Ազատ խոսքՄամուլ

Ժողովուրդն այսօր հայացքը շրջել է Ձեր կողմը. Ռազմիկ Դավոյանի շնորհավորանքը Ռոբերտ Քոչարյանին

Ժողովուրդն այսօր հայացքը շրջել է Ձեր կողմը. Ռազմիկ Դավոյանի շնորհավորանքը Ռոբերտ Քոչարյանին

Բանաստեղծ, հասարակական գործիչ Ռազմիկ Դավոյանը իր ֆեյսբուքյան էջում ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանին ուղղված շնորհավորական ուղերձ է տեղադրել: 

«Մեծապատիվ Նախագահ Ռոբերտ Սեդրակովի՛չ,

Ցավոք, առայժմ այս գրությամբ միայն կարող եմ փաստել, թե որքան բարձր եմ գնահատում Ձեր նվիրումը մեր երկու Հայրենիքներին և ժողովուրդներին, որի ականատեսն եմ եղել՝ մի կարճ ժամանակ աշխատելով Ձեր կողքին:

Մեր ժողովրդին անշնորհակալ կամ ապերախտ չեմ կարող ասել, որովհետև տևական կարիքների մեջ է և ականջը սրած սպասում է, որ այդ կարիքները փարատողը գա, բայց միշտ էլ խաբված է մնում՝ սուտ ու կեղծ խոստումների հեղեղի մեջ, ինչպես պատահեց այս անգամ ևս՝ ճիշտ անկախության առաջին իշխանության նմանությամբ:

Հուսահատությունը շատ ցած է բերում հպարտ գլուխը, մինչև որ պարզվի աչքը խաբկանքների մշուշից, և կարողանա ուղիղ նայել ճշմարտության աչքերին:

Ձեզ հասցեագրված Ամանորի և Ս.Ծննդյան շնորհավորանքի իմ այս շատ կարճ խոսքի մեջ սա ասում եմ՝ լավ իմանալով, որ ասելիքս ինձանից լավ գիտեք:

Գիտեք նաև, որ երկար հակված չի կարող մնալ սեփական սխալը գիտակցող ժողովրդի գլուխը, և վստահեցնում եմ Ձեզ, որ այսօր իսկ հայացքը շրջել է Ձեր և Ձեզ նման սակավաթիվ մարդկանց կողմը, ովքեր կարող են և պիտի ավերողների ավերածը վերաշինեն, խաբկանքի գայթակղության ամոթը սրբեն երեսից:

Ամեն տառապանք պետք է իր հատուցումը ստանա, ամեն սուտ ու կեղծիք ստանա իր արժանի պատիժը: Սա է մեզ արարող Աստծո անխախտելի օրենքը:

Սրտանց շնորհավորում եմ Ձեր, Տիկին Բելլայի, Ձեր զավակների, ողջ ընտանիքի Ամանորն ու Ս.Ծնունդը, և ապավինելով Ձեր զորավոր կամքին, տոկունությանը, հույս եմ փայփայում, որ շուտափույթ ազատության մեջ կկարողանամ սեղմել Ձեր կամքի պես զորավոր նաև ձեռքը»:

Կիսվել