48-ամյա կինը ծննդաբերել է իր առաջնեկին «Հայ Մանուկ» ծրագրի շնորհիվ
48-ամյա կինը ծննդաբերել է իր առաջնեկին «Հայ Մանուկ» ծրագրի շնորհիվ
NEWS.am Med-ը գրում է․ 48-ամյա Կարինե Գեւորգյանը 5 ամիս առաջ ծննդաբերել է իր առաջնեկին՝ Բաղդասարին: Մինչ այդ շուրջ 6 տարի նա եւ նրա ամուսինը երազում էին երեխայի մասին:
Կարինեն ամուսնացավ, երբ 42 տարեկան էր, իսկ ամուսինը՝ 53։ Նրանք շատ էին երեխա ուզում, առանց որի իրենց ընտանիքը ոչ լիարժեք էին համարում, սակայն բնական ճանապարհով բեղմնավորում չէր ստացվում։
Լսելով «Հայ» ասոցիացիայի մասին, որը «Հայ մանուկ» ծրագրի շրջանակներում օգնում է անզավակ զույգերին, Կարինեն որոշեց դիմել այնտեղ։ Այն ժամանակ դեռեւս ծրագրում տարիքային սահմանափակում չկար, եւ Կարինեն ներառվեց ծրագրում։
Ասոցիացիան օգնեց ֆինանսավորել ԱՄԲ պրոցեդուրան, որի շնորհիվ Կարինեն հղիացավ:
«Դա իմ կյանքի լավագույն իրադարձությունն էր»,- NEWS.am Medicine-ի հետ զրույցում խոստովանեց Կարինեն:
Նրա խոսքով՝ ինքը մտավախություն ուներ, որ տարիքի պատճառով իր մոտ կարող էին բարդություններ առաջանալ, սակայն հղիությունը հանգիստ էր անցել, եւ 2019 թվականի հոկտեմբերի 11-ին ծնվել էր նրա առաջնեկը: Երեխային անվանել են Բաղդասար:
Շուտով Բաղդասարը 5 ամսական կդառնա: Նա հետաքրքրասեր է եւ շատ համակրելի: Կարինեն իրեն աշխարհում ամենաերջանիկ կանանցից մեկն է համարում:
Բաղդասարը 20 երեխաներից մեկն է, որոնք արդեն ծնվել են շնորհիվ «ՀԱՅ» ասոցիացիայի եւ «Հայ Մանուկ» ծրագրի: Օրերս ծրագրի շահառուներից մեկը երկվորյակ աղջիկներ է ծննդաբերել:
«ՀԱՅ» ասոցիացիան, ինչպես NEWS.am Medicine-ի թղթակցին ասաց ասոցիացիայի հայկական գրասենյակի ղեկավար Լիլիթ Ադիբեկյանը, բարեգործական կազմակեպություն է, որը ֆինանսավորում է օժանդակ վերարտադրողական տեխնոլոգիաները անպտուղ զույգերի համար:
Ասոցիացիայի գումարները հավաքվում են շնորհիվ ինչպես մասնավոր անձանց, այնպես էլ տարբեր կազմակերպությունների հանգանակությունների:
Առավել մանրամասն՝ սկզբնաղբյուր կայքում