Մամուլ

Ծառուկյանի ընտանիքին պատկանող Փարավոն ռեստորանի աշխատակիցներին հետին թվով դիմումներ են գրել տալիս

Ծառուկյանի ընտանիքին պատկանող Փարավոն ռեստորանի աշխատակիցներին հետին թվով դիմումներ են գրել տալիս

Armtimes.com-ը գրում է․ Վաղը ժամը 14:00-ին ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանի ընտանիքին պատկանող Փարավոն ռեստորանի աշխատակիցներին կանչել են ռեստորանի կադրերի բաժին՝ հետին թվով դիմումներ գրելու, որ մեկ ամսով արձակուրդ են գնում՝ իրենց հաշվին:

ՀԺ-ի թղթակցի հետ զրույցում այդ մասին տեղեկացրեց ռեստորանի աշխատակիցներից մեկը, որ հասկանալի պատճառով չցանկացավ ներկայանալ: Նա նշեց, որ արտակարգ դրության սահմանումից հետո իրենց ասել էին, որ չգնան աշխատանքի, ռեստորանը փակվել է:

«Էսօր մեկը մյուսի միջոցով փոխանցել են, որ եկեք դիմում գրեք, որ ամսի 15-16-ից (մարտի-խմբ.) արձակուրդ եք գնում ձեր հաշվին՝ մեկ ամիս»,- տեղեկացրեց խմբագրություն դիմած աշխատակիցը՝ հավելելով, որ այդ մասին մեզ հայտնում է, որ բոլորը իմանան, թե հեռուստացույցի էկրանից այն կողմ, բարեգործությունների հետեւում ինչ է կատարվում:

Մեզ դիմած աշխատակիցը փոխանցեց նաեւ, որ ինքը նոյեմբերից պայմանագրով աշխատում է Փարավոնում եւ բացի պայմանագրով նախատեսված աշխատավարձից, ստանում է թեյավճար:

«Թեյավճարը հասկացանք՝ չենք կարող ստանալ, բայց աշխատավարձս ընդամենը 67 հազար դրամ է, ես պետք է կոմունալ վճարեմ, հիփոթեկ, վարկ փակեմ: Բա ո՞նց եմ անելու: Հարկայինն էլ որ ստուգի, կտեսնի՝ ո՞նց կլինի, ամբողջ ռեստորանը արձակո՞ւրդ գնաց մի ամսով»,- նկատեց Փարավոնի աշխատակիցը:

Մեր հարցին, թե ինչպե՞ս են արձագանքել իր գործընկերները դիմում գրելու կոչին՝ մեր զրուցակիցը փոխանցեց, որ մեկը կամուկաց է, մեկն ասում է՝ ստիպված պետք է գնա եւ այլն:

«Ես չեմ գնալու ստորագրեմ, եթե կազատեն աշխատանքից՝  թող ազատեն, ես պատրաստ եմ մինչեւ վերջ գնալ: Փորձենք նոր Հայաստանում,  մի բան կստացվի՝ կստացվի, չէ՝ ուրիշ տեղ կգնամ կաշխատեմ»,- ընդգծեց նա:

Առավել մանրամասն՝ սկզբնաղբյուր կայքում

Կիսվել