Մամուլ

«Դիմակ կրելու պարագայում հղի կինն ու հատկապես պտուղը թթվածնային քաղց կարող են ունենալ»

«Դիմակ կրելու պարագայում հղի կինն ու հատկապես պտուղը թթվածնային քաղց կարող են ունենալ»

ՀՀ ԱԺ պատգամավոր Աննա Կոստանյանը ֆեյսբուքյան գրառմամբ դիմել է պարետ Տիգրան Ավինյանին ու կառավարությանը։«Այսօր, ինչպես գիտեք, պարետի նոր որոշման համաձայն` քրոնիկ շնչառական հիվանդություններ` ասթմա, թոքերի քրոնիկ օբստրուկտիվ հիվանդություն, էմֆիզեմա կամ բրոնխիտ` ծանր շնչառական անբավարարություն, 3-րդ, 4-րդ ֆունկցիոնալ դասի քրոնիկ սրտային անբավարարություն ունեցող անձինք հանրային բաց տարածքներում դիմակ չկրելու հնարավորություն ստացան:

Բազմիցս քննարկվել ու բարձրաձայնվել է նաև ՀՂԻ ԿԱՆԱՆՑ՝ բաց տարածքներում դիմակ կրելու պարտավորությունից ազատելու հարցը, քանի որ բացօթյա տարածքներում զբոսանքը և քայլելը ֆիզիոլոգիական յուրահատկություններից ելնելով՝ հղի կնոջ պարագայում համարժեք է մարզանքին և այն պետք է կրի ամենօրյա բնույթ, քանի որ զբոսանքն արյան շրջանառության, վիտամին D յուրացման համար կարևոր նշանակություն ունի, և +35 (ավել կամ պակաս) ջերմաստիճանի դեպքում դիմակը շնչահեղձության է հասցնում շատերին։

Շատ են պնդումներն այս մասով, և առանց բժշկական ցուցումների էլ պարզ է, որ դիմակ կրելու պարագայում հղի կինն ու հատկապես պտուղը թթվածնային քաղց կարող են ունենալ, որն իր հերթին վտանգավոր արդյունք կարող է ունենալ հետագայում։

Հետևաբար առաջարկում եմ պարետի այսօրվա որոշման ցանկում ավելացնել նաև հղի կանանց՝ առանց բժշկական հատուկ թուղթ պահանջելու, ազատել դիմակ կրելու պարտադրանքից, քանի որ 16 շաբաթականից սկսած հղի կնոջ ֆիզիոլոգիական առանձնահատկություններով պայմանավորված՝ ակնհայտ է դառնում նրա կարգավիճակը»:

Կիսվել