ահազանգի հնչել են կրակոցներ, կան դանակահարվածներ

Արտակարգ դեպք Առինջ գյուղում. ըստ ահազանգի հնչել են կրակոցներ, կան դանակահարվածներ

Shamshyan.com-ը գրում է՝ երեկ՝ հուլիսի 18-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Կոտայքի մարզում: Ժամը 23:30-ի սահմաններում, ոստիկանության Երևան քաղաքի վարչության օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Առինջ գյուղի Մաշտոցի փողոցում վիճաբանություն է: 20 րոպե անց դարձյալ ահազանգ է ստացվել, որ նույն փողոցում կրակոցներ են հնչել:

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, այսօր՝ հուլիսի 19-ին, թիվ 1 համալսարանական հիվանդանոցից ոստիկանության Կենտրոնական բաժին ահազանգ է ստացվել, որ «կրծքավանդակի մի քանի ծակած վերքեր» և «պարանոցի շրջանի ծակած վերք» ախտորոշմամբ իրենց մոտ են տեղափոխվել 2 քաղաքացի:

Հիվանդանոց է մեկնել ոստիկանության Կենտրոնական բաժնի օպերատիվ խումբը՝ բաժնի պետ Արման Պապյանի գլխավորությամբ: Ոստիկանները պարզել են. վիրավորներն են Առինջ գյուղի բնակիչ, 20-ամյա Վարդգես Բալյանը և Հրազդան քաղաքի բնակիչ, 35-ամյա Վարդան Խաչատրյանը:

Ոստիկանները պարզել են նաև, որ նշված անձինք հիվանդանոց են տեղափոխվել Առինջ գյուղի Մաշտոցի փողոցի 44 տան դիմացից:

Կենտրոնի ոստիկանները տեղեկությունը փոխանցել են ոստիկանության Կոտայքի բաժին և կարճ ժամանակ անց ոստիկանության Կենտրոնական բաժնի և ոստիկանության Կոտայքի բաժնի ծառայողները տաք հետքերով պարզել են, որ նշված անձանց հետ ավտոմեքենայի կայանման հարցի շուրջ վիճաբանություն է տեղի ունեցել, որի ժամանակ էլ Առինջ գյուղի բնակիչը, ում տվյալները նախաքննության շահերից ելնելով, այս պահին չենք հրապարակում, իր մոտ եղած դանակով հարվածել է Վ. Բալյանին և Վ. Խաչատրյանին:

Առավել մանրամասն՝ սկզբնաղբյուր կայքում

Կիսվել