Հայաստանի դպրոցականների թիմը 4 մեդալ է նվաճել Կովկասյան 5-րդ մաթեմատիկական օլիմպիադայում
Հայաստանի դպրոցականների թիմը 4 մեդալ է նվաճել Կովկասյան 5-րդ մաթեմատիկական օլիմպիադայում
Այս մասին Bavnews.am-ը տեղեկացավ ԿԳՄՍՆ մամուլի և տեղեկատվական բաժնից։
2020 թ․ մարտի 13-18-ը Ռուսաստանի Դաշնության Մայկոպ քաղաքում անցկացված Կովկասյան 5-րդ մաթեմատիկական օլիմպիադայում Ա. Շահինյանի անվան ֆիզմաթ հատուկ դպրոցի 9-րդ դասարանի 4 աշակերտները նվաճել են 4 բրոնզե մեդալ։
Ուշագրավ է, որ պատանեկան լիգայում հանդես եկած բոլոր աշակերտները՝ Ստեփան Գևորգյանը, Վյաչեսլավ Պետրոսյանը, Հայկ Խաչատրյանը և Մարկ Մովսիսյանը պատանեկան լիգային և միջազգային օլիմպիադայի առաջին անգամ էին մասնակցում: Թիմը ղեկավարել է ֆիզմաթ դպրոցի մաթեմատիկայի ուսուցիչ Սուրեն Գրիգորյանը։
Օլիմպիադայի անցկացման ժամանակ աշակերտները հնարավորություն են ստացել մասնակցելու տարբեր կրթական և մշակութային միջոցառումների, լսել հայտնի մաթեմատիկոսների դասախոսություններ, այցելել տեսարժան վայրեր։
Տեղեկացնենք, որ օլիմպիադային մասնակցել է մոտ 200 աշակերտ ՌԴ հարավային 14 տարածաշրջաններից և 10 այլ պետություններից, այդ թվում` Բելառուսից, Բուլղարիայից, Ղազախստանից, Աբխազիայից, Ադրբեջանից, Լյուքսենբուրգից, Ուզբեկստանից, Տաջիկստանից և Թուրքիայից:
Կովկասյան 5-րդ մաթեմատիկական օլիմպիադայի կազմկոմիտեն հայ դպրոցականների հաջող մասնակցության համար շնորհակալական նամակ է փոխանցել ՀՀ ԿԳՄՍ նախարարին: