Հանրային հեռուստաընկերությունը միջադեպի հետ կապված նոր հայտարարություն է տարածել
Հանրային հեռուստաընկերությունը միջադեպի հետ կապված նոր հայտարարություն է տարածել
Հանրային հեռուստաընկերությունը նոր հայտարարություն է տարածել, որը ներկայացնում ենք ստորև.
«Հանրային հեռուստաընկերության աշխատակազմը խորապես ցավում է համացանցում ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի՝ ուղիղ եթերի նախապատրաստման կադրերի օգտագործմամբ հոլովակի տարածման կապակցությամբ:
Արտակարգ դրություն հայտարարելուց անմիջապես հետո Հանրային հեռուստաընկերությունը, ՀՀ կառավարության հորդորով, նույն բաց կապուղով, նույն պայմաններով, չափանիշներով և ընթացակարգերով ապահովել է 50-ից ավելի անխափան ուղիղ միացումներ: Այս հանգամանքն արդեն իսկ փաստում է հեռուստաընկերության արհեստավարժ և համակարգված աշխատանքի մասին:
Սույն թվականի ապրիլի 17-ին, ժամը 20:00-ին ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի ելույթը հեռարձակվել է բաց կապուղով, որին հասանելիություն են ստացել ևս 8 հեռուստաընկերություն և ՀՀ կառավարության պաշտոնական կայքէջը:
Ինչ վերաբերում է ուղիղ եթերում ՀՀ վարչապետի ելույթներին՝ ընդգծենք, որ վարչապետի հետ ուղիղ աշխատանքը վերապահված է ոչ թե Հանրային հեռուստաընկերության աշխատակիցներին, այլ վարչապետի աշխատակազմին:
Ինչպես նախկինում, այս դեպքում էլ ուղիղ եթերից առաջ տրամադրվել է բաց կապուղի ՀՀ կառավարության հորդորով, որից րոպեներ առաջ կատարվել է կապուղու փորձարկում, որպեսզի հեռարձակող հեռուստաընկերությունները կարողանան ստուգել հնարավոր խնդիրները և լուծել դրանք:
Եթերից առաջ հեռուստաընկերության աշխատակիցը ներկաներին բարձրաձայն տեղեկացրել է ՝ մենք REC. ենք, ինչը նշանակում է՝ մենք ձայնագրման փուլում ենք: Սա պարտադիր ընթացակարգ է:
Նկարահանման ամբողջ ընթացքին ներկա են եղել ինչպես վարչապետի խոսնակը, այնպես էլ տեղեկատվական վարչության աշխատակիցները: Հեռուստաընկերության որևէ աշխատակից առանց հատուկ ցուցման կամ թույլտվության չի կարող թողնել իրեն վստահված տեղը:
Այս պարագայում շահարկվող «արտահոսք» բառը մասնագիտորեն տեղին չէ, քանի որ բաց կապուղով տրամադրվող նյութը, ինչպես նշված է, հասանելի է եղել նախապես հայտարարված 8 հեռուստաընկերություններին և ՀՀ կառավարության պաշտոնական կայքէջին:
Հանրային հեռուստաընկերությունը աշխատել և աշխատում է ապահովել անխափան եթեր ու այն հասանելի դարձնել բոլորին: Առաջին ալիքի թիմը պատրաստ է մասնագիտական պատասխանատվություն կրել միայն իր գործառույթների համար»: