Ամեն ինչ անում են՝ տնօրենները զզվեն, դիմում գրեն, որպեսզի իրենց ընկերների կանանց տնօրեն դարձնեն. Մանրամասներ Շենգավիթի թաղապետարանի միջադեպից
Ամեն ինչ անում են՝ տնօրենները զզվեն, դիմում գրեն, որպեսզի իրենց ընկերների կանանց տնօրեն դարձնեն. Մանրամասներ Շենգավիթի թաղապետարանի միջադեպից
Շենգավիթի թաղապետ Ռազմիկ Մկրտչյանի կողմից նախօրեին թաղապետարանի շենքում համայնքի բոլոր մանկապարտեզների տնօրեններին հավաքելու, ապա ոստիկանություն կանչելու պատմությունը մեծ հնչեղություն է ստացել։
Հանդիպմանը մասնակցած տնօրեններից մեկը «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում նշեց, որ իրենք մինչև 21։30-22։00-ը մնացել են թաղապետարանի շենքում, և իրենք այդ վերաբերմունքից շատ վրդովված ու վիրավորված են։
Տնօրենը, ում համաձայնությամբ չենք հրապարակում անունը, ասաց, որ հանդիպումը նախապես պլանավորված չի եղել, իրենց երեկոյան 16։30-ին զանգել են թաղապետարանից և ասել, որ շտապ խորհրդակցություն է հրավիրված, և գան թաղապետարան։
Համայնքի ենթակայության տակ գտնվող 21 մանկապարտեզների տնօրենները գնում են թաղապետարան, և խորհրդակցության ժամանակ անհրաժեշտություն է առաջանում, որ մանկապարտեզի սննդի գրանցամատյանները բերեն թաղապետարան։
Տնօրենները զանգում են, և տնտեսվարները մոտ 40 րոպե անց բերում են գրանցամատյանները, որից անմիջապես հետո ոստիկաններ են գալիս և առգրավում են մատյանները:
«Այդ ամբողջ տեսարանը բեմականացում էր հիշեցնում։ Իրենք ասում են, թե դրսից, ծնողներից է բողոք եղել, բայց ես գիտեմ, որ թաղապետարանի կրթության բաժնի պետն է գրել բողոքը և ուղարկել է ոստիկանություն, դրսից ոչ մի բողոք չի եղել։
Իսկ եթե բողոք էլ լիներ, ապա 21 մանկապարտեզի վրա բողոք չէր կարող լինել։ Սա կազմակերպված շոու էր, կրկնում եմ։
Եվ հետո՝ ոստիկանները այդ սննդի գրքով, գրանցամատյանով ոչ մի բան չեն կարող պարզել՝ չարաշահում արվո՞ւմ է, թե՞ ոչ։
Այդ մատյանում երևում է միայն սննդի մուտքն ու ելքը»,- ասաց մեր զրուցակից տնօրենը՝ հավելելով, որ իրենք դեմ չեն, թող ստուգումներ լինեն, պարզեն՝ չարաշահումներ կան, թե ոչ, բայց իրենց վիրավորում և վրդովեցնում է այդ գործողությունները իրականացնելու եղանակը:
«Ամբողջ թաղապետարանի աշխատողները մեզ վրա ծիծաղում էին։ Մեզ տարել, նստեցրել էին սենյակում, աշխատողները հերթով գալիս, մտնում, նայում էին մեզ, ծիծաղում ու գնում։
Աշխատողներից մեկն էլ զանգել էր առաջին հարկի աշխատողներին ու ասում էր՝ հլը եկեք վերև, ստեղ կինո ա։ Տնօրեններից՝ մեր 40 տարվա մանկավարժներից մեկի առողջական վիճակը վատացավ անգամ, ճնշումը բարձրացավ։
Շատ տհաճ, վիրավորական իրավիճակ էր, ու այդ պայմաններում մեզ պահեցին մինչև գիշերը 22։00-ն։ Մեզ հետ այնտեղ էին թաղապետի տեղակալը, կրթության բաժնի պետն ու տեսուչները ու էլի մի քանի աշխատողներ»,- պատմեց տնօրենը։
Ի դեպ, տնօրենը նշեց, որ գրեթե ամեն օր իրենց մոտ ստուգումներ են։ Մի քանի օրը մեկ պարբերականությամբ թաղապետարանի կրթության բաժնի աշխատողները մտնում են ստուգումների ու ոչ մի լուրջ բան չբացահայտելու պարագայում նման «շոու են կազմակերպում».
«Եթե չարաշահումներ, խախտումներ կային, թող իրենք բացահայտեին, ամեն օր ստուգումներ են։ Օրը բացվում է, նույն աշխատողները մտնում են ստուգումների։ Այդ ինչ եղավ, որ ոչ մի բան չհայտնաբերեցին ու մեզ հավաքեցին մի սենյակում ու ոստիկանություն կանչեցին։
Ընդ որում, այնքան ակնհայտ էր, որ ոստիկաններին իրենք են կանչել, քանի որ ոստիկանները ուշանում էին, իսկ իրենք անիմաստ խոսակցություններով ժամանակ էին ձգում, թե իբր մյուս պարտեզներում ավելի երեխաների թիվ են ցույց տալիս, մենք դա պետք է բացառենք և այլն»:
Տնօրենը հավելեց, որ այսօր, օրինակ, իրենց աշխատանքը խաթարվել է, քանի որ չկան գրանցամատյանները, իրենք չեն կարողանում գրանցումներ անել պարտեզ մտած կամ պահեստում առկա սննդի վերաբերյալ, մատակարարի բերած ապրանքը չեն կարողանում գրանցել։
Մեր դիտարկմանը՝ այս ամենից ի՞նչ է հասկանալի դառնում, ի՞նչ նպատակ էր հետապնդում, իրենց ձևակերպմամբ, «թաղապետարանի շոուն», մեր զրուցակից տնօրենը նշեց, որ այս ամենը մեկ նպատակ է հետապնդում, որ իրենցից շատերը զզվեն, դիմում գրեն ու հեռանան, քանի որ թաղապետը այդ պաշտոնների համար ցանկալի թեկնածուներ ունի:
Առավել մանրամասն՝ սկզբնաղբյուր կայքում