Մամուլ

«Ես 13 տարի չեմ հղիացել, իմ թանկ երեխեն էր»․ 16-ամյա աղջկա մայրը պատմում է

«Ես 13 տարի չեմ հղիացել, իմ թանկ երեխեն էր»․ 16-ամյա աղջկա մայրը պատմում է։ Մայրը համոզված է, որ Սառայի և նրա սպանության մեջ կասկածվող 26-ամյա Ռաֆայել Սուքիասյանի միջև սեռական հարաբերություններ չեն եղել։ Կասկածյալին միայն սպանության մեղադրանք է առաջադրվել։ Աղջիկը սպանության հաջորդ օրը 16–ամյակը պիտի նշեր տանը։

Sputnik Արմենիան գրում է․ Հայաստանի մարզային քաղաքներին բնորոշ հասարակ հինգհարկանի շենքի ամենավերջին շքամուտքի դիմաց երեք միանման ծաղկեպսակներ են դրված։ Առաջինի սգո ժապավենի վրա գրված է «մայրիկից», երկրորդինի վրա` «մորաքրոջից», երրորդինի վրա` «տաքսի «Գետափից»։

Ծաղկեպսակների մոտ ամենասովորական դագաղի կափարիչ է, որի վերևում էլ ամենասովորական լամպ է վառվում։

Սակայն հանգուցյալը, որին նվիրված է այս ամենը, ցավոք, ամենևին էլ սովորական չէ։ Հունվարի 5-ին` Սուրբծննդյան գիշերը, Երևանի բնակարաններից մեկում հայտնաբերվել էր Սառա անունով անչափահաս աղջկա դին։ Աղջիկը, որին խեղդելով էին սպանել, Արտաշատ քաղաքից էր։ Նրա սպանության մեջ կասկածվող 26-ամյա Ռաֆայել Սուքիասյանն արդեն կալանավորված է և խոստովանական ցուցմունք է տվել։

Հյուրասենյակի կենտրոնում, բաց շագանակագույն դագաղում պառկած է աղջիկը` ճակատն ու վիզը փակ, քանի որ երեխայի մարմնի այդ հատվածներում կապտուկներ կան։ Դագաղի մոտ նստած լալիս են տարբեր տարիքի կանայք։ Դեռ առավոտյան ժամը 11-ն է, Սառայի հուղարկավորությունը տեղի կունենա ժամը 14-ին, այնպես որ բնակարանում դեռ միայն ամենահարազատներն են հավաքվել։

Կանայք սուր են արձագանքում անծանոթների,  տվյալ դեպքում իմ հայտնվելուն։ Մոտենում է Սառայի մայրը` Նելլի Կարապետյանը։

Ռաֆայել Սուքիասյան

– Դուք ո՞վ եք։

– Լրագրողներ ենք։

– Ի՞նչ։ Ինչի՞ եք եկել։ Էլի շոո՞ւ պիտի սարքեք։ Գնացեք։

Կինը լացում ու խոհանոց է գնում` իր հետևից շրխկացնելով դուռը։ Դռան հետևից հեծկլտոց է լսվում։

– Աստված ջան, ախր ինչի՞ համար։ Ինչի՞ համար…

Գործընկերս դուրս է գալիս բնակարանից։ Ես պայուսակիցս հանում եմ հանգստացնող հաբը, որը վերցրել էի ինձ հետ` իմանալով, թե ուր եմ գալու։ Մտնում եմ խոհանոց և հանգստացնող հաբը մեկնում կնոջը։

– Երբ հորքուրս մահացավ, մենակ էս էր ինձ փրկում։

– Իսկ էդ ի՞նչ է։

Ասում եմ դեղի անունը, կինը քմծիծաղ է տալիս, թե դստեր մահից հետո ավելի ուժեղ դեղեր է խմել, բայց իմ հաբը ամեն դեպքում վերցնում է։ Կիսաջղային նայում է ինձ.

– Ես երեկ զանգահարել եմ ձեր գործընկերոջը ու ինչ ասես ասել… (նկատի ունի լրագրողին, որը հրապարակել էր մեռած երեխայի լուսանկարը)։ Թող ինձ իմ վշտի հետ հանգիստ թողնեն։ Իմ թանկ երեխեն էր։ Ես 13 տարի չեմ հղիացել, հասկանո՞ւմ ես։ Ու Սուրբ ծննդին էր ծնվել…

– Ու էդ օրն էլ սպանեցին նրան…

– Հա, – հեծկլտում է կինը, – երեխես ինձ հետ էր ապրում` էստեղ։ Երևան էր գնացել ծնունդը նշելու ընկերների հետ։ Մենք որոշել էինք, որ հունվարի 5-ին նա ընկերների հետ ծնունդը կնշի Երևանում, իսկ 6-ին` տանը, ընտանիքի հետ։ Ես նրան 15 հազար դրամ էի տվել ծնունդը նշելու համար։ Ու էդ անտեր փողի, կոտրված հեռախոսի ու պլանշետի համար, որ անգամ իրանը չէր, նրան սպանեց էդ … (հայհոյանք)։ Կայքերում ստում են, էդ տղեն նրան ձեռք չի տվել (նկատի ունի սեռական հարաբերությունը)։

Ռաֆայել Սուքիասյան

Վարձով բնակարանում, որտեղ գտել են Սառայի դին, ապրում էր նրա ընկերուհին։ Սառայի հեռախոսը կոտրվել էր, չէր աշխատում, նա ծանոթներից մեկից ժամանակավոր վերցրել էր պլանշետը, որը զանգելու հնարավորություն էլ ուներ։ Երեկոյան Սառան զանգահարել էր մայրիկին, ասել, որ պլանշետի մարտկոցը շուտով կնստի, գնում է ընկերուհու տնից իրերը վերցնի, հետո Արտաշատ կվերադառնա։

Երբ Սառան գիշերը չի վերադարձել, մայրը մտածել է, որ աղջիկը որոշել է ծննդյան օրը շարունակել նշել մայրաքաղաքում, գիշերը կմնա ընկերուհու մոտ և տուն կվերադառնա առավոտյան։ Սառան շաբաթվա ընթացքում մի քանի անգամ Երևան էր գնում դիմահարդարման մասնավոր դասընթացների. լավ մասնագետ դառնալու նպատակ ուներ։ Երբեմն գիշերում էր այդ ընկերուհու տանը։

Նելլի Կարապետյանը սարսափելի լուրն առավոտյան իմացել է աշխատավայրում։ «Գետափ» տաքսի ծառայության (այնտեղ է աշխատում կինը որպես դիսպետչեր) գործընկերը բարձրաձայն կարդացել է խեղդամահ եղած աղջկա մասին լուրը և ցույց տվել այն նույն լուսանկարը, որում երևում էին աղջկա ոտքերը։ Մայրը երեխային ճանաչել է ոտքերից…

«Ինչ էլ ասեի, երեխեն բոբիկ ոտքերին էր կոշիկ հագնում։ Իրան մերկ չեն գտել, ես խոսել եմ քննիչների հետ։ Նրան ո՛չ բռնաբարել են, ո՛չ էլ ձեռք են տվել։ Էդ տղան խփել է աղջկաս ճակատին, հետո խեղդել, մարմնին կապտած տեղերը կան», – դողացող ձայնով պատմում է Սառայի մայրը։

Ռաֆայել Սուքիասյանին, որը կասկածվում է աղջկա սպանության մեջ, մեղադրանք է առաջադրվել ըստ ՀՀ ՔՕ 104-րդ հոդվածի 2-րդ մասի 8-րդ կետի` սպանություն շահադիտական դրդումներով։ Բռնաբարության, սեռական բնույթի բռնի գործողությունների մեղադրանք չի առաջադրվել։

ՀՀ քրեական օրենսգրքի համաձայն` սեռական հարաբերություններ կարելի է ունենալ 16 տարեկանից։ Հաշվի առնելով, որ մահվան պահին Սառայի 16 տարեկանը դեռ չէր լրացել (15-ամյակի վերջին օրն էր), եթե նրա և Սուքիասյանի միջև սեռական հարաբերություններ լինեին նույնիսկ փոխադարձ համաձայնությամբ, տղամարդուն պետք է մանկապղծության մեղադրանք առաջադրվեր։ Բայց նման մեղադրանք նույնպես չկա։ ՀՀ քննչական կոմիտեի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնի պետ Նաիրա Հարությունյանը սպանված աղջկա և կասկածյալի միջև սեռական հարաբերության մասին հարցին այսպես պատասխանեց.

«Քանի որ մահացածն անչափահաս է, մենք գործի մանրամասները չենք բարձրաձայնում։ Նրա հարազատներն էլ չեն ցանկանում, որ գործը հանրայնացվի։ Այն ամենը, ինչ ուզում եք իմանալ, կարող եք հասկանալ առաջադրված մեղադրանքից»։

Ռաֆայել Սուքիասյանին բերման են ենթարկել հունվարի 6-ին Աբովյան փողոցից, նրա մոտ հայտնաբերել են 10 հազարանոց թղթադրամ, աղջկա հեռախոսն ու պլանշետը։ Տղամարդը պատմել է, որ Սարյան փողոցում գտնվող փոստ է գնում` պլանշետը վաճառելու (Երևանում այս վայրը հայտնի է օգտագործված տեխնիկայի առուվաճառքով)։

– Քննիչները ինձ հանգստացնում էին` գիտես, նրան բանտում ինչ օրի կհասցնեն, ինչ դժոխքում է ապրելու։ Բայց էդ սաղ` ինձ ի՞նչ։ Ասենք թե ծեծեն, հաշմանդամ դառնա, հետո՞։ Ասենք թե սատկի։ Մեկ է` ոչինչ չի փոխվելու։ Աղջիկս արդեն չկա։ Նրան ոչ ոք չի կարող վերադարձնել։ Դատավորը կվերադարձնի՞։ Նիկոլը կվերադարձնի՞ ։ Եկել եք, հարցեր եք տալիս, դուք նրան կվերադարձնե՞ք։ Ասում են` իբր էդ տղեն հոգեկան շեղումներ ունի։ Նա պաշտպանության նախարարությունում էր աշխատում, ես հազար անգամ փորձել եմ այնտեղ աշխատանքի տեղավորվել, ինձ չեն վերցրել սրտիս խնդրի պատճառով։ Ո՞նց կարող էին ուրեմն խելագարի վերցնել։ Սուտ է, ընդհանրապես հոգեկան չէ։

Սուքիասյանի հոգեկան խանգարման մասին ԶԼՄ–ները սկսեցին գրել երեկվանից։ Մինչ տղամարդու կալանավորումը հայտնի էր դարձել, որ նա հրաժարվել է պաշտպանի ծառայություններից։ Սակայն ավելի ուշ նրա ծնողները, այնուամենայնիվ, փաստաբան վարձեցին, որն արդեն հայտարարել է, որ իրենք բողոքարկելու են Սուքիասյանի կալանավորման մասին դատարանի որոշումը։

Սառայի մայրը հազիվ լսելի ձայնով ասում է.

– Եթե նրա պապան ողջ լիներ, էս ամեն ինչը չէր լինի…

– Ե՞րբ է մահացել պապան։

– Սառան 6 տարեկան էր, ամուսինս հիվանդությունից մահացավ։ Երկրորդ ամուսինս էր, առաջինն ամուսնալուծվեց ինձ հետ անպտղությանս պատճառով։ Սառայի հոր մահից հետո ես շարունակում էի երեխային ամեն ինչով ապահովել։ Հարևաններին էի սրսկում փողով, ուսանողների համար ռեֆերատներ գրում, աշխատում երկու տեղ։ Նա երբեք ոչ մի բանի կարիք չի ունեցել… Ու ես էլ իրան երբեք չեմ զանգի, հարցնեմ` ուր ես։ Տեղը հաստատ կիմանամ արդեն… Ո՞նց եմ առանց երեխուս ապրելու։ Ի՞նչ եմ անելու։

Ցավակցական խոսքեր եմ ասում ու դուրս գալիս բնակարանից։ Սառայի մայրիկի հետ զրույցի ամբողջ ընթացքում անգիտակցաբար խաղում էի վզիս շղթայի հետ, որից խաչ է կախված։ Միայն շքամուտքից դուրս գալուց հետո վզիս տհաճ ցավ զգացի։

Երբ նույնիսկ ամենաարդար դատարանը, ամենաժողովրդավարական արդարադատությունը չեն կարող վերադարձնել մարդու կյանքը, մնում է հույս դնել միայն Աստծու վրա։ Նույնիսկ եթե աստվածաշնչյան անունով աղջկան սպանում են Հիսուս Քրիստոսի ծննդյան օրը…

Աղբյուր՝ armeniasputnik.am

Կիսվել