Մամուլ

«Ցավոտ կատետորը փրկեց ինձ, նրանց էլ կփրկի». քաղցկեղը հաղթահարած երեխաները մեդալներ ստացան

Քաղցկեղը հաղթահարած տասնյակ երեխաներ Ձմեռ պապից նվերներ ստացան։ Նրանց պատմությունը ուժ և հույս է տալիս այն փոքրիկներին, որոնք պայքարում են քաղցկեղի դեմ։

Sputnik Արմենիան գրում է․ Քաղցկեղը հաղթահարած 13-ամյա Անի Իվանյանը հիշում է, որ հիվանդության առաջին օրերից որոշել էր` պայքարելու է, որովհետև պարտվել չի սիրում, որովհետև պարտվելը ցավոտ է, իսկ խոչընդոտները մեր կյանքում հենց այն պատճառով են ծնվում, որ դրանց ժպիտով հաղթենք։

«Սկզբում ամեն ինչ վատ էր, շփոթված էի, ամեն օր արթնանում էի հիվանդանոցում ու ինձ համոզում, որ վաղը տանն եմ արթնանալու… Հարմարվեցի, հասկացա, որ ստեղծված իրավիճակում պայքարել է պետք»,-պատմում է աղջնակը։

Քաղցկեղը հաղթահարած

Պրոֆեսոր Ռ.Հ. Յոլյանի անվան արյունաբանական կենտրոնի դահլիճում այսօր տոն էր։ Քաղցկեղը հաղթահարած տասնյակ երեխաներ եկել էին իրենց հաղթական մեդալներն ու Ձմեռ պապից այդքան սպասված նվերները ստանալու, նաև հույս տալու այն փոքրիկներին, որոնք պայքարում են քաղցկեղի դեմ։

9 տարի շարունակ Ամանորն այս հիվանդանոցում տոն է դառնում ի շնորհիվ «Առողջության կամուրջ-Արմենիա» հիմնադրամի։

Ամիսներ առաջ ծնունդով Գորիսից աղջնակի` Անի Իվանյանի մոտ բժիշկները հայտնաբերեցին քաղցկեղ։ Սակայն ընդամենը երկու կուրս բուժում ստանալուց հետո, բժիշկների ջանքերով աղջիկը ապաքինվեց։

Քաղցկեղը հաղթահարած

«Այս ամիսների դրական կողմն այն է, որ շատ ընկերներ ձեռք բերեցի։ Հիմա նրանց հաճախ եմ այցելում, նվերներ եմ բերում ու հավատացնում, որ մի օր տանն են արթնանալու, ու ամեն ինչ լավ է լինելու։ Ցավոտ կատետորն ու ասեղները փրկեցին ինձ ու նրանց էլ են փրկելու»,– դեմքին լայն ժպիտով ասում է Անին։

Անհնար է չնկատել նրա մեծ հավատը կյանքի հանդեպ։ Ու երբ նրա պատմությունից հուզմունքս չկարողացա զսպել, Անին գրկեց ինձ, իր նուրբ մատներով սրբեց արցունքներս ու հասուն աղջկա նման ասաց. «Մենք այստեղ սովորել ենք ուժեղ լինել ու բժիշկներին լսել, որ շուտ ապաքինվենք, մի լացիր»։

Քաղցկեղը հաղթահարած

Անիի երազանքը մեկն է` որ բոլոր երեխաներն առողջ լինեն։ Փոքր ժամանակ ցանկացել է բժիշկ դառնալ, բայց երբ հայտնվել է հիվանդանոցում, փոշմանել է, հրաժարվել իր երազանքից։ Սակայն հիմա, երբ արդեն քաղցկեղն անցյալում է, կրկին որոշել է`այլ տարբերակ չկա, բժիշկ է դառնալու, չէ որ իր կյանքի գլխավոր երազանքը միայն այդպես կարող է իրականացնել։

Իր հաղթական մեդալի հետևից էր եկել նաև 8–ամյա Էլեն Մկրտչյանը։ Այս փխրուն աղջնակը մեկ տարի շարունակ պայքարել է Յուինգի սարկոմայի դեմ ու այն հաղթահարել։ Ճիշտ է, փոքրիկն այժմ զրկվել է իր գեղեցիկ մազերից, փոխարենը Ձմեռ պապից իր հասակի տիկնիկ է ուզել , որը պարտադիր երկար մազեր ունենա։ Ու անպայման վարսահարդարման գործիքներ, որ իր տիկնիկի մազերը միշտ հարդարի։

Քաղցկեղը հաղթահարած

«Ես այսօր գեղեցիկ հագնվել եմ ու ժպտում եմ, որ իմ ընկերներն էլ ուրախանան։ Նրանց մաղթում եմ, որ անպայման առողջանան»,–ասաց Էլենը։

Երեխաները, որոնք չնայած ժամանակից շուտ են հասունացել, միևնույն է, շարունակում են հավատալ Ձմեռ պապին ու նրանից նվերները խնդրել։

Ըստ վիճակագրության` քաղցկեղով հիվանդ երեխաների 70 տոկոսը հաղթահարում է հիվանդությունը, չէ որ այս կյանքում հրաշքների մեծ մասը բաժին է հասնում երեխաներին։

Աղբյուր՝ armeniasputnik.am

Կիսվել