Դավաճանը նրանք են, ովքեր դավաճանել են հեղափոխության գաղափարները. Արթուր Վանեցյան
Դավաճանը նրանք են, ովքեր դավաճանել են հեղափոխության գաղափարները. Արթուր Վանեցյան
«Դավաճան լինելու գնահատականից թող վախենան նրանք, որոնք դավաճանել են հեղափոխության գաղափարները: Դավաճան պիտակավորումից թող վախենան նրանք, որոնք իրենց անձնական շահը վեր դասեցին հանրային շահից:
Դավաճան պիտակավորումից թող վախենան նրանք, որոնք շատ կարճ ժամանակ հետո սթափվելու են՝ ասելով չենք հասկացել, թե ինչ ենք անում»,- տպագիր մամուլի ներկայացուցիչների հետ զրույցում ասաց ԱԱԾ նախկին տնօրեն Արթուր Վանեցյանը՝ ընդգծելով, որ խոսքը վերաբերում է այն շրջանակին, որն այսօր իշխանության մեջ է:
Ի պատասխան հարցին, թե ո՞վ էր տվել Մանվել Գրիգորյանի «տուշոնկա շոուի» և Քոչարյանին կալանավորելու հրամանները, Արթուր Վանեցյանն ուղղեց լրագրողին՝ ասելով, որ չի կիսում տեսակետը, թե «տուշոնկա շոու» է եղել: «ԱԱԾ-ն իրականացրել է լայնածավալ օպերատիվ-հետախուզական աշխատանքներ և բացահայտել է կոնկրետ հանցագործություններ:
Հետագայում, թե ինչ գնահատականներ տրվեցին, ես չեմ դրանց պատասխանատուն: Այն, ինչ ներկայացվել է Ազգային անվտանգության ծառայության կողմից ներկայացված տեսանյութի մեջ, ամբողջովին համապատասխանում է իրականությունը:
Իսկ քննությունն իրականացրել է ՀՔԾ-ն, եթե կան հարցեր, դժգոհություններ, այդ հարցով պետք է դիմել նախաքննություն իրականացնող մարմին: Բացի այդ, այսօր իրականացվում է դատաքննություն, բոլոր ապացույցները հասանելի կդառնան հանրությանը և գնահատականը կտրվի»:
Անդրադառնալով Ռոբերտ Քոչարյանի գործի մասին հարցին՝ Վանեցյանն ասաց. «Ես դա չէի կոչի Ռոբերտ Քոչարյանի գործ, Մարտի 1-ի գործի բացահայտման մասին է խոսքը: Մարտի 1-ի գործ ասելիս ես հասկանում եմ, որ առաջնահերթությունը պետք է տրվեր տասը մարդկանց սպանության հանգամանքների բացահայտմանը:
Հիմա հարց է առաջանում՝ այսօրվա գործընթացները, քննությունը արդյոք նպաստո՞ւմ են տասը զոհերի սպանությունների բացահայտմանը: Ես կարծում եմ՝ ոչ: Ինչ վերաբերում է Ռոբերտ Քոչարյանին, այս հայտարարությունից հետո ես գիտեմ, որ լինելու են շատ տարբեր մեկնաբանություններ, բայց ես ուզում եմ նշել, որ Քոչարյանի խափանման միջոց կալանավորումն ընտրված է սխալ, նա որևէ իր քայլով երբևէ ցույց չի տվել, որ խուսափում է քննությունից:
Կարծում եմ՝ ճիշտ կլիներ Քոչարյանի փախանման միջոցը վերանայվեր: Դա կթուլացներ նաև լարվածությունը հասարակության որոշ շրջանակներում և միայն կնպաստեր գործի լիարժեք քննությանն ու բացահայտմանը, իսկ մենք բոլորս ուզում ենք, որ Մարտի 1-ի գործը լիարժեք բացահայտվի»:
Պատասխանելով լրագրողի հարցին՝ Մարտ 1-ի գործ ասվածը չի՞ ենթադրում, որ պետք է պատասխանատվության կանչել գլխավոր սադրիչին՝ Նիկոլ Փաշինյանին, Վանեցյանը պատասխանեց.
«Ես չեմ կիսում Ձեր գնահատականը: Կարծում եմ՝ քննությունը պետք է իրականացվի բազմակողմանի, լիրաժեք, որպեսզի որևէ կողմի մոտ հարցեր չծագի: Եթե քննության ընթացքում պարզվի՝ մեղավոր են այս կամ այն անձը, նրանց պետք է կանչել պատասխանատվության:
Բայց քանի դեռ չունենք քննությամբ ապացուցված մեղադրանք որևէ մեկին մեղադրելու իրավունք չունենք»: