Շոու-բիզնես

«2019-ն ինձ քամեց». Իննա Խոջամիրյանի խոստովանությունն ու ծավափնյա հանգստի լուսանկարները

«2019-ն ինձ քամեց»: Իննա Խոջամիրյանն առաջին անգամ Նոր տարին դիմավորել է ծովափին: Դերասանուհին, փախչելով տոնական թոհուբոհից, քրոջ հետ հանգիստը վայելել է Շարմ էլ Շեյխում:

«2019-ն ինձ քամեց. բուռն տարի էր բոլոր առումներով, գերհոգնել էի: Դեկտեմբերին արդեն հաճախ պատահում էր՝ չէի կարողանում քունս առնել, արթնանալ: Աշխատանքից 20-25 րոպե ուշանում էի: Կարիք կար Նոր տարուն ոչ թե գործ անել, այլ իսկապես հանգստանալ:

Այս տարի շատ անակնկալ կերպով առաջին անգամ որոշեցի արտերկրում դիմավորել տարեմուտը: Ինչ խոսք, Ամանորի զգացողություն չկար. ամառային հագուստով, շամպայնով «Happy New Year» էինք նշում: Ինչ «Happy New Year» ախր, առանց ցուրտ, ձյուն, խոզի բուդ ու բաստուրմա… Անսովոր էր, բայց հաճելի»,-BRAVO.am-ին պատմել է Իննան:

Իննա Խոջամիրյան

Ընտանեկան քննարկման ժամանակ կարծիքները չեն համընկել.«Հայրս հրաժարվեց Եգիպտոսի գաղափարից՝ հավատարիմ մնալով հայկական Ամանորին: Ծնողներս գնացին Ջերմուկ, ես ու քույրս՝ Եգիպտոս: Ամեն ինչ հիանալի էր, ցավոք, կարճ: Կահիրեում տպավորություն էր, որ ես այնտեղ արդեն եղել եմ, չնայած՝ մայրաքաղաքում առաջին անգամ էինք:

Սնահավատ չեմ ու պարանորմալ երեւույթների չեմ հավատում (համենայն դեպս փորձում եմ), ամեն դեպքում թվում էր՝ ես արդեն ապրել եմ այստեղ, միգուցե նախորդ կյանքում: Նորից պիտի մեկնեմ Կահիրե, սիրտս Գիզայի բուրգերում մնաց:): Դեմ չեմ լինի գալիք Տարին եւս երկրից դուրս դիմավորել: Չնայած՝ մինչեւ գալիք Նոր տարի մոտ 365 նոր անելիք կա: Ժամանակը գա` բարին էլ հետը»:

Իննա Խոջամիրյան

Դերասանուհին վերհիշել է նաեւ իր ամենաուրախ Նոր տարին.«Այսօրվա նման հիշում եմ իրադարձությունները, բայց չեմ մտաբերում, թե որ թվականին էր: Տաշիր քաղաքում էինք, այնքան ցուրտ էր, որ փողոցների վրա հաստ սառցե շերտ էր կապել: Տարին դիմավորեցինք, հայրս հարցրեց՝ «Դահուկ կքշե՞ք»: Ու դուրս եկանք դահուկ քշելու քաղաքի փողոցներով: Մինչեւ հիմա հիշելիս ժպտում եմ: Խենթ ընտանիք ենք»:

Նվերներից Իննային եւս անմասն չի մնացել.«Մի շարք նվերներ ունեմ Ձմեռ պապայից, մամայից եւ այլն: Իմ Ձմեռ պապիկն այս տարի բալետի պուանտներ բերեց: Ձեր նախորդ հարցազրույցներից մեկում, հավանաբար, կարդացել էր, որ միշտ երազել եմ բալետ պարել:)»,-եզրափակել է նա:

Իննա Խոջամիրյան

Աղբյուր՝ bravo.am

Կիսվել