«Մի՛ արեք այնպես, որ կոռուպցիան մտնի բանակ։ Եթե բանակայինը չլինի, ո՞ւմ է պետք պատգամավորը». Սարգիս Գաբրիելյան
«Մի՛ արեք այնպես, որ կոռուպցիան մտնի բանակ։ Եթե բանակայինը չլինի, ո՞ւմ է պետք պատգամավորը»։
168․am-ը գրում է․ Օրեր առաջ, երբ բանակի տոնին ընդառաջ ուղեղումս հերթական անգամ հերոսներ էի փնտրում, հանկարծ հիշեցի Սարգիս Գաբրիելյանին, ում մի քանի տարի չէի տեսել, իսկ ծանոթացել էի ադրբեջանական կողմից ձեռնարկված մի դիվերսիոն գործողությունից անմիջապես հետո:
2015թ. մարտի 19-ին հակառակորդի հատուկ նշանակության ջոկատի ուժեղացված խմբի ձեռնարկած հարձակման հետևանքով այդ ժամանակ լեյտենանտ Սարգիս Գաբրիելյանը վիրավորվել էր, կորցրել թևը: Նա Արցախի Հանրապետության նախագահ Բակո Սահակյանի կողմից արժանացել է «Մարտական խաչ» 2-րդ աստիճանի շքանշանի: Այս պահին ավագ լեյտենանտ Սարգիս Գաբրիելյանն իր ծառայությունն իրականացնում է ՀՀ ՊՆ թիկունքային զորամասերից մեկում (Թիկունքի գնդի պարենի իրային գույքի գումարտակի դասակի հրամանատար):
Սարգիսին հինգ տարի հետո գտա Ֆեյսբուք սոցիալական ցանցում, հանդիպեցինք, զրուցեցինք. նույն ժպիտն էր, որը կար իր հետ պատահածից հետո և այսօր էլ չի կորել, և հպարտ կեցվածքը: Եվ ոչինչ, որ ռազմական կրթություն ստացած և ադրբեջանական դիվերսիան հետ մղած ավագ լեյտենանտն այսօր գործից դուրս տաքսի է վարում, որ մի քիչ լավ ապրի:
Ծառայության ժամանակ ինչ-որ մեկի կյանքը փրկելով՝ քո ջուրը, հողը, գերեզմանն ես փրկում
«Հերոսության «չափանիշերը» ոչ միայն Հայաստանում, այլև աշխարհում են փոխվել: Մենք պատերազմող ազգ ենք եղել, և ժամանակին հերոս էր այն մարդը, որը պաշտպանել է մեր հողն ու ջուրը: Սա դարեդար եկել է ու հասել: Բայց հիմա մարդ կարող է մի չնչին բան անել, ինչը հերոսություն չի, գուցե պատահականություն է, բայց այդ մարդուն կարող են հերոսացնել: Իմ կարծիքով՝ ամեն ինչից առավել բանակայինի հերոսացումն է: Ճիշտ է՝ քաղաքացիական կյանքում էլ կարող ես մեկի կյանքը փրկել, բայց բանակում, ծառայության ժամանակ, երբ փրկում ես ինչ-որ մեկի կյանքը, դա միայն իր կյանքը չես փրկում, այլ քո ջուրը, հողը, գերեզմանը: Երբ պատերազմում ես, դա միայն քեզ համար չես անում: Ինձ համար հերոսը բանակի զինվորն ու սպան է առաջին հերթին: Դա իմ կարծիքն է, միգուցե շատերը քննադատեն»:
Բանակում վերադաստիարակվում են. ով է «լավ տղան»
«Բանակում չծառայող չկա, կա չհարմարվող մարդ, իսկ հարմարավետությունը գալիս է սպայից, հրամանատարից: Եթե նրանք կարողանան ճիշտ բացատրեն, հասկացնեն զինվորի կարևորությունը, զինվորը չի կարող չծառայել: Զինվորին պետք է ճիշտ ձևով բացատրել, ոչ թե բռնի ուժով, ծեծելով, որ զինվորը հասկանա՝ սուրբ գործ է կատարում: Իսկ ծառայությունը, իրոք, սուրբ գործ է, հատկապես սահմանամերձ հատվածներում կամ մարտական հերթապահություն իրականացնող զորամասերում ծառայության դեպքում: Եթե զինվորին ծեծով բացատրես, նա չի անելու քո ասածը: Թեպետ անկեղծ լինելու համար պիտի ասել, որ զինվորներ կան, որոնք միայն այդ ճանապարհով են հասկանում (ծիծաղում է): Սա էլ գալիս է ընտանիքից, որովհետև ընտանիքում դա են տեսել՝ ծեծով են բան հասկացրել: 2016-ին ես մի արտահայտություն արեցի՝ հերոս չեն ծնվում, հերոս դառնում են և վերադաստիարակվում բանակում:
Նույն «լավ տղա» հասկացողությունը, կարող ես «լավ տղա» լինել, բայց բարձրանաս պոստեր ու մի զինվորից, դեպքից մահանաս: Եթե պիտի այնպես ծառայես, որ ամեն մի խելոք զինվոր քեզ վրա ատամ ունենա, կամ բարձրանաս դիրքեր և դառնաս կուռկուռի ձագ ու մի քյոռ գյուլլից մահանաս, էլ ի՞նչ «լավ տղա»: «Լավ տղան» նա է, ով 2 տարի նորմալ ծառայում է և հասնում իր ծնողին: Խոսքը մարտական, դիվերսիոն դեպքերի մասին չէ: Իհարկե, կան շատ հասկացող զինվորներ, որոնք սպայի համար թև ու թիկունք են:
Ավելին, ճիշտ հրամանատարը լսում է իր զինվորին, երբ նա խելացի դիտարկում է անում և հետևություն անում: Զինվորն էլ կարող է ճիշտ բաներ ասել, այնպես չի՝ եթե հրամանատար է, ուրեմն միայն իր ասածն է ճիշտ: Եթե հրամանատարը լսի զինվորին և զինվոր-հրամանատար հարաբերությունները լավը լինեն՝ չանցնելով սահմանը, մենք կունենանք իդեալական բանակ: Այստեղ կարևոր է, որ հրամանատարը տարբերություն չդնի հարուստի և չունևորի տղայի միջև՝ գիտես, էս մի զինվորի պապան ինչ փողեր ունի: Կան շատ ծնողազուրկ էրեխեք, որոնք արտակարգ, ուժեղ տղաներ են»:
Այսօրվա օրենքները «թևեր» են տալիս զինվորին. բանակում պիտի ճիշտ խստություն զգա
«Դա էլ իր վատ կողմերն ունի, արգելքներն էլ: Եթե զինվորն ուզենա զորամասում հեռախոս պահել, պահելու է: Եթե ուզենա լավ ուտելիք ուտել, ուտելու է, փողով առնելու է: Այլ հարց է, որ, օրինակ, հեռախոս պահելը պիտի կանոնակարգված լինի, հեռախոսները պետք է ճիշտ օգտագործվեն, ճիշտ ժամանակին, ճիշտ տեղում: Այսինքն՝ եթե պիտի թաքուն օգտվեն, ավելի լավ է դա անեն օրինական ճանապարհով, բայց կրկնում եմ՝ կանոնակարգված: Բանակում զինվորը պիտի ճիշտ խստություն զգա: Չպատճառաբանված և սխալ իրավիճակներում «թևեր» չպետք է տալ զինվորին, ինչպես նաև՝ անհիմն խստություն չպետք է լինի:
Երկու դեպքում էլ սխալ հետևանքի ենք հանգելու: Խելոքին եթե բանակում երես տաս, հղփանալու է, ինչպես ընտանիքում: Ինչ վերաբերում է զորամասերն ինքնակամ լքելու դեպքերին, դա միշտ էլ եղել է: Այստեղ էլ կան նրբություններ. եթե լինի հիմնավոր պատճառ, և հրամանատարը թույլտվություն տա, զինվորն ինքնակամ չի լքի: Ես հիշում եմ, որ ռազմական ինստիտուտում կուրսանտին չթողեցին գնալ սեփական հարսանիքին, որովհետև վատ քայլեր էր արել: Բայց մի բան հստակ է՝ եթե զինվորը ուրախ կամ վատ առիթի պիտի մասնակցի, և չթողեն, մեկ է՝ ինքն իր ձևերով պիտի մասնակցի: Սա կա:
Եթե թույլ տա հրամանատարը, գուցե այդ վատ զինվորն անգամ փոխվի: Այլ հարց է՝ եթե զինվորն ուզենա քաղաք գնալ, և հրամանատարը, որպեսզի իր դեմ դուրս չգա, թույլատրի: Սա այլ խնդիր է, սրա մասին չի խոսքը: Այս դեպքում գործ ունենք սեփական շահի մասին մտածող և թույլ հրամանատարի հետ:
Այստեղ արդեն կադրային խնդիր է. սպան լավ իմաստով ուժեղ և ինքնավստահ պիտի լինի, եթե եղավ, ուրեմն նա երբեք զինվորների միջև տարբերություն չի դնի: Իսկ այդ տարբերություն դնելն այսօր էլ կա, եթե մեկն ինձ ասի, որ չկա, չեմ հավատա: Մի շատ կարևոր բան նաև՝ սպան իրավունք չունի վատ բան ասելու զինվորին, նրա ծնողին: Իսկ զինվորի դեպքում էլ՝ հանցագործ է նա, ով գողանում է բանակից, ծառայակցին վնաս հասցնում: Դու ասում ես՝ եթե զինվորը հենակետում քնում է, սպան չի՞ կարող նրա իսկ անվտանգությունից ելնելով՝ կոպիտ խոսել: Սա այլ հարց է: Զինվորն իրավունք չունի քնելու մարտական հերթապահության ժամանակ: Եթե զինվորը պոստում թաքուն քնեց, նա ինձ համար մարդկային արժեք չի ունենա: Վստահ եմ՝ եթե զինվորը հրամանատարին ասի, որ քնի կարիք ունի, հաստատ նրան կփոխարինի մեկ ուրիշը, սպան չի ասի՝ ինձ չի հետաքրքրում: Դրա համար պիտի կոպիտ լինել, ծեծելն էլ քիչ է (ծիծաղում է.- Մ.Պ.):
Այստեղ պիտի մի բան ասեմ՝ կան օրենքներ, որոնք ցանկացած սպայի համար անընդունելի են: Կան օրենքներ, որոնց հիման վրա զինվորը «թևեր» է առնում: Հենց նույն Մեղրիի դեպքը ձեզ օրինակ: Շատ օրենքներ կարելի է վերանայել, որ դրանից զինվորը չառիթավորվի: Օրենքն ավելի շատ սպային պիտի ձեռնտու լինի, ոչ թե զինվորին, իսկ հիմա հակառակն է, այն էլ՝ այսօրվա սերունդի դեպքում դա ճիշտ չի»:
Ժամանակին համապատասխան քայլեր չենք ձեռնարկել…
«Որպես հետախույզ՝ կարող եմ իմ կարծիքն ասել՝ ժամանակին իմացել ենք այդ ամեն ինչի մասին: Անհնար է՝ դիմացիդ պետությունն ուզենա պատերազմել քո դեմ կամ պատերազմական վիճակ ստեղծի, և դու այդ մասին չիմանաս: 99 տոկոսով համոզված եմ՝ մենք իմացել ենք, բայց թերությունը նրանում է եղել, որ ժամանակին համապատասխան քայլեր չենք ձեռնարկել և մտածել ենք՝ թող մի հատ հարձակվեն, մենք միջազգային մարդասիրականով մի բան կանենք: Ինչի՞ սպասես, եթե կարող ես ավելի վատ պատասխան տալ: Ամենալավ պաշտպանությունը հարձակումն է: Մեր թերացումը նրանում է եղել, որ միանգամից պատասխան չենք տվել, սպասել ենք, որ մոտենան: Եթե տեսնում ես, ինչի՞ չկրակես, որ դրանք շակալի պես փախչեն: Ադրբեջանցիները շակալ են, ոչխար, այս տիպի մասսա է իրանց մոտ: Սա ինձ համար ցավոտ թեմա է»:
Ինչքան խաղաղություն ենք պահանջում, երկու այդքան էլ պիտի ցույց տանք մեր ուժը
«Բոլորս էլ խաղաղությանը կողմ ենք: Բայց մի կենցաղային օրինակ՝ եթե փողոցում երկու տղա կռվում է, և նրանցից մեկը ոչ մի կերպ չի ուզում հաշտվի, թեպետ մյուսն ուզում է, հաշտվել ուզողը թույլ և վախկոտ է ընկալվում բոլորի կողմից: Նույնը նաև այս դեպքում է. եթե մենք խաղաղություն ենք ուզում, ուրեմն՝ թույլ ենք: Ադրբեջանն էլ է մտածում՝ եթե խաղաղություն ուզենա, ուրեմն՝ թույլ է: Այնպես որ, ինչքան խաղաղություն ենք պահանջում, երկու այդքան էլ պիտի ցույց տանք մեր ուժը: Մենք ամենասկզբում պետք է ցույց տանք մեր ուժը՝ «այ բեղավոր» (Ալիևին նկատի ունի.- Մ.Պ.), կարող ենք այնպես անել, որ ձեզ համար շատ վատ լինի, բայց նաև կարող ենք այնպես անել, որ ոչ դուք զոհ ունենաք, ոչ՝ մենք: Մեզ համար մարդկային կյանքը մեծ արժեք է, իրենց համար՝ ոչ: Ադրբեջանի ղեկավարությունն ինչպես ոչխարի հոտին է քշում, այդպես էլ՝ իրանց զինվորներին, թե՝ գնացեք հայերի վրա:
Մարդկային քանակով իրանք շատ են, գուցե մի քիչ շատ քանակի սպառազինություն ունեն, բայց մենք մեր սպառազինության համար մասնագետներ ունենք, տարիներ առաջ տեսանք իրենց՝ «Սմերչի» կիրառման անհաջող փորձը: Զենքն ուժեղ է մասնագետի ձեռքում, անգրագետի ձեռքում ամենաուժեղ զենքը խաղալիք է դառնում: Գուցե մի քիչ սպառազինված են, բայց շատ դեպքերում մենք սպառազինական առումով էլ ենք առաջ, մասնագետի առումով էլ: Մենք գիտենք՝ ինչով ենք սպառազինված, դա ինչպես և երբ պիտի կիրառել: Անպատեհ դեպքում հաստատ չենք օգտագործի: Իմ կարծիքով՝ պատերազմը կսկսի այն ժամանակ, երբ մեր թուլությունը ցույց տանք: Ինչպես նախարար Տոնոյանն է ասել՝ մի զոհի դիմաց՝ տասնապատիկը, ես ասում եմ՝ դա պիտի հարյուրապատիկ սարքենք, որ հասկանան՝ չպետք է մեզ հետ խաղան: Մենք այնպես պիտի անենք, որ մենք իրանցից չվախենանք երբեք, բայց իրենք մեզանից վախենան: Այս դեպքում պատերազմ չի լինի, իսկ եթե թուլացանք և իրենց լավ չպատասխանեցինք, դա նոր պատերազմի կտանի: Պիտի մեզանից վախենան»:
Հայ զինվորի «դուխը» մի զենք է, որն աշխարհում չի վաճառվում
«Մենք ունենք մի զենք, որն աշխարհում չի վաճառվում՝ դա հայի, հայ զինվորի «դուխն» է: Սա հայերիս ի ծնե է տրված.մենք ծնվում ենք «դուխով»: Փողոցում կարող է լինես խելոք երեխա, բայց դիրքում այդ նույն տղեն չգիտես ոնց է հզորանում՝ սարերի՞ց է, տեղի՞ց է, չգիտեմ: Ո՞նց են ինքնակազմակերպվում: Ես չեմ հասկանում՝ ո՞նց է այդ պահին էդ «դուխն» այդ էրեխեքի մեջ արթնանում: Հենց իմ դեպքը, որ հիշում եմ՝ դիվերսիայի ժամանակ ի՞նչ կռիվ տվեց էդ տղեն, առաջին անգամն էր… Ես նայում էի և մտածում՝ էս էն խելոք տղա՞ն է, հարյուր տարի պատերազմի մասնակցի նման են կռվում: Ասում են՝ առաջնագծից ամբողջությամբ հանեն ժամկետայիններին և փոխարենը պայմանագրայինների կանգնեցնեն, սխալ եմ համարում: Ինչի՞ համար:
Ասում են, որ ջահել էրեխեքը չզոհվեն, պայմանագրայինի մահանալը ոչի՞նչ, թող ինքը գնա մեռնի՞՚: Սա շատ վատ արգումենտ է՝ բարոյական տեսանկյունից: Իհարկե, թող պայմանագրայինները գերակշռեն: Մի նման բան ասեմ՝ պայմանագրայիններ, սպաներ կարող են լինել, որ իրենց այնքան ճիշտ չպահեն դիվերսիաների ժամանակ, ինչպես՝ ժամկետայինները, որոնք մինչև վերջ կռիվ են տալիս: Հիշենք Ազատ Ասոյանին, Արարատ Խանոյանին, որ մինչև վերջին շունչը կռվեցին (Ազատ Ասոյանը զոհվել է հուլիսի 31-ին իր մարտական ընկերների հետ ԼՂՀ հյուսիսային հատվածում հակառակորդի կողմից ձեռնարկված դիվերսիոն գործողությունը հետ մղելու ժամանակ, իսկ հակառակորդը կրել է բազմաթիվ կորուստներ և հետ շպրտվել ելման դիրքեր։
Ասոյանի հետ միասին զոհվել է նաև նրա ծառայակից ընկեր Արարատ Խանոյանը.- Մ.Պ.): Հասկանում եմ ծնողի սիրտը, երբ չի ուզում տղան առաջնագիծ գնա, բայց չեմ հասկանում նրանց, որ ուրախանում են՝ էրեխեն հիվանդ է, բանակ չի գնա, բայց այդ հիվանդությունից կարող է 2 տարի հետո մահանալ: Ի՞նչ է, մեր ծնողինը սիրտ չէ՞, իմ ծնողինը….Մենք ենք ընտրել այդ ճանապարհը, բայց գիտակցում ենք՝ ինչի համար ենք բարձրանում դիրք: Ամեն մեկն իր էրեխուն պիտի բացատրի՝ ինչի է պետք բարձրանալ»:
Առավել մանրամասն՝ սկզբնաղբյուր կայքում։