Քաղաքականություն

ԲՀԿ-ականներն այսօր կհավաքվեն «Կանյաչնիում». Ի՞նչ հարցով է իմքայլականը մտել Ծառուկյանի մոտ․ «Ժողովուրդ»

ԲՀԿ-ականներն այսօր կհավաքվեն «Կանյաչնիում». Ի՞նչ հարցով է իմքայլականը մտել Ծառուկյանի մոտ

«Ժողովուրդ» թերթը գրում է. ««Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով՝ այսօր, ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանի գլխավորությամբ, «Կանյաչնիում» տեղի է ունենալու քաղխորհրդի նիստ:

Մասնավորապես, ԲՀԿ-ականներով հավաքվելու են եւ քննարկելու հարցը, թե ինչ դիրքորոշում հայտնեն սահմանադրական բարեփոխումների հանրաքվեի մասով:

Ըստ մեր տեղեկությունների՝ այս օրերին ԱԺ ԲՀԿ խմբակցության պատգամավորները Գ. Ծառուկյանին համոզել են, որ իրենք «ԱՅՈ»-ի շտաբից չեն կարող լինել, քանի որ վերջին ժամանակահատվածում շատ լուրջ քննադատության են ենթարկել իշխանությունների վարած քաղաքականությունը՝ հանրաքվեի հետ կապված, ուստի «ԱՅՈ» ասելով՝ իրենք իրենց սկզբունքներից կհեռանան:

Հիմնականում ԲՀԿ-ականները հակված են «ՈՉ» ասել հանրաքվեին, բայց մի հատվածն էլ կարծում է, որ այդպես կարող են հանրության զայրութը շարժել, դա է պատճառը, որ Ծառուկյանն իր թիմակիցներին հրավիրել է հանդիպման՝ որոշում կայացնելու. գուցե նրանք էլ գնան երրորդ` չեզոք մնալու տարբերակով:

Երեկ էլ «Ժողովուրդ» օրաթերթը նկատեց, որ ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Քրիստինե Պողոսյանն է ԱԺ ԲՀԿ խմբակցություն մտել: Ըստ մեր տեղեկությունների՝ Ք. Պողոսյանը Գագիկ Ծառուկյանի հետ է զրուցել:

Մենք փորձեցինք պատգամավորից պարզել` արդյոք ինքն է միջնորդը` իշխանությունների եւ ԲՀԿ-ի միջեւ հանրաքվեի հարցով, սակայն իմքայլականը հայտարարեց. «Լրիվ այլ հարց էր, գործընկերային հարց էի ես քննարկում պարոն Ծառուկյանի հետ, ուրիշ ոչ մի բան»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

Կիսվել