«Գազպրոմ Արմենիան» առաջարկում է գազի գինը թանկացնել շուրջ 11%-ով. ՀԾԿՀ պարզաբանումը
«Գազպրոմ Արմենիան» առաջարկում է գազի գինը թանկացնել շուրջ 11%-ով. ՀԾԿՀ պարզաբանումը
Factor.am-ը գրում է․ «Գազպրոմ Արմենիան» առաջարկում է գազի միասնական գին սահմանել՝ ընդհանուր առմամբ գազը թանկացնելով շուրջ 11 տոկոսով։
Ի վերջո, ի՞նչ է առաջարկում ընկերությունը, գազի գինը կնվազի՞, թե՞ կբարձրանա։ Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի (ՀԾԿՀ) սակագնային քաղաքականության վարչության պետ Աշոտ Ուլիխանյանը Factor.am-ի հետ զրույցում նշեց, որ ընկերությունն այս առաջարկով փորձում է, ընդհանուր առմամբ, թանկացնել գազը։
Միջին կշռորդային գինն այս պահին կազմում է 255 դոլար, առաջարկվում է այն սահմանել 283, այսինքն՝ շուրջ 11%-ով ավելի։ ՀԾԿՀ պաշտոնյան, սակայն, նշեց, որ այս առաջարկով գազը որոշ խմբի համար կէժանանա, որոշների համար՝ կթանկանա։
«Այսօր ունենք սպառողական հինգ խումբ, և իրենց համար տարբեր գներ են սահմանված։ Ունենք սոցիալապես անապահովների խումբը, որոնց համար 1 խ.մ.-ը 100 դրամ է, ունենք մնացած բնակչությունը՝ մինչև 10 հազար խ.մ. գազ ծախսողներ, որոնց համար 139 դրամ է, ունենք գյուղոլորտում վերամշակող կազմակերպությունների խումբը և ջերմոցային տնտեսությունների խումբը, որոնց համար 212 դոլարին համարժեք դրամ է 1.000 խ.մ.-ի համար, և ունենք 10 հազար խ.մ.-ից ավելի սպառում ունեցողների խումբ, որոնց համար 242.1 դոլարին համարժեք դրամ է ստացվում:
«Գազպրոմ»-ը իր հայտարարությամբ այս բոլորի համար միասնական մեկ գին է առաջարկում, և դա 283.14 դոլարին համարժեք դրամ է՝ 135.6 հազար դրամ՝ 1.000 խ.մ.-ի դիմաց»,- նշեց Աշոտ Ուլիխանյանը:
Հարցին՝ կոնկրետ ո՞ր խմբերի համար է գազի գինը նվազելու, մասնագետը պատասխանեց՝ այն բնակիչների, ովքեր ծախսում են մինչև 10 հազար խ.մ. գազ և սոցիալական նպաստառուների խմբին չեն պատկանում։ Եթե բնակիչը սոցիալապես անապահովների խմբում է, թանկանալու է, եթե ոչ՝ նվազելու է մոտ 2.2 տոկոսով։
Այսպիսով՝ ստացվում է, որ «Գազպրոմ Արմենիա» ընկերությունն առաջարկում է գազը թանկացնել սոցիալապես անապահով խմբերի, գյուղոլորտում վերամշակող կազմակերպությունների, ջերմոցային տնտեսությունների և 10 հազար խ.մ.-ից ավելի սպառում ունեցողների համար։
Առավել մանրամասն՝ սկզբնաղբյուր կայքում