Ազատ խոսք

Դուք չափազանց վտանգավոր շեմ էք հատում այս հերթական աբսուրդային նախագծով. Մանախ

Դուք չափազանց վտանգավոր շեմ էք հատում այս հերթական աբսուրդային նախագծով. Մանախ

Համաճարակի պատճառով անձնական տվյալների պաշտպանության, մասնավոր ու ընտանեկան կյանքի անձեռնմխելիության, հաղորդակցության ազատության ու գաղտնիության իրավունքներին միջամտելու մասին` ՀՀ ԱԺ-ում Կառավարության կողմից այսօր ներկայացված և առաջինը ընթերցմամաբ ընդունված օրենքի նախագիծը Արթուր Այվազյանը՝ հայտնի Մանախը աբսուրդային, խիստ կասկածելի և  մտահոգիչ է համարում․

«Նախ, դրա սահմանադրական ու օրենսդրական վիճարկելիության մասին, առաջիկայում դեռ կխոսեն իրականում պրոֆեսիոնալ ԻՐԱՎԱԲԱՆՆԵՐԸ, որոնք աներկբայորեն մտահոգված են մեր պետության ապագայով:

Քանի որ իրավաբան չեմ, չեմ խորանա դրա իրավաբանական վիճարկելի նրբությունների մեջ: Ես կփորձեմ անդրադառնալ դրա օպերատիվ նրբությունների մեջ:

Տիկնայք ու պարոնայք իշխանավորներ.

Դուք չափազանց վտանգավոր շեմ էք հատում այս հերթական աբսուրդային նախագծով: Նույնիսկ հասարակ, մակերեսային վերլուծությունն է անգամ ցույց տալիս, որ այս նախագիծը ոչ այլ ինչ է, քան մեր երկրի քաղաքացիների նկատմամբ օպերատիվ-հետախուզական տեխնիկական հերթական խիստ վերահսկողություն սահմանելու դատապարտելի փորձ:

Առանց այդ էլ, մեր հատուկ ծառայությունների հետ միասին, վերջերս դրան լծվեց նույնիսկ ոստիկանությունը: Բոլորս էլ հասկանում ենք, որ այս նախագծով նախատեսված միջոցառումներն իրականացնելու համար, այն է` համապատասխան նոր տեխնիկական միջոցների ձեռք բերումը, դրանց միջոցով տվյալների ձեռք բերումը, այդ տվյալների մշակումը, վերլուծությունները, դրանց բազան վարելը, դրանց նույնականացնելը, դրանց վերաբերյալ գաղտնիության պահպանման ռեժիմի ապահովմանն ուղղված միջոցառումները, նոր օպերատիվ աշխատակազմի ներգրավվումը այդ աշխատանքների իրականացման համար, ահռելի գումարային ծախսերի անխուսափելի պահանջ է դնելու մեր տրաքված, մսխված ու սուղ պետական բյուջեյի առաջ:

Ու այսօրվա սոսկալի ծանր սոցիալական պայմաններում գտնվող պետության, ժողովրդի կարիքնեը հոգալու փոխարեն, որոշել էք գնալ նման աննախադեպ դատապարտելի քայլի:

Այս քայլը կարող է ունենալ տարբեր պատճառներ, որոնցից ամենաիրականն այն է, որ դուք փորձում էք նման նոր տեխնիկական օպերատիվ-հետախուզական` չարդարացված, ահռելի ծախսատար միջոցառմամբ պայմանավորված տոտալ վերահսկողության միջոցով, կանխարգելել այս համաճարակային կարանտինից հետո սպասվող անխուսափելի սոցիալական, տնտեսական ու իրավական բունտերը…:

Այո, մի ծիծաղեք, դրանք հասունացել են ու անխուսափելի են, ինչը դուք շատ լավ էք հասկանում: Եթե դեռ չէք հասկացել, փորձեք իրականացնել ամբողջ իրավիճակի բազմակողմանի, լրիվ, օբյեկտիվ, արդար ու անաչառ խորը վերլուծություններ:

Ինձ անձնապես չէք հետաքրքրում դուք, որպես իշխանություններ, ինձ անձնապես չէք հետաքրքրում ընդդիմադիր դաշտը, ինձ առհասարակ չի հետաքրքրում քաղաքականություն կոչված պոռնիկը: Ինձ հետաքրքրում է միայն ու միայն իմ հայրենիքը, պետությունը, ժողովուրդս ու ազգս:

Մնում է հիշեցնել այն անժխտելի փաստը, ինչի մասին կարծում եմ դիտավորյալ մոռացել էք, որ տարիներ առաջ, երբ մեր պետության կապի սեփականատեր հայտնի օպերատներից մեկը, մեր երկրում աշխատած իր յոթը տարիների ընթացքում ստացած` բաժանորդների վերաբերյալ ամբողջ տվյալները ( ու էլի այլ տվյալներ… ), << պատահաբար >> վաճառեց կամ տրամադրեց Հունական կամ Կիպրոսյան մի ընկերության, որի սեփականատերը ազգությամբ թուրք միլիոնատեր էր…:

Այդ պատմության հիմնական մասը մնաց գաղտնիության յոթը փականի տակ…: Ինձ հետաքրքիր է, թե օտարերկրյա որ այլ ծառայություններն են` օրինական կամ անօրինական կերպով օգտվելու նոր նախագծով ստացվելիք օպերատիվ տեղեկատվությունից:

Ոչ մի խելոք թող չփորձի ինձ հերքել` բացառելով դրանց արտահոսքի իրական հնարավորությունն այն դեպքում, երբ այսօր մեր երկրում վխտում են բավականին լավ պատրաստված օտարերկրյա հատուկ ծառայությունների հմուտ գործակալներ, գործում են օտաերկրյա մի քանի հատուկ ծառայությունների գործակալական ակտիվ ցանցեր, այդ թվում թշնամի պետությունների…:

Կոչ եմ անում ՀՀ ԱԱԾ-թյան Սահմանադրական կարգի պահպանության ու ահաբեկչության դեմ պայքարի, Հակահետախուզության Գլխավոր վարչությունների հայրենասեր, պետականամետ ու քաջարի սպաներին, մանրադիտակային ուշադրությամբ ուսումնասիրել այս նախագծի խութերը, հնարավոր ու իրական ռիսկերը…:

Աստված պահպանի Հայաստանի ու Արցախի Հանրապետությունները, Հայ ժողովրդին ու Հայ ազգին»,- գրել է Մանախը։

Կիսվել