Ապրիլյանի հերոս Տիգրան Պողոսյանն այսօր կդառնար 28 տարեկան
Ապրիլյանի հերոս Տիգրան Պողոսյանն այսօր կդառնար 28 տարեկան
Փետրվարի 21-ը ապրիլյան քառօրյա պատերազմի հերոս Տիգրան Պողոսյանի ծննդյան օրն է: Այսօր նա կդառնար 28 տարեկան:
Տ. Պողոսյանը ծնվել է 1992 թվականի փետրվարի 21-ին Շիրակի մարզի Արթիկ շրջանի Հոռոմ գյուղում, Մխիթար Պողոսյանի և Սիլվա Մանասյանի ընտանիքում։
Ունի ավագ եղբայր՝ Տարոն Պողոսյանը: 2010 -2014թթ. սովորել է Վ. Սարգսյանի անվան ռազմական ինստիտուտում։ Հետո ծառայության է անցել ԼՂՀ Մարտակերտում։ Զբաղվել է կինգ բոքսով, կարատե սպորտաձևերով:
Քառօրյա պատերազմի ժամանակ Տիգրանը թեթև վիրավորվել էր, սակայն լռել էր, միայն եղբորն էր խնդրել՝ իր սիրած աղջկան չասել այդ մասին: Ապաքինվելուց հետո նորից շարք էր վերադարձել:
Միշտ սիրում էր կրկնել, թե «սպան զինվորի ավագ ընկերն է ու միշտ նրա կողքին պետք է լինի»: Ինքն էլ սեփական օրինակով միշտ զինվորի հետ է եղել: Նրա հարևան դիրքն էլ Արմենակ Ուրֆանյանի դիրքն էր:
Մի անգամ նույնիսկ իր դիրքում ստուգումներ անցկացնելուց հետո Տիգրանին լավագույն հրամանատար են ճանաչել, շատ ամուր է պահել դիրքը, որն էլ հենց իր անունով են կոչել:
2014 թվականից 2016 թվականի ապրիլի 2-ից պայքար է մղել ադրբեջանական բազմաքանակ գրոհայինների դեմ։ Արիաբար զոհվել է 2016 թվականի ապրիլի 25-ի գիշերը լույս 26-ին արկի բեկորի մահացու հարվածից՝ սեփական մարմնով փրկելով իր զինվորի կյանքը։
Հետմահու ստացել է ավագ լեյտենանտի կոչում: 2014 թվականին, ինստիտուտի ավարտական տարում, ՀՀ նախագահի կողմից պարգևատրվել է անվանական դաշույնով, 2016 թվականի մայիսի 28-ին՝ Հայաստանի Հանրապետության «Արիության» պետական մեդալով, իսկ 2016 թվականի մարտի 27-ին՝ Արցախի «Արիության» պետական մեդալով:
Տիգրան Պողոսյանի ընկերները հաճախ են հիշում նրա խոսքերը. «Ամենալավն այս տղաներն են, որ դիրք են պահում»: