Ժամանց

«Անեթը միշտ մտքիս էր». ինչու Տեր Նշանը կուսակրոն չդարձավ, կամ մեկ օր քահանայի ընտանիքի հետ

«Անեթը միշտ մտքիս էր»։ Սևանում ապրող Տեր Նշան քահանա Սարգսյանի ընտանիքն ուրիշ է. փոքրիկները նեղսրտում են, երբ ներկայացում է չեղարկվում, իսկ կինը, որ տեր հորը ճանաչում է դեռ դպրոցից, ամուսնու մասին խոսելիս փայլում է նոր սիրահարվածի պես։ Քահանայի ընտանիքը հյուրընկալել է Sputnik Արմենիային։

Sputnik Արմենիան գրում է․ Երբեք չէի հանդիպել «ցախավել» բառը գործածող 7 տարեկան երեխայի։ Ալեքը ցույց է տալիս իր սիրելի հանելուկ–գիրքը, որի խառը պատկերներում պետք է տարբեր թաքնված առարկաներ գտնել։ Սկզբում գտնում է պանիրը, հետո` ձեռնոցները, իսկ վերջում` ցախավելը։ Գրական, ավելին` գրքային լեզվով խոսելով` Ալեքը պատմում է, որ դպրոցում իր ամենաչսիրած առարկան «Մայրենի լեզուն» է։

Տեր Նշան

– Իսկ ո՞րն ես սիրում։

– Սպասիր կարդամ` գուշակիր, – ասում է ու գրադարակից հանում դասագրքերից մեկը, բացում ու հայերեն ոտանավոր կարդում։

– Մի րոպե, «Մայրենի լեզվի» դասագի՞րքը չի սա,– զարմանում եմ։

– Չէ, չէ, «Ինքնուրույն ընթերցանությունն» է։

– … Լավ։

Եվ, իսկապես, կարդացող երեխայի համար ձանձրալի են «Մայրենիում» տեղ գտած վերլուծություններն ու հարցերը։ «Ինքնուրույն ընթերցանության» գրքում միայն տողեր են` վերլուծություններն ու հարցերը առանց պարտադրելու թողնելով փոքրիկ ընթերցողին։

Տեր Նշան

Երեք երեխաների սենյակում խաղալիքները վերևի դարակներում են, խաղալիքներից ավելի շատ կիրառվող գրքերը` ներքևում։ Ընթերցանության չափ երեխաները սիրում են թատրոն գնալ։ Մեր հյուրընկալվելու ժամանակ տանը հիասթափության ալիք է. դեկտեմբերի 30-ին պետք է Սևանից Երևան գնային ներկայացում դիտելու, պարզվում է` չեղարկել են։ Երկու փոքրիկները` Ալեքն ու 9-ամյա Նարեն, այդ կապակցությամբ հոնքերը կիտել ու նվնվում են։ Մեծ դուստրը` 12-ամյա Նանեն, հանգստացնում է նրանց.

– Ոչինչ, հունվարի 3-ին էլ կա նույն ներկայացումից։ Այդ օրը կգնանք։

Երեխաների ծնողները` Տեր Նշան քահանա Սարգսյանն ու Անեթ Նավասարդյանը, աշխատում են ամեն շաբաթ երեխաներին ներկայացումների տանել։ Տիկին Անեթը պատմում է.

– Վերջերս գնացել էինք «Մեծապատիվ մուրացկանները» դիտելու, ես Ալեքի համար անհանգստանում էի` ոնց է երկու ժամ անշարժ նստելու։ Բայց այնքան կլանված էր դիտում բեմում կատարվողին, որ ես ներկայացման փոխարեն իրեն էի նայում։

Տեր Նշան

Ալեքին մայրիկի գովեստի խոսքերն ամաչեցնում են.

– Մամ, բայց հիշո՞ւմ ես, որ քեզ անընդհատ հարցնում էի` ինչ է կատարվում։ Իրենց ասածների կեսից շատը չէի հասկանում։

Փոքրիկի անկեղծությունից բոլորս ժպտում ենք, ինչից Ալեքն ավելի շատ է ամաչում ու փախչում սենյակ` հանելուկների գրքի մոտ։

Տեր Նշանը պատմում է, որ 2007-ից են բնակվում Սևան քաղաքի այս տանը։ Երբ իր և Անեթի ծննդավայր Էջմիածնից տեղափոխվել են Սևան, արդեն ամուսնացած էին, մեծ աղջիկն էլ, ինչպես ինքն է ասում «ճանապարհին» էր։

– 2006-ին, երբ դեռ 23 տարեկանս չէր բոլորել, քահանա ձեռնադրվեցի։ Հոգևոր ուղին ընտրելը ճակատագրական պատահականություն էր, մեր տոհմում քահանաներ չկան, ես էլ ակտիվորեն զբաղվում էի սպորտով` ջիու–ջիցու մարտարվեստով, մտածում սպորտային կարիերայի մասին։ Ընկերներիս հետ հաճախ էինք գնում Սուրբ Հռիփսիմե եկեղեցի (Էջմիածնում – խմբ.)։ Մի օր հայր սուրբը մեզ հարցրեց` կուզե՞ք խորանը բարձրանալ։ Եվ այդպես… Ստացվեց։ Սկզբում սովորեցի Սևանի Վազգենյան հոգևոր դպրանոցում, հետո` Էջմիածնի Գևորգյան ճեմարանում։ Ջիու–ջիցուի մարզիչս ասում էր` թող այդ ամենը, դա քո տեղը չէ, – ծիծաղելով հիշում է Տեր Նշանը։

Տեր Նշան

– Իսկ նպատակ կա՞ր կուսակրոն քահանա դառնալու։

– Չէ, չկար։ Անեթը միշտ մտքիս էր…

Անեթի հետ ծանոթացել են դպրոցական տարիքում, ընկերներ են եղել։ Ուսանողական տարիներին, չնայած հեռավորությանը, ավելի են մտերմացել. Անեթը սովորում էր ԵՊՀ–ի տնտեսագիտական ֆակուլտետում։ Հաջորդ տարի կլրանա զույգի ամուսնության 15 տարին, իսկ տիկին Անեթի աչքերը թարմ սիրահարվածությանը համարժեք լույսով են փայլում ամուսնու մասին խոսելիս.

– Մի վայրկյան չեմ երկմտել իր հետ կյանքս կապելու հարցում, իր հետ միշտ ապահով ու երջանիկ եմ զգացել։ Նրա հանգստությամբ, բոլորի մասին հոգ տանելու բնավորությամբ նա պետք է հենց քահանա դառնար ու դարձավ։ 2005-ին ամուսնացանք, 2006-ին քահանա ձեռնադրվեց։ Երբ եկեղեցում որոշում էին` որտեղ Տեր Նշանը անցնի հոգևոր ծառայության, հիմնվում էին նաև իմ մասնագիտության վրա, որ ես` տնտեսագետս, աշխատելու հնարավորություն ունենամ։ Միացյալ Նահանգներ գնալ էին առաջարկում։ Բայց քանի որ ես արդեն երեխայի էի սպասում, խնդրեցինք Հայաստանում մնալ։ Մեզ Սևան ուղղորդեցին։ Հիմա ես երկու տեղ հաշվապահ եմ աշխատում` Սևանի դպրոցներից մեկում ու Գեղարքունիքի թեմում։

Նարեն, որ ուշադիր լսում է` ինչպես եմ հարցուփորձ անում իր ծնողներին, որոշում է նույնպես անմասն չմնալ.

– Պապ, պապ, մի հարց տամ էլի։ Ինձ որ հարցնում են` քո հայրիկը ի՞նչ մասնագետ է, պատասխանում եմ` տեր հայր է, ասում են` դա նույն տերտե՞րը չի։ Ու ես ասում եմ` չէ։ Ճի՞շտ եմ ասում։

Տեր Նշան

– Ճիշտ ես ասում, Նարե ջան։ Ամուսնացած քահանաներին «տեր հայր» են կոչում։

Ընտանիքում ակտիվորեն պատրաստվում են Ամանորին և Սուրբ ծնունդին։ Ամեն տարի ավանդաբար դեկտեմբերի 1-ին տեղադրում են տոնածառը, բայց զարդարում դեկտեմբերի 7-ից` 1988-ի երկրաշարժի հիշատակի օրվանից հետո։ Փոքրերը Ձմեռ պապից նվերներ են ուզում ծնողների միջոցով. այս տարի նամակներ չեն գրել։ Սարգսյանների տան զարդարանքը, սեղանի ուտելիքները և տոնական տրամադրությունը հայկական այլ ընտանիքներից գրեթե չեն տարբերվում, սակայն դեկտեմբերի 31-ը նրանք յուրովի են անցկացնում։

Սեղանի շուրջ ընտանիքը նստում է ոչ թե գիշերվա 11-ին` մեծամասնության պես, այլ երեկոյան 7–ին։ Ժամը 10-ից արդեն ընտանիքը Սևանի Սուրբ Հրեշտակապետաց եկեղեցում է։ Տեր Նշանը Նռան օրհնության և Մաղթանքի կարգ է կատարում։ Նոր տարին ընտանիքը եկեղեցի եկած սևանցիների հետ դիմավորում է եկեղեցում։

Չգիտեմ` Լև Տոլստոյը քանի երջանիկ ընտանիք էր տեսել, որ համարում էր` նրանք բոլորն իրար նման են։ Իմ կարծիքով` գյուղում ապրող երջանիկ ընտանիքը տարբերվում է քաղաքում ապրող երջանիկ ընտանիքից, մեկ երեխա ունեցող երջանիկ ընտանիքն էլ տարբերվում է բազմազավակ երջանիկ ընտանիքից… Իսկ հոգևոր կյանքը հիմքում ունեցող ընտանիքի երջանկությունը լրիվ այլ գույներ ունի` դպրոցահասակ երեխայի տխրությամբ, որ ներկայացումը չեղարկվել է, և ուրախությամբ, որ հյուր եկած լրագրողները, փաստորեն, բարի մարդիկ էին…

Աղբյուր՝ armeniasputnik.am

Կիսվել էջում