Աշխարհ

Շվեյցարիայում թույլատրվել է ռեմդեսիվիրի օգտագործումը COVID-19-ի բուժման համար

Շվեյցարիայում թույլատրվել է ռեմդեսիվիրի օգտագործումը COVID-19-ի բուժման համար

Շվեյցարիայում թույլատրվել է ռեմդեսիվիրի օգտագործումը ոչ միայն կլինիկական փորձարկումներին մասնակցող հիվանդների, այլեւ այլ պացիենտների բուժման համար, հայտնում է Med․news.am-ը:

Ռեմդեսիվիրն առաջին դեղամիջոցն է, որը համեմատաբար արդյունավետ է կորոնավիրուսային վարակի բուժման գործում: Միացյալ Նահանգներում երկու խոշոր ուսումնասիրությունները ցույց են տվել, որ այս հակավիրուսային դեղամիջոցը կարող է կրճատել COVID-19 ունեցող պացիենտների՝ հիվանդանոցում գտնվելու ժամանակը։

Swissmedic թերապեվտիկ արտադրանքի ազգային գործակալությունը հայտարարել է, որ դա թույլ կտա դեղամիջոցի ժամանակավոր տարածումը, որն ի սկզբանե նախատեսված էր էբոլայի բուժման համար:

«Ակտիվ ռեմդեսիվիր նյութը պարունակող արտադրանքը, որը շուկա է մատակարարվում Veklury ապրանքանիշի տակ, կարող է օգտագործվել շվեյցարական հիվանդանոցներում COVID-19-ով հիվանդների բուժման համար՝ առանց հատուկ թույլտվության»,- նշվում է հայտարարության մեջ:

Այս դեղամիջոցը հասանելի կլինի հիվանդների համար հաստատված կլինիկական փորձարկումներից եւ հաստատված կարեկցողական օգտագործման ծրագրից դուրս՝ մինչեւ դեղամիջոցի լիարժեք օգտագործման վերաբերյալ որոշման կայացումը:

Բժիշկներին անհրաժեշտ է հետեւել դեղամիջոցի ցանկացած անբարենպաստ ռեակցիային՝ հիվանդների անվտանգությունն ապահովելու համար:

Կիսվել