Ազատ խոսքՄամուլ

«Լինելով Հայ առաքելական եկեղեցու հետևորդ՝ ունեմ ավանդական կողմնորոշում»․ Սարգիս Ասատրյանցը մանրամասներ է ներկայացնում

«Լինելով Հայ առաքելական եկեղեցու հետևորդ՝ ունեմ ավանդական կողմնորոշում»․ Սարգիս Ասատրյանցը մանրամասներ է ներկայացնում

Սարգսի Ասատրյանցը իր ֆեյսբուքյան էջում հայտարարություն է տարածել։

Նա մասնավորապես նշել է՝

«Մամուլում հրապարակված նյութը դիտարկում եմ զրպարտանք, ստոր քայլ.

Ստիպված հրապարակայնորեն արձագանքում եմ ԶԼՄ որոշ աղբյուրներում իմ համբավը, հասարակությունում երկար տարիներով քրտնաջան աշխատանքով ձևավորած, արժեք ստեղծած իմ անունը նսեմացնելու փորձերը, հասարակությունում իմ գործունեությունը դժվարացնելու և լարվածություն առաջացնելուն միտված հրապարակմանը:

Մասնագիտական, կրթական և հասարակական գործունեություն ծավալելուս վերջին 10 տարիների ընթացքում պատիվ եմ ունեցել մասնակցելու միջազգային, տարածաշրջանային և լոկալ բազում միջոցառումների:

2010թ.-ից ի վեր տարբեր գործուղումներով մասնակցել եմ ավելի քան 200 միջազգային գիտաժողովների, համաժողովների, աշխատաժողովների Եվրոպայի գրեթե բոլոր պետություններում, որտեղ քննարկվող թեմաները ներառել են բարձրագույն կրթության, սոցիալական, տնտեսագիտական և հասարակական ոլորտի հարցերի լայն շրջանակ:

Այս հանդիպումների ընթացքում ձեռք եմ բերել բազում ընկերներ ազգային, կրոնական, սոցիալական և այլ տարբեր պատկանելությունների, ովքեր փայլել են իրենց մասնագիտական, մարդկային և անձնային որակներով, ինչը որ ամենակարևոր հիմքն է եղել շարունակական ընկերական հարաբերություններ հաստատելու:

Ու բոլորովին չեմ մտածել և չեմ էլ մտածում, որ պետք է իմանայի վերջիններիս անձնական կողմնորոշման հետ կապված մանրամասներ և դրա հիման վրա ձևավորեի մարդկային հարաբերություններ և ընկերություն:

Հաճախ լինելով արտերկրում՝ նախաձեռնվել են գործընկերային, ընկերային հանդիպումներ արտասահմանցի իմ ընկերների, գործընկերների հետ, որոնց հետ միասին տարբեր միջոցառումների մասնակցությունը և այդ միջոցառումների լուսանկարների հրապարակումը որևէ առնչություն չունի իմ ավանդական կողմնորոշման հետ:

Լինելով Հայ առաքելական եկեղեցու հետևորդ՝ ունեմ ավանդական կողմնորոշում, և սա չի եղել հիմք մարդկային շփումներում առաջնորդվել անհատի քաղաքական, սոցիալական, կրոնական, ազգային կամ սեռական կողմնորոշումներով, այլ առաջնորդվել եմ մարդկային, անձնային, անհատական որակները առաջնային դասելով:

Մամուլում հրապարակված նյութը դիտարկում եմ զրպարտանք, ստոր քայլ, որով փորձ է արվում արատավորել իմ անունն ու կրթական համակարգն ընդհանրապես:

Պետք է արձանագրեմ, որ հրապարակման խմբագիրները եղել են «ճկուն» և ձևակերպումներում զգուշավոր, հանրությանը զուտ որպես տեղեկատվություն ներկայացնելով նմանօրինակ միջոցառումների մասնակցությունը, ապահովագրելով «սեփական կաշին» իրավական պատասխանատվությունից, բայց միևնույն ժամանակ իմ անվան հետ այլ ենթատեքստեր ասոցացնելով:

Ցավում եմ, որ նման էժանագին նյութերով փորձ է արվում հասարակությունում ու իմ մտերիմ շրջապատում ստվերել ու նսեմացնել իմ անուն ու գործունեությունը:

Այս հանգամանքով պայմանավորված հորդորում եմ հրապարակումս ընդունել՝ որպես պաշտոնական արձագանք: Հորդորում եմ այն «լրատվամիջոցները», որոնք ջանասիրությամբ տպագրել են իմ անունն ու համբավն արատավորելու փորձ հանդիսացող նյութը, նույն ջանասիրությամբ հրապարակել այս արձագանքը:

Հարգելի «լրատվամիջոցներ», հասկանում եմ ձեր նպատակները ամեն կերպ արատավորել նոր Հայաստանում իշխանությունների գործողությունները, մոտեցումները: Բայց դա մի արեք նման ստոր քայլերով՝ զրպարտելով անհատների, խաղալով մարդկանց ճակատագրերի հետ:

Հուսով եմ՝ նման բնույթի ստոր նյութերն այլևս տեղ չեն գտնի ԶԼՄ-ներում, և ուզում եմ հավատալ, որ երկրում ստեղծված ներքաղաքական, սոցիալ-հոգեբանական իրավիճակը առիթ չի հանդիսանա անհատ քաղաքացիներին թիրախավորելու, արատավորելու և ցեխ շպրտելու վերջիններիս կյանքին:

Շնորհակալ եմ իմ ընկերներին, հարազատներին, սրտացավ մարդկանց իրենց աջակցության համար»:

Կիսվել