«Հասկացել եմ, որ ինչքան շատ ես խոսում երազանքներիդ մասին, այնքան դրանք չեն կատարվում». Հասմիկ Կարապետյան
«Հասկացել եմ, որ ինչքան շատ ես խոսում երազանքներիդ մասին, այնքան դրանք չեն կատարվում»։ Հասմիկ Կարապետյանի և Շանթ Քիրմիզյանի համար դեկտեմբերի 15-ը տոնական է: Երեկ նրանք նշել են իրենց դստեր՝ Տաթևի տարեդարձը: Պարելու և նկարելու սիրահար աղջնակի 3-ամյակը ծնողները տոնել են նրա նախընտրած տարբերակով:
«Մեծ խնջույքները դեռ իրեն հետաքրքիր չեն: Նրան ուրախացնելու համար որոշեցինք այցելել երևանյան ժամանցի կենտրոններից մեկը, որտեղ կկարողանար խաղալ և հետաքրքիր ժամանակ անցկացնել»,-BRAVO.am-ին պատմել է երգչուհին:
Ծնողներն օգնել են Տաթեւին տոնական տորթի մոմերը փչելու հարցում. «Բոլոր տարեդարձերին գեղեցիկ տորթեր է ունեցել, այս տարին էլ բացառություն չէր: Շատ նպատակներ ունենք իր հետ կապված, բայց ամենակարեւորն այն է, որ կարողանա իր ճիշտ տեղը գտնել կյանքում, լավ մասնագիտություն ընտրի, հաղթահարի բոլոր խոչընդոտներն ու միշտ առաջ շարժվի: Ուզում եմ երջանիկ ու հաջողակ լինի»:
Նրանք Նոր տարին Երեւանում են նշելու. «Այն չեմ ասոցացնում համադամ ուտեստների, ճոխ սեղանների հետ: Ամանորն ինձ համար հրաշքի սպասում է, գեղեցիկ, փայլփլուն խաղալիքներով զարդարված տոնածառն ու հեքիաթային մթնոլորտը»:
Հասմիկի հետ ամփոփել ենք անցնող տարին. «2019 թվականը լավ տարի էր. կորուստներ չենք ունեցել, առողջ ենք, աշխատում ենք, ընտանեկան ուրախ կյանք ունենք: Միայն որպես երգչուհի կարող եմ ասել, որ դատարկ տարի էր. այնքան էի տարվել ընտանիքովս, որ չեմ հասցրել ստեղծագործել»:
Չի սիրում խոսել սպասելիքների եւ անելիքների մասին. «Հասկացել եմ, որ ինչքան շատ ես խոսում երազանքներիդ մասին, այնքան դրանք չեն կատարվում: Միայն կուզեմ, որ 2020-ը հաջող տարի լինի, առողջ լինենք: Եթե գաղտնի երազանքներիս գոնե կեսն իրականանան, արդեն իսկ երջանիկ կլինեմ: Ընտանիքի համալրման ցանկության մասին էլ մի բան կասեմ՝ ամեն բան Աստծո ձեռքերում է»:
Երգչուհին հավատում է Ամանորի խորհրդին. «Դեռ մանկուց եմ հավատացել հրաշքների գոյությանն ու անպայման Ձմեռ պապիկին նամակ եմ գրել: Առհասարակ, կարծում եմ, որ եթե մի բանի մասին շատ ես մտածում ու երազում, ու այդ երազանքն արդար է եւ ոչ ոքի չի վնասում, անպայման իրականանում է: Վերջին երեք տարիներին իմ բոլոր երազանքները նվիրված են դստերս՝ Տաթեւին»:
Աղբյուր՝ Bravo.am