Իմ առաջին բալիկն էր, անունը Լուսինե պետք է դնեինք․ մահացած նորածնի հայր
Իմ առաջին բալիկն էր, անունը Լուսինե պետք է դնեինք․ մահացած նորածնի հայր
Այս մասին այսօր՝ մայիսի 27-ին, NEWS.am-ի հետ զրույցում ասաց Աբովյան քաղաքի բնակիչ 23-ամյա Հրայր Միրզոյանը, որի նորածին դուստրը մայիսի 23-ին, ծնվելուց ժամեր անց մահացել է։
«Կինս՝ 23-ամյա Սյուզաննա Գրիգորյանը, մայիսի 21-ից պառկած է եղել Աբովյանի ծննդատանը եւ ամսի 23-ին պետք է իմ երեխան ծնվեր։ Մինչեւ այդ ոչ մի խնդիր, ոչ մի բարդություններ չեն եղել, ոչ ոք չի ասել, որ երեխայի հետ կարող է խնդիր առաջանալ։
Գիշերը 3։15-ին իմ երեխան ծնվել է՝ 3 կիլոգրամ 200 գրամ եւ 52 սանտիմետր հասակով։ Ծննդաբերությունը շատ երկար տեւեց, պարզ էր, որ ինչ որ խնդիր կա։ Սպասեցինք մինչեւ ծնունդն ընդունող բժիշկ Սլավիկ Փայտյանը գա»,- պատմեց Հրայր Միրզոյանը։
Նրա խոսքով՝ բժշկի հետ խոսելիս հասկացել է, որ խնդիրներ են առաջացել․ «Ասացի՝ ինչո՞ւ կեսարյան հատում չարեցիք, պատասխանեց, որ հարցրել եմ ձեր կնոջը, ինքը հրաժարվել է։
Ասացի, որ միայն իմ կնոջը հարցնելով չես կարող որոշում կայացնել, պետք է բացատրեիր, որ եթե կեսարյան հատում չարվի, կլինի սա կամ եթե իր ուժերով ունենա կլինի սա։
Ասացի՝ ինչի՞ց վերցրիր, որ իմ կինը կարող է իր ուժերով երեխա ունենալ, պատասխանեց՝ իր տեսքին նայելով մտածեցի ինքը կարող է: Ասացի՝ դու բժիշկ ես, մարդու տեսքին նայելով ծնունդ չեն ընդունում, գոյություն ունեն նյուանսներ, որ ըստ դրանց պետք է իրավիճակը ճիշտ գնահատես»,-պատմեց Հրայրը:
Մահացած նորածնի հոր խոսքով՝ բժիշկը հայտնել է, որ երեխային պետք է շտապօգնության մեքենայով տեղափոխեն «Մուրացան» ԲԿ․ «Իմ մոտ ահավոր վիճակ էր, գիտեի, որ խնդիր կլիներ, բայց չէի պատկերացնում, որ այսքան լուրջ պետք է լիներ։
Շտապօգնության մեքենան եկավ, բարձրացան, որ երեխայիս իջեցնեն, տեսա, որ թթվածին միացրած իմ երեխային իջեցնում են, ուղեկցող բժշկուհին հարցրեց, թե հայրն ո՞վ է, մոտեցեք, որպեսզի ստորագրություն տաք, որ թույլատրում եք երեխային տեղափոխել եւ բացատրեց, որ երեխան ծայրայեղ ծանր է, երեխայի գլուխն ինչքան կա, այդքան էլ ուռացրած է, այսինքն երեխային վակումով են հանել ու պարզ էր, որ արդեն մահամերձ տանում են իմ երեխուն»:
Նրա խոսքով՝ մինչեւ երեխային տեղափոխելը բժիշկ Փայտյանն իրեն ասել է, որ երեխան մի քանի օր կպառկի «Մուրացան» ԲԿ-ում եւ կկազդուրվի, ամեն ինչ լավ կլինի․
«Բժշկին ասացի ինչո՞ւ ես ինձ խաբում, լավ իմ երեխան եւ կինս խնդիրներ ունեին, ինչո՞ւ եք ինձ խաբում ասում երեխան լավ է։ Եթե խնդիրը ձեզանից չէ, եթե խնդիրն իմ կնոջից եւ իմ երեխայից էր, ինչո՞ւ էիք խաբում: Այսինքն, ինչ որ խնդիր կա, որ չեք կատարել եւ հիմա ուզում եք, որ ձեզ փրկեք, ուրիշ պատասխան չի կարող լինել, որովհետեւ որ մի մարդ չի խաբի, եթե ինքը մեղավոր չէ»:
Նրա խոսքով՝ ժամեր անց «Մուրացան» ԲԿ-ից հայտնել են, որ երեխան մահացել է․ «Գնացել ենք այնտեղ, սպասել ենք եւ առավոտյան ժամը 8-ին այնտեղի բժիշկը հայտնեց, որ երեխան մահացել է, բայց 8-ից արդեն շուտ մահացած էր երեխան։
Որոշել էինք երեխայիս անունը Լուսինե դնել, բայց քանի որ մահացել է, ուրիշ անունով իրեն կնքեցինք, որ հետագայում աղջիկ ունենանք իր անունը դնենք»։
Առավել մանրամասն՝ սկզբնաղբյուր կայքում