ՄամուլՏեսանյութ

Կառավարությունն ընդլայնում է սոցիալական աջակցության ծրագրերը․ Փաշինյան (տեսանյութ)

Կառավարությունն ընդլայնում է սոցիալական աջակցության ծրագրերը․ Փաշինյան

Այսօր Ազգային ժողով-կառավարություն հարց ու պատասխանի ժամանակ վարչապետ Նիկոլ Փաշինյանն ասաց, որ այսօրվա քննարկումների արդյունքում որոշել են հակաճգնաժամային 8-րդ միջոցառման շահառու դարձնել նաև մասնավոր մանկապարտեզների աշխատակիցներին, մարմնամարզական կենտրոնների, տրանսպորտի ոլորտի աշխատակիցներին։

«Գիտեք նաև, որ մենք մինչև հիմա նպաստառու ընտանիքներին դեռևս որևէ աջակցություն չէինք հատկացրել այն կանխավարկածով, որ իրենք նպաստ են ստանում։

Այսօր որոշում ենք կայացրել, որ նպաստառու ընտանիքներին նպաստի կեսի չափով կտրվի միանվագ աջակցություն։ Ընդ որում, միանվագ աջակցության 30 տոկոսը կփոխանցվի կոմունալ ծախսերի նրանց հաշվին, անկախ նրանից, թե նրանք 11-րդ միջոցառման շահառու են, թե ոչ։

Մնացած մասը առձեռն՝ որպես միանվագ աջակցություն կտրամադրվի նրանց»,- ասաց Փաշինյանը։

Վարչապետն անդրադարձավ նաև չգրանցված աշխատողների հարցին, ասաց, որ նրանց հնարավոր չէ նույնականացնել։

«Հետևաբար, մենք փորձել ենք իրենց գտնել այլընտրանքային ճանապարհով։ Օրինակ՝ մեր 9-րդ միջոցառումը երեխաների վերաբերյալ է։ Մեր կանխավարկածն այն է, որ այդ չաշխատող մարդուն մենք կարող ենք գտնել երեխայի միջոցով, և մենք այդ աջակցությունն ուղղում ենք երեխային։

Հղի կանանց ենք աջակցում, փորձում ենք կանանց միջոցով նաև նրանց գտնել։ Մյուս խողովակն այն է, որ նրանք կարող են նպատաստառու ընտանիքների թվում լինել, և նոր միջոցառմամբ նրանց միանվագ աջակցություն կտրամադրվի։ 

Գործնականում կարող ենք ասել, որ չգրանցված աշխատողների 90 տոկոսին այս խողովակներով գտնում ենք»,- նշեց նա։

Առավել մանրամասն՝ ստորև տեսանյութում

Կիսվել էջում