Ռուսաստանից Հայաստան երկու դի է տեղափոխվել. մահվան պատճառ նշվում է կորանավիրուսը
Ռուսաստանից Հայաստան երկու դի է տեղափոխվել. մահվան պատճառ նշվում է կորանավիրուսը
Factor.am-ի տեղեկություններով՝ մի քանի օր առաջ Ռուսաստանի Դաշնությունից Հայաստան մահացած քաղաքացիների են տեղափոխել, որոնց մահվան պատճառը եղել է նոր տեսակի կորոնավիրուսը:
Փակ աղբյուրի փոխանցմամբ` հանգուցյալները ծնունդով եղել են Տավուշի մարզի Պառավաքար և Նավուր համայնքներից: Պառավաքար համայնքի ղեկավար Ռոլանդ Մարգարյանը Factor.am-ի հետ զրույցում հաստատեց, որ օրերս ՌԴ-ից իրենց մահացած համագյուղացու դին տեղափոխվել է գյուղ, սակայն հրաժարվեց այլ մանրամասներ փոխանցել: «Հա, բերել են, թաղումը եղել է:
Ես չեմ կարող ասել, թե ինչից է մահացել: Մի տասը օր առաջ են բերել: Երիտասարդ էր»,- ասաց նա: Իսկ ահա Տավուշի մարզի Նավուր համայնքի ղեկավար Արման Նիկոյանը Factor.am-ի հետ զրույցում ասաց, որ հանգուցյալին համայնք տեղափոխել են մայիսի 6-ին կամ 7-ին:
Նիկոյանի փոխանցմամբ՝ մահացածը 46 տարեկան է եղել, նախկինում որևէ առողջական խնդիր չի ունեցել: Գյուղապետը ևս տեղեկություն է լսել, որ համագյուղացին կորոնավիրուսից է մահացել: «46 տարեկան էր, ոչ մի խնդիր էլ չուներ, առողջ տղա էր։
Մեր լսելով՝ կորանավիրուս էր, բայց իր թղթերի մեջ, մահվան վկայականի մեջ թոքաբորբ է նշված»,- ասաց նա: Ի դեպ, Նավուրի գյուղապետը տեղյակ էր նաև Պառավաքարի մահացած բնակչի մասին․ «Իրար հետ չեն եղել։
Մի քանի օրվա տարբերությամբ են բերել։ Մենք ավելի շուտ ենք բերել, քան իրանք։ Գյուղում դեպքեր չկան: Հանգուցյալի ընտանիքը դրսում է ապրում, 5 տարի առաջ են գնացել, Մոսկվայում էին»,- ասաց նա։
Արման Նիկոյանը, խոսելով իր համագյուղացու մահվան մասին, ասաց, որ գյուղում ևս կասկած են ունեցել, որ մահվան պատճառը կորոնավիրուսն է եղել, ուստի նրան հուղարկավորել են տեղափոխելուց անմիջապես հետո:
«Դագաղը փակ էր։ Եթե թողեին էլ, խի՞ պիտի բացեինք, եթե կասկածելի բան կար։ Երևանից բերել, միանգամից հուղարկավորել ենք։ Ոչ տանն ենք դրել, ոչ սրահում: Մենք ենք այդպես ուզել, գիտես, որ կորոնավիրուսը վտանգավոր է»,- եզրափակեց նա:
Առավել մանրամասն՝ սկզբնաղբյուր կայքում