Մամուլ

Շենգավիթցի «Կյաժ Աշոտին» սպանելու կասկածանքով հետախուզվում են «Վամպիրը», «Թալինը», «Կոկոն», «Քրմոն», «Կամուլիկն» ու «Համուլիկը»

Շենգավիթցի «Կյաժ Աշոտին» սպանելու կասկածանքով հետախուզվում են «Վամպիրը», «Թալինը», «Կոկոն», «Քրմոն», «Կամուլիկն» ու «Համուլիկը»

Shamshyan.com-ի տեղեկություններով՝ Հայաստանի քննչական կոմիտեի Երևան քաղաքի Շենգավիթի քննչական բաժնում ՀՀ քր. օր-ի 104 հոդվածի 2-րդ մասի 6-րդ, 7-րդ կետերի (սպանությունը՝ շատերի կյանքի համար վտանգավոր եղանակով մի խումբ անձանց կամ կազմակերպված խմբի կողմից) և 235 հոդվածի 1-ին մասի (ապօրինի կերպով զենք-զինամթերք կրելը, պահելը, օգտագործելը) հատկանիշներով հարուցված քրեական գործի շրջանակում ոստիկանության Շենգավիթի բաժնի կողմից հետախուզվում են 24-ամյա Դավիթ Թադևոսյանը («Վամպիր» մականվամբ), 31-ամյա Տիգրան Հակոբյանը («Թալին» մականվամբ), 30-ամյա Կոնստանտին Հունանյանը՝ («Կոկո» մականվամբ), 30-ամյա Սամվել Քրմոյանը («Քրմո» մականվամբ), 24-ամյա Կամո Խաչատրյանը («Կամուլիկ» մականվամբ) և 22-ամյա Համլետ Թորոսյանը («Համուլիկ» մականվամբ)։

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վերջիններս հետախուզվում են հունիսի 9-ին Երևան քաղաքի Շենգավիթ վարչական շրջանի Մայիսի 9-ի փողոցի 9-րդ շենքի բակում «Կյաժ Աշոտ» մականվամբ 28-ամյա Աշոտ Պետրոսյանին հրազենի գործադրմամբ սպանելու մեջ։

Ավելի վաղ հայտնել էինք, որ Shamshyan.com-ի տեղեկություններով՝ հունիսի 9-ին Շենգավիթում հրազենի գործադրմամբ տեղի ունեցած սպանության փաստով ՀՀ ոստիկանության քրեական ոստիկանության գլխավոր վարչության՝ վարչության պետ Արտակ Կարապետյանի գլխավորությամբ, ոստիկանության Երևան քաղաքի վարչության քրեական հետախուզության բաժնի՝ վարչության պետ Արմեն Գասպարյանի, վարչության պետի օպերգծով տեղակալ Արթուր Զաքարյանի գլխավորությամբ, ոստիկանության Շենգավիթի բաժնի քրեական հետախուզության բաժանմունքի ծառայողները՝ բաժնի պետ Արթուր Շմավոնյանի գլխավորությամբ և Հայաստանի քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Շենգավիթի քննչական բաժնի քննիչները՝ բաժնի պետ Ռոբերտ Վարդանյանի գլխավորությամբ, պարզել էին Մայիսի 9-ի փողոցի 9-րդ շենքի բակում մարտաֆիլմ հիշեցնող ինքնաձիգներից կատարված դեպքի մասնակիցների և սպանվածի ինքնությունը։

Ինչպես հայտնել էր ֆոտոլրագրողը, պարզվել էր՝ մահացածը նշված փողոցի նշված շենքի բնակիչ՝ «Ռիմա Թրավել» ՍՊԸ-ի սեփականատեր՝ 28-ամյա Աշոտ Պետրոսյանն էր, ով Շենգավիթում հայտնի «Կյաժ Աշոտն» էր։

Պարզվել էր նաև, որ նույն օրը, ժամը 17։05-ի սահմաններում Ա. Պետրոսյանի և մի խումբ անձանց միջև տեղի ունեցած վիճաբանության ժամանակ փոխադարձ կրակոցներ էին արձակվել միմյանց նկատմամբ, որի ընթացքում 30-ամյա Կոնստանտին Հունանյանը իր մոտ պահվող ապօրինի հրազենով կրակել էր Ա. Պետրոսյանի ուղղությամբ, ով «Շենգավիթ» բժշկական կենտրոնում մահացել էր։

Ոստիկաններն ու քննիչները պարզել էին նաև, որ վիճաբանությանը մասնակցել եէին Կոտայքի մարզի բնակիչ՝ 30-ամյա Արամ Եղիազարյանը, Երևանի բնակիչ՝ 30-ամյա Սամվել Քրմոյանը, Լոռու մարզի բնակիչ՝ 24-ամյա Դավիթ Թադևոսյանը, Երևանի բնակիչ՝ 32-ամյա Աշոտ Խաչատրյանը, Երևանի բնակիչ՝ 32-ամյա Ժակ Այվազյանը, Երևանի բնակիչ՝ 29-ամյա Անդրանիկ Մգոյանը, Արագածոտնի մարզի բնակիչ՝ 31-ամյա Տիգրան Հակոբյանը, Արագածոտնի մարզի բնակիչ՝ 24-ամյա Կամո Խաչատրյանը, Երևանի բնակիչ՝ 30-ամյա Վարդգես Այվազյանը։

Ըստ նախնական տեղեկությունների՝ վիճաբանության ժամանակ Ա. Խաչատրյանը, Ս. Քրմոյանը և Դ. Թադևոսյանը իրենց մոտ ապօրինի պահվող հրազենից նույնպես կրակոցներ էին արձակել Ա. Պետրոսյանի ուղղությամբ։

Կիսվել