Մամուլ

10 մլն դրամ տուգանք ՀԷՑ-ին՝ հոսանքի դիմաց ավելի մեծ ցուցմունքներ գրելու համար

10 մլն դրամ տուգանք ՀԷՑ-ին՝ հոսանքի դիմաց ավելի մեծ ցուցմունքներ գրելու համար

Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովն այսօրվա՝ հուլիսի 8-ի նիստում 10 մլն դրամով տուգանեց «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ՓԲԸ-ին՝ բնակիչների սպառած հոսանքի դիմաց ավելի մեծ ցուցմունքներ գրելու համար։ ՀԾԿՀ նախագահի հրամանի հիման վրա ստեղծված աշխատանքային խումբը 2020 թվականի մայիսի 4-8-ը «Հայաստանի էլեկտրական ցանցեր» փակ բաժնետիրական ընկերության կողմից առանձին սպառողներին առաքված էլեկտրաէներգիայի քանակի հնարավոր հավելագրումների փաստի ուսումնասիրության նպատակով ընկերության «Արարատ», «Աշտարակ», «Աբովյան» և «Դիլիջան» էլեկտրական ցանցերում իրականացրել է մոնիթորինգ:

Մասնավորապես, իրականացվել է թվով 720 սպառողների առևտրային հաշվառքի սարքի զննում և փաստացի ցուցմունքների գրանցում, որոնք համեմատվել են 2020 թվականի մայիսի 1-3-ը ժամանակահատվածում ՀԷՑ աշխատակիցների կողմից ցուցմունքների ֆիքսման բլանկներով գրանցված միևնույն առևտրային հաշվիչների ցուցմունքների հետ:

Պարզվել է, որ ընկերության աշխատակիցների կողմից 2020 թվականի մայիսի 1-3-ը ժամանակահատվածում ցուցմունքների ֆիքսման բլանկներում գրանցված թվով 63 հաշվիչներով արձանագրված ցուցմունքները ավելի մեծ են եղել, քան 2020 թվականի մայիսի 4-8-ը ժամանակահատվածում աշխատանքային խմբի կողմից նույն առևտրային հաշվիչներից կարդացված ցուցմունքերը։

Փաստվել է նաև, որ թվով 142 առևտրային հաշվիչների վրա բացակայել են սեղմակաշարերի կափարիչները և հետևաբար նաև կնիքները, ևս թվով 176 առևտրային հաշվիչների սեղմակաշարերի կափարիչները կնքված չեն եղել։

«Պահանջները խախտելու համար ընկերությանը տուգանել` 10 մլն ՀՀ դրամ գումարի չափով։ Իրականացնել 63 հաշվիչների մայիսի 1-3-ն ընկած ժամանակահատվածում արձանագրված ցուցմունքների և ծախսերի անհամապատասխանությունների ուղղում՝ հաշվարկային փաստաթղթում սխալի ուղղման կարգով»,- նշվում է ՀԾԿՀ որոշման մեջ։

Կիսվել