Ո՞ր սցենարով կհեռանա կամ կհեռացվի Նիկոլ Փաշինյանը
Ո՞ր սցենարով կհեռանա կամ կհեռացվի Նիկոլ Փաշինյանը
Hayeli.am-ը գրում է․ Երկրում խորացող համաճարակային ու սոցիալ–տնտեսական ճգնաժամի պայմաններում մեծանում է իշխանափոխության հանրային պահանջը։
Նույնիսկ Նիկոլ Փաշինյանին պատկանող «Հայկական ժամանակ» թերթն է սկսել նկարագրել իշխանափոխության սցենար, ըստ որի՝ խորհրդարանում «Իմ քայլի» մի մասը փողով ծախվում է (ձևակերպումը Նիկոլի թերթինն է), որից հետո ԲՀԿ–ի ու ԼՀԿ–ի հետ հեռացնում են իրեն։
Ի՞նչ ճակատագիր է սպասվում Փաշինյանին
Մեր երկրում այնպիսի վիճակ է ստեղծվել, որ ակնհայտ է դարձել փոփոխության կարիքը։
Փաշինյանը երկու տարվա ընթացքում ցույց տվեց, որ պետական կառավարումից կիլոմետրերով հեռու է։ Մի բան է փողոցում գոռգոռալով ու պոպուլիստաբար իշխանության գալը, լրիվ այլ բան՝ պետության ղեկավարի կարգավիճակով դրական արդյունքներ ապահովելը։
Փաշինյանը քաղաքական պատասխանատվություն է կրում մեր քաղաքացիներին հումանիտար և սոցիալ–տնտեսական աղետի առաջ կանգնեցնելու համար։
Նոր վարչապետի ու նոր կառավարության ձևավորումը դարձել է սուր անհրաժեշտություն։ Փաշինյանը, սակայն, առանց դիմադրության չի հանձնվի։ Նա այնպես է կառչած աթոռից, որ միայն հանգամանքների ու լուրջ գործոնների ազդեցության տակ կհեռանա կամ կհեռացվի։
Տարբերակ 1–ին՝ վարչապետին անվստահություն հայտնելը
Սա այն տարբերակն է, որի մասին մտավախություն է հայտնել Փաշինյանը «Հայկական ժամանակում», և որի կիրառման իրավական մեխանիզմները ներկայացված են Սահմանադրության 115–րդ հոդվածում։
Հոդվածի երկրորդ կետում նշված է՝ վարչապետին անվստահություն հայտնելու որոշումն ընդունվում է պատգամավորների ընդհանուր թվի ձայների մեծամասնությամբ՝ անվանական քվեարկությամբ:
Եթե խորհրդարանում նոր մեծամասնություն ձևավորվի, այն է՝ ԲՀԿ–ն, ԼՀԿ–ն ու «Իմ քայլից» հակառակ տարածք քայլածները դառնան խորհրդարանի կեսից ավելին, ապա Փաշինյանը ստիպված կլինի լքել իր սիրելի ու շատ թանկարժեք վերանորոգման ենթարկված կառավարական առանձնատունը, հանձնել շատ թանկարժեք «Մերսեդեսը», մոռանալ ուղղաթիռային վոյաժների ու պետության հաշվին ապրելու մասին։
Այս տարբերակում մեկ այլ ենթասցենար էլ կա, ըստ որի՝ «Իմ քայլն» իր ներսում որոշում է կայացնում չլինել Փաշինյանի կամակատար ու կոճակ սեղմող գործիքը։ Որոշում է և իր կազմից նոր վարչապետ ընտրում՝ առանց ԲՀԿ–ի ու ԼՀԿ–ի օգնության։
Տարբերակ 2-րդ՝ վարչապետի հրաժարական
Կարող է առաջանալ մի այնպիսի իրավիճակ, երբ Նիկոլ Փաշինյանը հրաժարական տա և ձևավորվի նոր կառավարություն։
Այս տարբերակի դեպքում գործ կունենանք Սահմանադրության 158–րդ հոդվածի հետ։
Այստեղ ենթասցենարներ կան՝
1․հրաժարականից հետո ձևավորվում է նոր կառավարություն,
2․հրաժարականից հետո վարչապետ չի ընտրվում և իրավունքի ուժով գնում ենք խորհրդարանական արտահերթ ընտրությունների (2018–ի գարնանն այս սցենարը կիրառվեց)։
Երկու տարբերակների դեպքում էլ անհրաժեշտ է հասարակական–քաղաքական համապատասխան մթնոլորտ։ Առանց ճնշման Փաշինյանը չի հեռանա։ Ճնշումը կլինի կուլիսներո՞ւմ, թե՞ փողոցում, այլ խոսակցության թեմա է։
Առավել մանրամասն՝ սկզբնաղբյուր կայքում