Մամուլ

«Նա խենթի պես քաջ էր»․ այսօր Անդրանիկ Օզանյանի ծննդյան օրն է

«Նա խենթի պես քաջ էր»։ Այսօր հայ զորահրամանատար, պետական գործիչ, ֆիդայապետ (հայդուկապետ) Անդրանիկ Օզանյանի ծննդյան օրն է:

«Ես իմ կյանքում երբեք չեմ ձգտել անձնական երջանկության ու բարօրության։ Ես մշտապես ձգտել եմ միայն մի բանի և պայքարել եմ միայն մի բանի՝ իմ հարազատ ժողովրդի ազատության և բարեկեցության համար։

Ես չեմ փնտրում իմ վաստակի գնահատականը և ցանկանում եմ միայն այն, որ երջանիկ լինի այն ժողովուրդը, որին ես ծառայում եմ ամբողջ կյանքում»,- ասել է Անդրանիկ Օզանյանը։

Նա ծնվել է 1865թ. փետրվարի 25-ին Արևմտյան Հայաստանի Շապին Գարահիսար քաղաքում:

Առանձնակի դեր է խաղացել Հայ ազատագրական շարժման գործում։ Մասնակցել է իր հայրենի երկրի բնակավայրերի պաշտպանությանը։ Անդրանիկն առաջին անգամ անցնում է Սասուն, բայց 1896 թվականին մեկնում է արտասահման։

1897 թվականին Վազգեն Տերոյանի խմբի կազմում Անդրանիկը երկրորդ անգամ է մտնում Արևմտյան Հայաստան, ուր մնում է մինչև 1904 թվականը։

1912-1913 թվականներին Գարեգին Նժդեհի հետ միասին Անդրանիկի գլխավորությամբ հայ կամավորներից կազմակերպվում է վաշտ, որը մտնում է բուլղարական բանակի աշխարհազորի կազմում և մարտնչում Օսմանյան կայսրության բանակի դեմ։

Բուլղարական հրամանատարությունը բարձր գնահատեց հայկական վաշտի մասնակցությունը Առաջին Բալկանյան պատերազմին։

 Գեներալ-լեյտենանտ Չերնոզուբովը Օզանյանի մասին ասել է․

«Ես միշտ հանձին Անդրանիկի տեսնում էի ջերմ հայրենասերին, Հայաստանի ազատության մարտիկին, որ խորապես սիրում է իր Հայրենիքը։ Ես առանձնակի հաճույքով էի միշտ կարդում ռուսերեն թարգմանությամբ քաղվածքները հայկական թերթերի հոդվածներից, որտեղ Անդրանիկին հարգանք էր մատուցվում՝ իբրև ազգային հերոսի, որն իր գլուխը միշտ քաջաբար պահեց Հայաստանի դարավոր թշնամու դեմ պայքարում ազգային իդեալները իրագործելու համար»։

Մյուս, ոչ պակաս հայտնի ռուս զորավար Յուդենիչը Անդրանիկի մասին ասաց, որ նա «խենթի պես քաջ է»։

Կիսվել