Սեփական երկրում հաղթանակած ժողովրդի նկատմամբ նման վերաբերմունքը ոչ այլ ինչ է, քան հանցագործություն. Վիտալի Բալասանյան
Սեփական երկրում հաղթանակած ժողովրդի նկատմամբ նման վերաբերմունքը ոչ այլ ինչ է, քան հանցագործություն. Վիտալի Բալասանյան
Այս մասին ֆեյսբուքյան էջում հայտարարություն է տարածել Արցախի հերոս, գեներալ-մայոր Վիտալի Բալասանյանի գրասենյակը:
Հայտարարությունը ստորև՝
«Սիրելի’ հայրենակիցներ, քույրեր և եղբայրներ, հաղթանակած երկրի քաջարի մարտիկներ,
ջերմորեն շնորհավորում եմ ձեզ՝ Հայոց Բանակի կազմավորման և Հայրենյաց պաշտպանի օրվա կապակցությամբ։
Հայրենյաց պաշտպանի կերպարը հայոց պատմության մեջ ձևավորվել է դարերի ընթացքում։
Բոլոր ժամանակներում հայ ազգային-ազատագրական պայքարում ներգրավված է եղել ողջ ժողովուրդը. պաշտպանելով հայրենիքը՝ հազարավոր հայորդիներ սխրանքներ են գործել, հերոսացել, շատերը՝ մարտիրոսվել ու անմահացել։ Հայրենյաց պաշտպանի կերպարը վերածնվեց Արցախյան ազատամարտի ընթացքում և դրան հաջորդող տարիներին:
Պատերազմի ժամանակ ինքնաբուխ ձևավորված ինքնապաշտպանական ֆիդայական ջոկատները հենց մարտի դաշտում վերածվեցին կանոնավոր բանակի, որը դիմակայեց հակառակորդի նետած մարտահրավերներին և դարձավ մեր անվտանգության երաշխավորը։
Այսօր մենք առանձնահատուկ երախտագիտությամբ տոնում ենք նաև հայի ինքնության պաշտպան և գոյության երաշխավոր Հայոց Բանակի կազմավորման 28-րդ տարեդարձը։
Կերտած փառավոր հաղթանակից հետո Արցախում դեռևս բազում չլուծված խնդիրներ կան՝ կապված երկրի անվտանգության, պաշտպանունակության, պետական ինստիտուտների կառավարման, օրինականության և արդարության հաստատման, պետական գույքի և հողերի սեփականաշնորհման, տնտեսության զարգացման, Արցախի պատմաիրավական տարածքների բնակեցման, բնական ռեսուրսների շահագործման, ժողովրդագրական վիճակի, գործազրկության ու աղքատության հետ:
Մեր երկրում այդ խնդիրների մեծ մասի առկայությունը, սակայն, առաջին հերթին հետևանք է իշխանությունների ապաշնորհ կառավարման:
Իսկ որոշ դեպքերում, պետական շահը ստորադասվել է անձնական շահին՝ պարարտ հող ստեղծելով ստվերային տնտեսության ձևավորման, օրինազանցության և անարդարության արմատավորման, պետական բյուջեի ոչ նպատակային օգտագործմամբ պետությանը պատճառած հսկայական վնասների ու մսխման, գյուղատնտեսական և այլ նշանակության հողերի ապօրինի սեփականաշնորհման կամ տասնյակ տարիներով շահագործման իրավունք ձեռք բերելու և օգտագործելու, հսկայական չափերի հասնող արտագաղթի, ապագայի նկատմամբ քաղաքացիների թերահավատության աճի համար:
Սեփական երկրում հաղթանակած ժողովրդի նկատմամբ նման վերաբերմունքը ոչ այլ ինչ է, քան հանցագործություն։ Ոտնահարված է Արցախի քաղաքացու արժանապատիվ ապրելու իրավունքը և խիստ վտանգված է նրա ապագան։
Վստահ եմ, որ քաղաքական կամքի դրսևորմամբ, միասնական ուժերով, նվիրումով ու պետական շահի գերակայությամբ մենք կապահովենք
ԱՐԺԱՆԱՊԱՏԻՎ ԿՅԱՆՔ՝ ՊԱՇՏՊԱՆՎԱԾ ԱՐՑԱԽՈՒՄ
Արցախի հերոս, գեներալ-մայոր Վիտալի Բալասանյան
հունվարի 27, 2020 թ.»: