«Չեմ կարող մեկնաբանել Լավրովի արտահայտած մտքերը». Ռուբեն Ռուբինյան (Տեսանյութ)
«Չեմ կարող մեկնաբանել Լավրովի արտահայտած մտքերը». Ռուբեն Ռուբինյան
ԱԺ Արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ, «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Ռուբեն Ռուբինյանը Հանրային հեռուստաընկերության եթերում անդրադարձել է ՌԴ արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովի՝ երեկ արած հայտարարությանը:
«Նրա հայտարարած փաստաթղթի շուրջ բանակցություններ չկան, փաստաթուղթ էլ չկա, որի շուրջ ընթանում են բանակցություններ: Այստեղ կարող է հարց առաջանալ. այդ դեպքում ինչի՞ շուրջ են խոսում Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարներն ու արտգործ նախարարները: Սրա մասին և՛ միջազգային և՛ ներքին լսարանի առաջ բազմիցս խոսվել է:
Քննարկվում են նախորդ տարիների ընթացքում արծարծված բանակցությունների սկզբունքների և տարրերի շուրջ կողմերի ընկալումները»,- ասել է Ռուբինյանը:
Դիտարկմանը, թե այդ դեպքում հականալի չէ՞ Լավրովի հայտարարությունը և դրա նպատակը, Ռուբինյանը պատասխանել է. «Չեմ կարծում, որ ես պիտի մեկնաբանեմ այլ պետության պաշտոնյայի արտահայտած մտքերը: Ես կարող եմ ասել միայն իրողությունը և հղում անել Հայաստանի արտգործ նախարարին»:
Ռուբինյանը եթերի ընթացքում նշել է, որ այժմ բանակցությունները հետևյալ փուլում են՝ ճշգրտել կողմերի ընկալումն ու մեկնաբանությունը սկզբունքների և տարրերի վերաբերյալ: